Քվանտային էլեկտրադինամիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քվանտային էլեկտրադինամիկա, էլեկտրամագնիսական դաշտի և լիցքավորված մասնիկների փոխազդեցության քվանտային տեսություն։ Քվանտային էլեկտրադինամիկա ասելով հաճախ հասկանում են դաշտի քվանտային տեսության այն մասը, որն ուսումնասիրում է միայն քվանտացված էլեկտրամագնիսական և էլեկտրոնա-պոզիտրոնային դաշտերի փոխազդեցությունը, սակայն քվանտային էլեկտրադինամիկա կիրառելի է բոլոր լիցքավորված լեպտոնների և ուժեղ փոխազդեցության չենթարկվող այլ մասնիկների ու էլեկտրամագնիսական դաշտի փոխազդեցության համար։

Էլեկտրամագնիսական դաշտի քվանտները ֆոտոններ են։ Քվանտային էլեկտրադինամիկայում երկու լիցքավորված մասնիկների փոխազդեցությունը դրանց միջև վիրտուալ ֆոտոնների փոխանակման արդյունքն է։ Քվանտային էլեկտրադինամիկան նկարագրում է ամենաբազմազան պրոցեսներ՝ մարմինների ջերմային ճառագայթում, Քոմփթոնի էֆեկտը, արգելակման ճառագայթումը, ատոմներից ու ավելի բարդ համակարգերից ֆոտոնների առաքման և կլանման երևույթները, էլեկտրոն-պոզիտրոնային անիհիլացումը, զույգերի առաջացումը և այլն։ Սակայն քվանտային էլեկտրադինամիկայի համար ամենաբնորոշը այն երևույթներն են, որոնք կապված են էլեկտրամագնիսական և էլեկտրոն-պոզիտրոնային դաշտերի ֆլուկտուացիաների հետ (վակուումի բևեռացում)։ Դաշտի քվանտային տեսության համար յուրահատուկ այս երևույթների հետևողական ուսումնասիրությունն էլ հենց հիմք է ծառայել արդի քվանտային էլեկտրադինամիկայի ստեղծման համար (Սինյիտիրո Տոմոնագա, Յուլիուս Շվինգեր, Ռիչարդ Ֆեյնման

Քվանտային էլեկտրադինամիկայի տպավորիչ հաջողությունները վճռական ազդեցություն են ունեցել մյուս փոխազդեցությունների տեսության զարգացման վրա։ Այդ տեսությունները կառուցվում են քվանտային էլեկտրադինամիկայի նմանությամբ՝ հիմնվելով այսպես կոչված տեղային տրամաչափարկման ինվարիանտության վրա, երբ դաշտն ինքը հանդես է գալիս որպես տրամաչափարկման դաշտ։ Տրամաչափարկման սկզբունքը հնարավորություն է տվել քվանտային էլեկտրադինամիկան միավորել թույլ փոխազդեցության տեսության հետ, այնպես որ քվանտային էլեկտրադինամիկան կարելի է ներկայացնել որպես էլեկտրամագնիսական և թույլ փոխազդեցությունների (էլեկտրաթույլ փոխազդեցություն) միասնական տեսության բաղկացուցիչ մաս։ Բացառված չէ, որ ըստ տրամաչափարկման սկզբունքի և՛ ուժեղ, և՛ գրավիտացիոն փոխազդեցությունները, ինչպես և բնության բոլոր փոխազդեցությունները միասնական ունիվերսալ փոխազդեցության տարբեր դրսևորումներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։