Տիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիր (այլ կիրառումներ)
Տիր
Տեսակաստվածություն
ԴիցաբանությունՀայկական դիցաբանություն
Սեռարական

Տիր, դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։

Համարվել է Արամազդ աստվածահոր ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակ ու երազների մեկնիչ, նրանց չար ու բարի գործերի գրանցողը, ննջեցյալների հոգիները «անդրշիրիմյան աշխարհ» ուղեկցողը։ Նա մի ամբողջ ամիս զբաղվում էր մարդկանց ծնունդներն ու մահերն իր մատյանում գրանցելով, մնացած տասնմեկ ամիսներն արարչագործության ավիշ էր ներարկում գրողներին, երաժիշտներին, պատկերահաններին և քարագործ-ճարտարապետներին[1]։

Տիր աստծուն Արիական գաղտնագիտության մեջ համապատասխանել է եթերի տարերքը, ինչը խորհրդանշել է գիտելիքը և մարմնավորվել է երկնային ոլորտով։ Այն ժամանակակից գիտության մեջ ունի Իոնոլորտ անվանումը։

Տիրին նվիրված գլխավոր կաճառը կոչվել է Երազամույն կամ Զվարդնոց․ այն այսօր կոչվում է Զվարթնոց։ Երազամույն բառը կազմված է "երազ" արմատից, "ա" հոդակապից և "մույն" արմատից, ինչը նշանակում է՝ վայելչություն։ Երազամույն նշանակում է երազների վայելք։ Տիրի կաճառ է եղել նաև Այրիվանքը՝ ժամանակակից Գեղարդավանքը։ Վանական համալիրի հարող քարանձավները, ուր ուխտավորները, երազանք պահելով, փորձում են քարեր նետել, Տիրի պաշտամունքի մնացուկներն են և ուղղակիորեն վկայում են այնտեղ ժամանակին Տիրի կաճառի գոյության մասին։

Տիրի կաճառ է եղել նաև Մեծամորում, Քարահունջում, Տաթևի և Հաղպատի տեղում։ Տիր աստծուն նվիրված նշանավոր կաճառ կար Արևմտյան Հայաստանի Մշո Սուրբ Կարապետ վանքի տեղում։ Տիրի կաճառ եղել է նաև Սոսյաց անտառում՝ Արմավիր մայրաքաղաքի մոտ, որտեղ բնապաշտ քրմերը բնության երևույթներն են ուսումնասիրել, աստղագիտությամբ զբաղվել։

Տիր աստծո տոնահանդեսը՝ Տիրական։ Հայոց հին տոմարի 4-րդ ամիսը Տիրի անունով կոչվել է Տրե կամ տրի, ծիածանը՝ Տիրական կամ Տրական գոտի։ Նրա անունով են կոչվել Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիճ գյուղերը, ինչպես նաև մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրոց, Տրդատ)։ Հելլենիստական դարաշրջանում հայերը Տիրին են նույնացրել Ապոլլոնին և Հերմեսին։

Տիրը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեառնընդառաջ տոնը Բնապաշտական Կրոնում նվիրված է եղել Տիր աստծուն և կոչվել է Տրնտես (Տիրին տեսության)։ Նրա անվան հետ է կապված «Գրողի տարած», «գրողի ծոցը» արտահայտությունները[փա՞ստ]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խաչատրյան, Հայկ (2003). Հայոց Հնօրյա Զվարճախոսները. Երևան: «Ամարաս». էջ 120.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 15