Տիկին Բովարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիկին Բովարի
ֆր.՝ Madame Bovary
ՀեղինակԳյուստավ Ֆլոբեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրrealist novel?
Մասն էՑանկ արգելված գրքերի
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Emma Bovary? և Q64895263?
Ստեղծման տարեթիվ1856
Նկարագրում էYonville?
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՖրանսիա
Հրատարակման տարեթիվ1857[1]
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/flaubert/bovary/bovary.html
 Madame Bovary (roman) Վիքիպահեստում

«Տիկին Բովարի» կամ «Մադամ Բովարի» (ֆր.՝ Madame Bovary), Գյուստավ Ֆլոբերի վեպն է, որը առաջին անգամ տպագրվել է 1856 թվականին։ Համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ Վեպի գլխավոր հերոսուհին՝ Էմմա Բովարին, բժշկի կին է, որն արտաամուսնական կապեր է հաստատում՝ հույս ունենալով ազատվել գավառական կյանքի դատարկությունից։ Թեև վեպի սյուժեն բավական պարզ է, անգամ բավական ժամանակակից, վեպի իրական արժեքը սյուժեի մանրուքների և մատուցման ձևի մեջ է։ Որպես գրող՝ Ֆլոբերը ցանկանում է ամեն գործ հասցնել կատարելության՝ ձգտելով ճիշտ մատուցել բառերը։ Վեպը տպագրվել է Փարիզի «Ռեվյու դը Պաղի» գրական ամսագրում 1856 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը։

Վեպի հրապարակումից հետո հեղինակին (ինչպես նաև վեպի 2 հրատարակիչներին) մեղադրեցին բարոյական նորմերն արհամարհելու մեջ և անգամ դատական գործ հարուցեցին հեղինակի և ամսագրի խմբագրի դեմ 1857 թվականի հունվարին։ Ստեղծագործության շուրջ առաջացած սկանդալն ավելի հայտնի դարձրեց գիրքը, իսկ 1857 թվականի փետրվարի 7-ին կայացված արդարացման դատավճիռը հնարավոր դարձրեց վեպի՝ առանձին գրքով հրատարակումը։ Մեր օրերում այն համարվում է ոչ միայն ռեալիզմի կարևորագույն գործերից մեկը, այլև գրականության վրա խոշոր ազդեցություն թողած ստեղծագործություն։

Վեպում առկա են գրական նատուրալիզմի առանձնահատկությունները։ Մարդկանց հետ հարաբերություններում Ֆլոբերի կասկածամտությունն առաջացել է վեպին բնորոշ ավանդական դրական կերպարների բացակայության պայմաններում։ Կերպարների բնավորության գծերի զգուշավոր պատկերումը և վեպի չափազանց երկար լինելը հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալու գլխավոր հերոսին և նրա քայլերի իմաստը։ Բարդ դետերմինիզմը հերոսների քայլերում դարձավ ֆրանսիական վեպերի հիմնական մասը։ 19-րդ դարի գավառական կյանքի հաճելիությունը, որտեղ կենտրոնացված են բուրժուական մշակույթի բոլոր տգեղությունները հնարավորություն են տալիս Ֆլոբերին դասել այն գրողների շարքը, ովքեր իրանց ստեղծագործություններում անդրադառնում են ավելի շատ «հակագավառական» թեմատիկային։

Ֆլոբերը Էմմա Բովարիի մարմնի կողքին

Բնավորության զգուշավոր նկարագրությունը, նկարչական անգթությունը դետալներում համարվում են Ֆլոբերի ոճի առանձնահատկությունները։ Սա արտացոլվել է նաև մուլտֆիլմում, որտեղ Ֆլոբերը ներկայացված է կենսաբանի գոգնոցով, ով դիահերձման է ենթարկում Էմմա Բովարիի մարմինը։ Համաձայն 2007 թվականին կատարված հարցումներից հետո «Տիկին Բովարի» վեպը համարվում է բոլոր ժամանակների 2 ամենահայտնի վեպերից մեկը (Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպից հետո)[2]։

Գրականագետ քննադատ Ալեկսեյ Մաշևսկոյի կարծիքով՝ վեպում չկան դրական կերպարներ, չկա հերոս, ով կարող է ընթերցողի կողմից ընդունվել որպես հերոս[3]։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Բովարին, ավարտելով քոլեջը, մոր որոշմամբ սկսում է բժշկությամբ զբաղվել։ Սակայն նա անընդունակ է սովորելու, և միայն մոր ջանքերով ու օգնությամբ է նա ձևակերպվում նորմանդական Տոստ քաղաքի բժիշկ։ Մոր շնորհիվ նա ամուսնանում է տեղացի ոչ այդքան հրապուրիչ մի այրու հետ, որը, սակայն, ապահովված է և 40 տարեկանն անց։ Մի անգամ, կանչով գնալով մի ֆերմերի մոտ, Շառլը ծանոթանում է ֆերմերի հրապուրիչ աղջկա՝ Էմմա Ռուոյի հետ, ում հետ կապվում է։

Կնոջ մահից հետո Շառլն սկսում է ազատ շփվել Էմմայի հետ և որոշ ժամանակ անց որոշում է խնդրել նրա ձեռքը։ Էմմայի մայրը վաղուց մահացել էր, հայրը համաձայնում է և կազմակերպում ճոխ հարսանիք։ Այն ժամանակ, երբ երիտասարդները սկսում են ապրել միասին, Էմման շատ արագ հասկանում է, որ չի սիրում Շառլին և մինչ ամուսնանալը նա չէր հասկանում՝ ինչ է սերը։ Մինչդեռ Շառլը խենթանում էր Էմմայի համար և իսկապես երջանիկ էր նրա հետ։ Էմման ուզում է դուրս պրծնել խուլ գավառից և պնդում է տեղափոխվել Իոնվիլ քաղաք։ Դա չի օգնում, և անգամ նրանց դստեր ծնունդը չի փոխում կյանքի նկատմամբ նրա վերաբերմունքը։

Բայց ահա Իոնվիլում Էմման հանդիպում է մի ուսանողի՝ Լեոն Դյուպյուին, ում հետ ընդմիջման ժամանակ ռեստորանում (այնտեղ, ուր Էմման ամուսնու հետ հաճախ էր լինում) զրուցում են մայրաքաղաքային կյանքի արժեքների մասին։ Բայց Լեոնը երազում էր մայրաքաղաքային կյանքի մասին և շուտով մեկնում է Փարիզ ուսումը շարունակելու նպատակով։ Որոշ ժամանակ անց Էմման ծանոթանում է Ռոդոլֆ Բուլանժեի՝ բավական հարուստ մի մարդու հետ։ Ռոդոլֆն սկսում է հոգ տանել նրա մասին, ասել խոսքեր, որոնց պակասն այնքան էր զգում Էմման և նրանք դառնում են սիրեկաններ անտառում, Շառլի «քթի տակ» կատարվողի մասին նա անգամ գաղափար չէր կարող կազմել։ Շառլը ձի էր գնել Էմմայի համար, ով անտառում զբոսնում էր իր սիրեցյալի հետ։ Ցանկանալով Ռուդոլֆին հաճելին և նվիրելով նրան մտրակ, Էմման դանդաղորեն խրվում էր պարտքերի մեջ և ծախսում է գումարներ առանց ամուսնու համաձայնության։ Էմման ու Ռուդոլֆը երջանիկ էին միասին, նրանք հաճախ էին գաղտնի հանդիպում և Էմման պատրաստվում էր փախուստի դիմել ամուսնուց։ Մինչդեռ Ռուդոլֆը չցանկանլով ընկնել պատմությունների մեջ հեռանում է Էմմայից, նրան թողնելով մի նամակ, որը կարդալով Էմման երկար ժամանակ պառկում է անկողնում։

Էմմայի և Շառլի ամուսնությունը

Հուսահատությունից փոքր-ինչ Էմման դուրս է գալիս, երբ Ռուանում հանդիպում է Փարիզից վերադարձած Լեոնին, ով վերսկսում է իր սիրախաղը։ Էմման փորձում է մերժել նրան, բայց չի կարողանում։ Էմման և Լեոնն առաջին անգամ սիրով զբաղվում են իրենց վարձած կառքում։ Նոր սիրեկանի հետ հարաբերություններն ստիպում են նրան խաբել ամուսնուն՝ ավելի ու ավելի շատ ստով լցնելով ընտանեկան կյանքը։ Նա ստում է ամուսնուն ասելով, թե ուրբաթ օրերին գնում է դաշնամուրի դասերի։ Բայց նա թաղված է ոչ միայն ստի, այլև պարոն Լերեին պարտքերի մեջ։ Երբ պարտատերն արդեն չի դիմանում և դիմում է դատարան, Էմման, փորձելով ելք գտնել, դիմում է սիրեկանին, մյուս ծանոթներին, անգամ Ռոդոլֆին, սակայն ապարդյուն։

Հուսահատված՝ դեղագործ Օմեյից թաքուն դեղատնից մկնդեղ է վերցնում և ընդունում այն։ Շուտով նա հիվանդանում է և ընկնում անկողին։ Ո՛չ ամուսինը, ո՛չ հրավիրված բժիշկը չեն կարող օգնել նրան, և նա մահանում է։ Մահից հետո Շառլը պարզում է նախ պարտքերի, ապա՝ սիրեկանների մասին իրականությունը, բայց նա միևնույն է շարունակում էր տանջվել Էմմայի համար, պահում էր նրա իրերը։ Նա անգամ հանդիպում է Ռուդոլֆի հետ և ընդունում է նրա առաջարկը և գնում են խմելու։ Ռուդոլֆը հասակնում է, որ Շառլը գիտի կնոջ դավաճանության մասին, իսկ Շառլն ասում էր, որ նա չի նեղանա, եթե արդյունքում Ռուդոլֆը խոստովանի, որ Շառլը ոչնչություն է։ Հաջորդ օրը Շառլը մահանում է իր այգում, իսկ աղջիկը տեղափոխվում է Շառլի մոր մոտ։ Մեկ տարի անց մայրը նույնպես մահանում է։ Աղջիկը գնում և աշխատում է ֆաբրիկայում, որպեսզի պահի իրեն։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը գրելու գաղափարը Ֆլոբերն ունեցել է դեռ 1851 թվականին։ Դրանից առաջ նա իր ընկերների համար կարդացել էր առաջին տարբերակը «Սուրբ Անտոնիայի գայթակղությունը», սակայն քննադատվեց։ Այնուհետև նրա ընկերներից Մակսիմ դյու Կանը, ով «La Revue de Paris» ամսագրի խմբագիրն էր, առաջարկեց Գյուստավին ազատվել վերամբարձ և վեհ խոսքերից։ Դրա համար դյու Կանը առաջարկեց, որ Ֆլոբերն ընտրի իրատեսական, նույնիսկ առօրյա պատմություն։ Սյուժեն խորհուրդ տվեց ընկերներից մեկը՝ Լուի Բույլը, ում էլ հենց նվիրվեց վեպը։ Բույլը Ֆլոբերին հիշեցրեց Դելամարների ընտանիքի պատմությունը։ Էժեն Դելամարը սովորել էր վիրաբուժություն Ֆլոբերի հոր ղեկավարությամբ։ Օժտված չլինելով որևէ տաղանդով նա կարողացավ աշխատանք գտնել միայն խուլ ֆրանսիական նահանգում, որտեղ ամուսնացավ այրի կնոջ հետ, ով իրենից մեծ էր։ Կնոջ մահից հետո նա հանդիպեց երիտասարդ աղջկա Դելֆինա Կուտյուրեին, ով դարձավ նրա երկրորդ կինը։ Աղջիկը սկսեց ամուսնու գումարները ծախսել թանկարժեք հագուստների վրա, իսկ հետո ամուսնուն դավաճանեց շատերի հետ։ Ամուսնուն զգուշացրեցին հնարավոր դավաճանությունների մասին, բայց նա չէր հավատում դրան։ 27 տարեկանում խրվելով պատրքերի մեջ և կորցնելով ամուսնու ուշադրությունը կինը ինքնասպան է լինում։ Կնոջ մահից հետո ամուսնուն հայտնի են դառնում նրա դավաճանությունները և պարտքերը։ Ամուսինը չկարողացավ դա տանել և մեկ տարի անց նույնպես ինքնասպան եղավ։

Տիկին Բովարին

Ֆլոբերը ծանոթ էր այս պատմությանը. նրա մայրը Դելամարների ընտանիքի հետ կապ ուներ։ Նրան դուր եկավ վեպի գաղափարը և մեկ տարուց անցավ աշխատանքի։ Հեշտ թվացող գործը շատ տանջալի էր և ծանր։ Ֆլոբերը վեպը գրեց գրեթե 5 տարի՝ առանձին դրվագների վրա ամբողջ շաբաթներ և նույնիսկ ամիսներ անցկացնելով։ Այդ մասին վկայել է հենց Ֆլոբերը։ 1853 թվականի հունվարին նա Լուիզա Կոլեին նամակ էր գրել, որտեղ ասում էր, որ 5 օրում գրել է ընդամենը մեկ էջ։ Հաջորդ նամակում նա բողոքում էր. «Ես ալեկոծվում եմ յուրաքանչյուր նախադասություն գրելիս, ինչ ծանր է թիավարում նա՝ իմ գրիչը»։ Նա ինքը կարդում էր այն վեպերը, որոնք սիրում էր իր հերոսուհին՝ Էմման, ուսումնասիրում էր մկնդեղից թունավորման ախտանշանները։ Հայտնի է, որ հերոսուհու թունավորման տեսարանը գրելիս Ֆլոբերն իրեն վատ է զգացել։ Այս մասին նա նշել է. «Էմմա Բովարիի թունավորման տեսարանը նկարագրելիս ես կարծես զգում էի մկնդեղի համը և ինքս վատ զգացի, և 2 անգամ, իրար հետևից սրտխառնոց զգացի»։

Վեպի նախատիպը Դելամարի իրական պատմությունն է։ Բայց Ֆլոբերը կտրականապես հերքում էր այն՝ ասելով, որ տիկին Բովարին նախատիպ չունի։ Մի անգամ նա ասաց. «Հարգելիներս Բովարին ես եմ»։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հիման վրա ֆիլմեր են նկարահանել Ժան Ռենուարը, Վինսենթ Մինելին, Ալեքսանդր Սոկուրովը, Կլոդ Շաբրոլը և այլք։ Գլխավոր դերը կատարել են Վալենտինա Տեսյեն, Պոլա Նեգրին, Մեչա Օրտիսըմ, Ջենիֆեր Ջոնսը, Իզաբել Յուպերը, Էդվիժ Ֆենեկը, Սեսիլ Զերվուդակին և Ֆրենսիս օ'Կոնորը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիկին Բովարի» հոդվածին։