Ցիտոպլազմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիտոպլազմա
Տեսակբջջի բաղադրիչ
Ենթադասcellular anatomical entity?[1]
Մասն էintracellular anatomical structure?[1]
MeSHA11.284.430.214
Foundational Model of Anatomy66835
Terminologia HistologicaH1.00.01.0.00004
Նկարագրված էThe New Student's Reference Work
 Cytoplasm Վիքիպահեստում

Ցիտոպլազմա կամ բջջապլազմա, բջջի կիսահեղուկ կենդանի պարունակությունն է՝ բացի բջջակորիզից ու կիսահեղուկ ներքին միջավայրը։ Ցիտոպլազման կարծես հանքային աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է[2]։

Հայտնագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիտոպլազման հայտնաբերել է Յա Պուրկինյեն 1830 թ.։ «Ցիտոպլազմա» տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից[2]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ[3][4]։

Խտության այս փոփոխությունը նպաստում է՝

  • ներբջջային նյութերի տեղաշարժմանը
  • միջբջջային նյութափոխանակությանը
  • օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։

Ցիտոպլազման կազմված է՝

  • Ավելի պինդ՝ պլազմոգել կամ էկտոպլազմա
  • Ավելի հեղուկ՝ պլազմոզոլ կամ էնդոպլազմա։

Ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակի, սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ։ էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում են թիթեղանման կառուցվածքներ կամ 3-4 նմ հաստությամբ զույգերով դասավորված թաղանթներ, որոնք առաջացնում են տափակ ճյուղավորված խողովակներ՝ ռետիկուլում։ Դա էնդոպլազմային ցանցն է[3]։ Ցիտոպլազման արտաքինից սահմանազատված է բջջային մեմբրանով՝ պլազմոլեմայով, իսկ ներսից կորիզաթաղանթով։ Բուսական բջիջներին հատուկ է նաև ներքին՝ բջջահյութը սահմանազատող մեմբրանը, որն առաջացնում է վակուոլ։ Ցիտոպլազման ընդունակ է շարժման։ Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր։ Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ցիտոպլազմայի ոչ մշտական կառուցվածքներ են։ Ցիտոպլազման ունի որոշակի ռեակցիա, բջիջների մեծ մասում այն թույլ հիմնային է[2]։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիտոպլազմայի բաղադրության մեջ մտնում է՝

Հիալոպլազմայի կազմի մեջ նաև մտնում են տարբեր ներառուկներ՝ պահեստային սննդանյութեր, նյութափոխանակության արգասիքներ, մանրագույն սպիտակուցային թելիկներ[4]։

Ֆունկցիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • կազմում է բջջի ներքին հեղուկ միջավայրը
  • բջջին տալիս է ամրություն, ճկունություն
  • ապահովում է միջավայր քիմիական ռեակցիաների համար
  • ներբջջային նյութերի տեղաշարժի ապահովում
  • միջբջջային նյութափոխանակության ապահովում
  • օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Gene Ontology release 2019-10-07 — 2019-10-07 — 2019.
  2. 2,0 2,1 2,2 Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 44
  3. 3,0 3,1 Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 108-110
  4. 4,0 4,1 4,2 Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 20-21
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիտոպլազմա» հոդվածին։