Վոլյունտարիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վոլյունտարիզմ, կամապաշտություն (լատին․՝ voluntas՝ կամք), իդեալիստական փիլիսոփայական ըմբռնում, որը կամքը դիտում է որպես կեցության սկզբունք։ Տերմինը մուծել է գերմանացի սոցիոլոգ Ֆ․ Տյոնիսը (1855–1936), 1883 թվականին։ Վոլյունտարիզմի տարրեր առկա են Օգոստինոս Երանելու և Յոհաննես Դունս Սկոտի փիլիսոփայական հայացքներում։ Նորագույն Վոլյունտարիզմի նախադրյալ է Ի․ Կանտի ուսմունքը պրակտիկ բանականության (որը որպես կանխադրույթ ընդունում է կամքի ազատությունը) առաջնայնության մասին։ Սրանից ելնելով Ֆիխտեն կամքի մեջ տեսել է անձնավորության հիմքը, իսկ «Ես»-ի կամային գործունեության մեջ՝ կեցության բացարձակ ստեղծագործական սկզբունքը, աշխարհի հոգևոր ինքնածնման աղբյուրը։ Ընդ որում Ֆիխտեն (ինչպես և Կանտը, Շելինգը, Հեգելը) կամքը համարել է էությամբ բանական։ Ի հակադրություն նրա, Արթուր Շոպենհաուերը, որի փիլիսոփայության մեջ վոլյունտարիզմը արդեն ինքնուրույն ուսմունք է, կամքին տվել է իռացիոնալիստական մեկնաբանություն, որտեղ կամքը ներկայանում է իբրև աշխարհի կույր, ոչ բանական, աննպատակ գործող նախասկիզբ։ Շոպենհաուերի (ինչպես և Է․ Հարտմանի) Վոլյունտարիզմը սերտորեն կապված է հոռետեսության (համաշխարհային պրոցեսը անիմաստ է, նրա հիմքում ընկած է անգիտակցական և կույր կամքը) հետ։

Ի տարբերություն Շոպենհաուերի հոռետեսական և ճակատագրապաշտական Վոլյունտարիզմի, Ֆրիդրիխ Նիցշեն վոլյունտարիզմի հիմքում դրել է «իշխելու կամքը», որն իմաստավորում է մարդու և առհասարակ մշակույթի գոյությունը։ Տնտեսական Վոլյունտարիզմը հասարակության տնտեսական զարգացման մեջ վճռականը համարում է մարդկանց գիտակցությունն ու կամքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 489