Տպագրական մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տպագրական մեքենա պոլիգրաֆիական, ծառայում է գրքերի, բրոշյուրների, թերթերի, ամսագրերի, պիտակների, պլակատների, փաթեթավորման արտադրանքի տպագրության համար։ Բացի պոլիգրաֆիական տպագրական մեքենաներից, կան նաև թիթեղի, փաթեթավորման ստվարաթղթի, ապակու, պլաստմասսայի վրա տպագրող, ինչպես նաև ինֆորմացիան ու ծառայողական փաստաթղթերը օպերատիվ բազմացնող տպագրական մեքենաներ։ Հիմնական հանգույցներն են տպագրական (ներկը տպաձևից փոխադրում է թղթի վրա), ներկատու (ներկը քսում է տպաձևին) ապարատները, թղթատար համակարգը (թուղթը մատուցում է տպագրական ապարատին և մեքենայից հանում տպվածքը), տպագրված արտադրանքն ընդունող և մշակող լրացուցիչ հարմարանքները, հաղորդակը և մեքենայի կառավարման համակարգերը։ Ըստ տպագրական ապարատի կառուցվածքի տարբերում են ռոտացիոն, հարթ տպագրության և տիգելավոր տպագրական մեքենաներ։ Ռոտացիոն տպագրական մեքենան առավել արտադրողական տպագրական սարքավորում է։ Նայած մատուցվող նյութի տեսակին, տպագրական մեքենաները լինում են թերթավոր և ժապավենավոր։ Թերթավոր ռոտացիոն մեքենաները հիմնականում նախատեսված են բարձրորակ բազմագույն արտադրանքը տպագրության բոլոր հիմնական եղանակներով (խոր տպագրություն, օֆսեթ տպագրություն) տպագրելու համար։ Կախված տպագրական բաժանմունքների թվից՝ մեքենաները լինում են միայն երկար և քառագույն։ Կան նաև պլանետար տպագրական ապարատով տպագրական մեքենաներ, որոնցում մեկ տպագրական թմբկագլանի հետ կոնտակտի մեջ են գտնվում մի քանի տպաձևի թմբկագլաններ։ Բարձր տպագրության ռոտացիոն թերթավոր մեքենաներում որպես տպաձև օգտագործվում են ստերեոտիպեր կամ գալվանաստերեոտիպեր, ինչպես նաև ֆոտոպոլիմերներից, կաուչուկից կամ միկրոցինկից պատրաստված լրիվ չափսերի 0,8 մլս է հաստության ճկուն տպաձևեր։ Առավել լայն տարածում են ստացել օֆսեթ տպագրության թերթավոր մեքենաները։ Խոր տպագրության թերթավոր մեքենաներն ունեն սահմանափակ տարածում։ ժապավենավոր ռոտացիոն մեքենաները թողարկվում են բարձր, օֆսեթ և խոր տպագրության համար։ Ըստ նշանակման ստորաբաժանվում են թերթեր և գրքեր–ամսագրեր տպագրող ժապավենավոր մեքենաների։ Առավել տարածում են ստանում օֆսեթ տպագրության ժապավենավոր մեքենաները, որոնք, առաջին հերթին, կիրառվում են բազմագույն երկկողմանի գրքեր–ամսագրեր, ինչպես նաև պատկերազարդված թերթեր տպագրելու համար։

Հարթ տպագրության տպագրական մեքենաները նախատեսված են միայն բարձր տպագրության եղանակով տպագրության համար, դրանց աշխատանքի արագությունն ավելի փոքր է, քան թերթավոր ռոտացիոն մեքենաներինը, սակայն այդ մեքենաները հնարավորություն են տալիս տպագրությունը կատարել անմիջապես շարվածքի սկզբնական հավաքովի հարթ տպաձևերից կամ կլիշեից։ Արդյունավետ են փոքր տպաքանակների տպագրության դեպքում։ Տարբերում են երկպտույտ, կանգնող թմբուկով և ռեվերսիվ հարթ տպագրական մեքենաներ։

Տիգելավոր տպագրական մեքենաները կիրառվում են ոչ մեծ չափսերի փոքր տպաքանակով արտադրանք տպագրելու համար, թույլ են տալիս տպագրությունը կատարել միայն բարձր տպագրության հարթ տպաձևերից։ Տիգելավոր մեքենաները լինում են թեթև (նախատեսված են պարզ տեքստային արտադրանքի տպագրության համար) և ծանր (պատկերազարդման արտադրանքի տպագրման և ճնշատպման համար)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Куликов Б․ В․, Типографские ротационные печатные машины, М․, 1965.
  • Тюрин А․ А․, Печатные машины, М․, 1966․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։