Տափաստանային հողմավոր բազե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տափաստանային հողմավոր բազե
Տափաստանային հողմավոր բազե (արու)
Տափաստանային հողմավոր բազե (արու)
Տափաստանային հողմավոր բազե (էգ)
Տափաստանային հողմավոր բազե (էգ)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Վերնակարգ Neoaves
Կարգ Բազեանմաններ (Falconiformes)
Ընտանիք Բազեներ (Falconidae)
Ենթաընտանիք Falconinae
Ցեղ Բազե (Falco)
Տեսակ Տափաստանային հողմավոր բազե (F. naumanni)
Միջազգային անվանում
Falco naumanni
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Տափաստանային հողմավոր բազե (լատին․՝ Falco naumanni), բազեների ընտանիքին պատկանող բնադրող-չվող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Տարածված է Բալկաններում, Հարավային Եվրոպայում, Ասիայում, Մոնղոլիայում և Չինաստանում։

Չափազանց նման է սովորական հողմավոր բազեին։ Արուի մեջքի մասը կարմրագորշավուն է, առանց բծերի, գլուխը` մոխրակապտավուն, կուրծքը և որովայնը դրոշմված են նոսր ու մանր բծերով, պոչի ծայրը երիզված է սև շերտով, մագիլները սպիտակ են, իսկ քաշը 185-238 գրամ է։

Բնադրվում է ժայռերի քիվերին, ժայռախորշերում, տների տանիքներին և պատերի ճեղքերում։ Դնում է 4-6 դեղնակարմրավուն մուգ պուտերով ձու։ Որպես հազվագյուտ տեսակ պահպանվում է օրենքով։

Falco naumanni

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Միջերկրածովյան երկրներում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, դեպի արևելք՝ մինչև Չինաստան։ Ձմեռում է Աֆրիկայում, Արաբիայում և Հնդկաստանում։ Բնադրավայրերը հայտնաբերված են Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրամբարի շրջակայքում, հավանաբար տեղ-տեղ բնադրում է Արաքսի հովտում և Հյուսիսային Հայաստանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են կիսանապատում, չոր լեռնային տափաստաններում` ընդհուպ մինչև բարձր լեռնային մարգագետիններ։ Չուի շրջանում նախընտրում են բաց լանդշաֆտները, դաշտերը, լեռնային տափաստանները և մարգագետինները։ Բնադրում են գաղութներով կամ առանձին զույգերով։ Բները, սովորաբար, տեղադրված են ժայռերին և շինությունների տանիքների տակ։ Ձվադրում են (3-8 ձու) ապրիլի կեսերին և մայիսին։ Էգը հիմնականում թխսում է 28 օր։ Ձագերը դուրս են գալիս հունիսի վերջին կամ հուլիսի առաջին կեսին։ Սնվում են անողնաշարավոր կենդանիներով (սարդակերպեր, ուղղաթևավորներ, բզեզներ, ճպուռներ) և մանր ողնաշարավորներով (դաշտային մկներ, գետնափորներ, մողեսներ, երբեմն` ճնճղուկազգիներ)[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրման տեղային բնույթով Հայաստանում հազվագյուտ տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը խիստ կրճատվել է ամբողջ արեալում։ Հայաստանում բնադրող զույգերի թիվը չի գերազանցում 25-30-ը։

Վտանգման հիմնական գործոններն են փոքր թվաքանակը, որսագողությունը, բների քանդումը, տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ ապրելավայրերի քայքայումը և տեսակի կերատեսակների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ.Ս.Ադամյան - «Հայաստանի թռչուններ», 1985, Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 232 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափաստանային հողմավոր բազե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափաստանային հողմավոր բազե» հոդվածին։