Վիգիլիոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիգիլիոս
լատին․՝ Vigilius PP.
59-րդ Հռոմի Պապ
537 մարտի 29 — 555 հունիսի 7
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Սիլվերիոս
Հաջորդող Պեղագիոս I
 
Մասնագիտություն դիվանագետ, կաթոլիկ քահանա և հեղինակ
Ծնունդ անհայտ
Հռոմ, Օստգոթների թագավորություն
Մահ հունիսի 7, 555[1]
Սիրակուզա, Բյուզանդական կայսրություն
Հայր John?

Վիգիլիոս (լատին․՝ Vigilius PP.անհայտ, Հռոմ, Օստգոթների թագավորություն - հունիսի 7, 555[1], Սիրակուզա, Բյուզանդական կայսրություն), Հռոմի Պապ 537 թվականի մարտի 29-ից մինչև 555 թվականի հունիսի 7-ը։ Առաջինը, այսպես կոչված, «Բյուզանդական պապերից», ովքեր ընտրվել են բյուզանդական կայսրերի ազդեցության տակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգիլիոսը սերում էր հռոմեական ազնվական ընտանիքից, նրա հայր Հովհաննեսը Liber Pontificalis-ում նույնականացվել է որպես Հռոմի հյուպատոս, ով այդ պաշտոնը ստացել էր կայսրից։ Ըստ Պրոկոպիոս Կեսարացու, նրա եղբայր Ռեպարատը սենատորներից մեկն էր, ում պատանդ էր վերցրել Վիտիգեսը, սակայն նրան հաջողվել էր փախչել՝ մինչ օստգոթերի թագավորը կհրամայեր նրան սպանել 537 թվականին[2]։

Վիգիլիոսը ծառայության էր անցել Հռոմի եկեղեցում և 531 թվականին սարկավագ էր ձեռնադրվել Հռոմի Պապ Բոնիփակիոս II-ի կողմից։ Հետագայում չեղարկված իրավունքի համաձայն, Հռոմի Պապ Բոնիփակիոս II-ը Վիգիլիոսին նշանակել է իր իրավահաջորդ և որպես այդպիսին նրան ներկայացրել է Սուրբ Պետրոսի տաճարում հավաքված հոգևորականներին։ Սակայն այդ իրավունքի հակառակորդները Բոնիփակիոսին հարկադրեցին հաջորդ տարի չեղյալ հայտարարել իր որոշումը և այրել դրա մասին հրամանագիրը։

Ապոկրիսիարիոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնիփակիոսի երկրորդ իրավահաջորդ Ագապետոս I-ը (535-536), Վիգիլիոսին նշանակել է պապական ներկայացուցիչ (ապոկրիսիարիոս) Կոստանդնուպոլսում. 535 թվականին Վիգիլիոսը ուղարկվում է Բյուզանդիայի մայրաքաղաք, որտեղ էլ նա ծանոթանում է կայսրուհի Թեոդորայի հետ և վաստակում նրա բարեհաճությունը։ Թեոդորան ձգտում էր Հռոմի Պապի աթոռին տեսնել մի մարդու, ով պատրաստ էր մեղմացնել Քաղկեդոնի ժողովի որոշումները։ Վիգիլիոսը, ըստ լուրերի, համաձայնել էր կայսրուհու պլանների հետ, վերջինս էլ նրան խոստացել էր պապական գահը և խոշոր գումար (700 ֆունտ ոսկով)։

Հռոմի Պապ ընտրվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Վիգիլիոսը Կոստանդնուպոլսում էր, 536 թվականի ապրիլի 22-ին մահանում է Ագապետոս պապը, և Սիլվերիոսը գոթական թագավոր Թեոդահադի ազդեցության տակ ընտրվում է Պապ։ Սիլվերիոսի գահակալությունից կարճ ժամանակ անց պատերազմ է սկսվում բյուզանդացիների և գոթերի միջև, և բյուզանդական զորավար Բելիսարիոսը գրավում է Հռոմը։ Գոթերը մոտենում են քաղաքին և պաշարում այն։ Չնայած նրան, որ գոթերը չէին կարողացել ամբողջությամբ արգելափակել քաղաքը, բյուզանդական զինվորները և բնակիչները վախենում էին գրոհից և կոտորածից։ Պաշարումից կարճ ժամանակ անց Բելիսարիոսը կանանց և երեխաներին հրամայում է լքել քաղաքը և փախչել Նեապոլ[3]։ Մոտավորապես նույն ժամանակ բյուզանդացիները Սիլվերիոսին մեղադրում են Հռոմը գոթերին հանձնելու պատրաստակամության մեջ։ Բելիսարիոսը նրան գահընկեց արեց և աքսորեց Հունաստան։ Մի քանի այլ սենատորներ դավաճանության մեղադրանքով նույնպես արտաքսվեցին Հռոմից[4]։

Հայտնի չէ, թե ինչ դեր է խաղացել Վիգիլիոսը Սիլվերիոսի տապալման գործում։ Liber Pontificalis-ի հեղինակները, որոնք թշնամաբար են վերաբերվում Վիգիլիոսին, պնդում են, որ վերջինս է խորհուրդ տվել կայսրին տապալել Սիլվերիոսին, հենց որ վերջինս ընտրվել է Պապ[5]։ Պրոկոպիոս Կեսարացին, ընդհակառակը, պնդում էր, որ Թեոդորան է Վիգիլիոսին առաջադրել Պապի թեկնածու Սիլվերիոսի տապալումից հետո[4]։ Նա վստահ էր, որ Վիգիլիոսը հռոմեական պապական գահին բազմել է 537 թվականի մարտի 29-ին՝ արդեն իսկ իր նախորդի մահից հետո, և ճանաչվել է հռոմեական ողջ հոգևորականության կողմից։

Պոնտիֆիկատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրուհի Թեոդորան շուտով հասկանում է, որ սխալվել է Վիգիլիոսի թեկնածության հարցում։ Առաքելական աթոռին հաստատվելուց հետո նա նույն դիրքորոշումն ունեցավ, ինչ իր նախորդը, և սկսեց խիստ քննադատել մոնոֆիզիտներին և Կոստանդնուպոլսի գահընկեց պատրիարք Անֆիմոսին։ Ակնհայտ է, որ այդ դիրքորոշումն արտացոլում էր Արևմտյան հոգևորականության տրամադրությունները, որին հակազդելու համար Վիգիլիոսը վճռականություն չուներ։ Ընդ որում, պահպանվել է մի նամակ, իբր, գրված պապից գահընկեց մոնոֆիզիտ պատրիարքներ Անֆիմոսին, Սևերին և Թեոդոսիոսին, որը ցույց է տալիս, որ Վիգիլիոսը ընդունել է մոնոֆիզիտությունը։ Սակայն այս նամակը չի դիտարկվում որպես պատմական աղբյուր և ակնհայտ կեղծիք է համարվում[6]։ Պապն այդպես էլ չի վերականգնել Անֆիմոսին պատրիարքական աթոռին։

540 թվականին Վիգիլիոսը Կոստանդնուպոլիս ուղարկված երկու նամակներում արտահայտվում է մոնոֆիզիտության մասին։ Նամակներից մեկը հասցեագրված էր Հուստինիանոս կայսրին, մյուսը՝ պատրիարք Մինային։ Երկու նամակներում էլ պապը իր հավանություն էր տալիս Եփեսոսի և Քաղկեդոնի ժողովների որոշումներին, իր նախորդի՝ Հռոմի Պապ Լևոն I-ի որոշմանը և պատրիարք Անֆիմոսի տապալմանը։ Հռոմի պապի կողմից պոնտիֆիկատի առաջին տարիներին գրված մի քանի այլ նամակներ տեղեկություններ են տալիս եկեղեցական գործերի նկատմամբ նրա դիրքորոշման մասին։ 538 թվականի մարտի 6-ին Վիգիլիոսը գրել է եպիսկոպոս Կեսարիոս Արելատացուն Ավստրազիայի Տեոդեբերտ I թագավորի ապաշխարության վերաբերյալ՝ իր եղբոր այրու հետ ամուսնանալու կապակցությամբ[7]։ 538 թվականի հունիսի 29-ին պապը հրամանագիր է ուղարկել Բրագայի Պրոֆուտուրայի եպիսկոպոսին. նամակը պարունակում էր որոշումներ եկեղեցական կարգապահության տարբեր հարցերի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ նոր դավանաբանական քննարկումներ ծավալվեցին Կոստանդնուպոլսում։ 543 թվականին Հուստինիանոս կայսրը հրամանագիր ստորագրեց, որը դատապարտում էր Որոգինեսի տարբեր մոլորամտությունները։ Այդ հրամանագիրը ստորագրման ուղարկվեց Արևելյան պատրիարքներին և Վիգիլիոսին։ Սակայն, Թեոդոր Ասկիդան, Կապադովկյան Կեսարիայի եպիսկոպոսը, ցանկանալով շեղել կայսրին որոգինեզմի քննադատությունից, նրա ուշադրությունը բևեռեց սիրիացի եպիսկոպոսների «Երեք հատորներ» ստեղծագործության շուրջ եղած վաղեմի բանավեճի վրա։ Կայսրը 543 կամ 544 թվականին հանդես եկավ «Երեք հատորներ»-ը դատապարտող նոր հրամանագրով։ Արևելյան պատրիարքները և եպիսկոպոսները կայսեր ճնշման տակ ստորագրեցին այդ հրամանագիրը, սակայն Արևմուտքում հրամանագիրը խիստ տհաճություն առաջացրեց։ Վիգիլիոսը հրաժարվեց ընդունել հրամանագիրը, Հուստինիանոսի կողմից կանչվեց Կոստանդնուպոլիս՝ ժողովին մասնակցելու համար։ Ըստ Liber Pontificalis-ի, նոյեմբերի 20-ին, այն ժամանակ, երբ Հռոմի պապը Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե եկեղեցում նշում էր Սուրբ Սեսիլիայի տոնը, կայսերական դեսպանորդ Անֆիմիոսի հրամանով առևանգվեց։ Պապին տեղափոխեցին նավ, որպեսզի տանեն Կոստանդնուպոլիս, այդ ժամանակ ժողովուրդը քարեր էր նետում առևանգողների նավի վրա և խնդրում էր Հռոմի պապին չստորագրել հրամանագիրը[8]։ Պապը լքեց Հռոմը 545 թվականի նոյեմբերի 22-ին։ Նա տևական ժամանակ մնաց Սիցիլիայում և Կոստանդնուպոլիս հասավ 546 թվականի վերջին կամ 547 թվականի հունվարին։

Վիգիլիոսը փորձել է համոզել կայսրին՝ օգնություն ուղարկել Հռոմի՝ Տոտիլայի գոթերի կողմից պաշարված բնակիչներին։ Սակայն Հուստինիանոսի գլխավոր հետաքրքրությունը «Երեք հատորներ»-ն էին։ Պապ Վիգիլիոսն այս պայմաններում անսկզբունքայնություն և սկզբունքային հարցերի շուրջ որևէ ամուր դիրքորոշման բացակայություն դրսևորեց, ինչը մեծապես խաթարեց պապության հեղինակությունը։ Կայսեր հետ մասնավոր նամակագրության ժամանակ նա հայտարարում էր, որ դեմ չէ հրամանագրին, բայց նախ պետք է բարենպաստ պայմաններ ունենալ դրա անցկացման համար։  Երկարատև ինտրիգների և սկանդալների արդյունքում Հռոմի պապը կայսրի հրամանով ձերբակալվում է Որմիզդեսի պալատին կից գտնվող Պետրոս առաքյալի եկեղեցու խորանում։ Ժողովրդական զանգվածների աջակցության շնորհիվ Վիգիլիոսը կարողանում է փախչել Քաղկեդոն և նորից թաքնվում է եկեղեցում։

Հինգերորդ տիեզերական ժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել 553 թվականին, Վիգիլիոսը հրաժարվել է նախագահել և չի համաձայնել ժողովի որոշման հետ, ինչի համար կայսեր հրամանով հեռացվել է եկեղեցուց և արտաքսվել։ Արտաքսումը սասանել է նրա վճռականությունը. նա ենթարկվելու պատրաստակամություն է հայտնել։  Վերադառնալու թույլտվություն նա ստացել է Հռոմ վերադառնալու ճանապարհին, որտեղ էլ վրա է հասել նրա մահը։ Նա մահացել է Սիրակուզիում. նրա մարմինը տեղափոխել են Հռոմ և թաղել Սան Մարտինոյի եկեղեցում՝ Աղի ճանապարհի վրա գտնվող Պրիսցիլայի Կատակոմբերում։

Նրա գրական-հոգևոր ժառանգությունից պահպանվել են 18 ուղերձներ, որոնցում նա գրել է «Երեք հատորների» և մոնոֆիզիտական հերձվածի մասին։

Վիգիլիոսին պատմաբանները բնութագրում են որպես շարքային, թույլ և անվճռական մարդ, բայց այդ տարիներին բյուզանդական կայսրերի և արևմտյան եկեղեցական հիերարխիայի միջև ընթացող պայքարի տիպիկ կերպար։

544 թվականին հին հռոմեական քրիստոնյա բանաստեղծ Արատորը դիդակտիկ պոեմ է գրել՝ «De actibus Apostolorum libri II»՝ նվիրված Վիգիլիոսին։ Պոեմի մեջ արտացոլվում է Պողոս առաքյալի նկատմամբ Պետրոս առաքյալի գերիշխանության՝ այդ ժամանակ գոյություն ունեցող միտումը, սակայն դրա հետ մեկտեղ հաստատվում են հին դավանանքի այնպիսի կետեր, ինչպիսիք են Աստվածածնի, սուրբ մասունքների եև այլ բաների պաշտամունքը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.britannica.com/biography/Vigilius
  2. Procopius, De bello gothico I (V).26; tr. by H.B. Dewing, Procopius (Cambridge: Loeb Classical Library, 1979), vol. 3 pp. 247f
  3. Procopius, De bello gothico I (V).25.1-4; vol. 3 p. 239
  4. 4,0 4,1 Procopius, De bello gothico I (V).25.13-14, vol. 3 p. 243
  5. Davis, The Book of Pontiffs (Liber Pontificalis), pp. 55ff
  6. Duchesne in Revue des quest. histor. (1884), II, 373; Chamard, ibid., I (1885), 557; Grisar in Analecta romana, I, 55 sqq.; Savio in Civilta catt., II (1910), 413—422].
  7. William E. Klingshirn, Caesarius of Arles: Life, Testament, Letters (Liverpool: University Press, 1994), pp. 118f
  8. Davis, The Book of Pontiffs (Liber Pontificalis), pp. 57ff
  9. «Аратор». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիգիլիոս (Հռոմի պապ)» հոդվածին։