Վերջին հարցը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Վերջին հարցը»՝ գիտաֆանտաստիկ կարճ պատմվածք է։ Այն հանդիսանում է Այզեկ Ազիմովի ամենահայտնի և կարևոր ստեղծագործություններից մեկը։

Պատմվածքը առնչվում է մարդկությանը հուզող ամենամեծ և կարևոր՝ տիեզերքի կործանումից խուսափելու հարցի հետ։

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշադրություն. այս հատվածը ներառում է տվյալներ, որոնք հնարավոր է՝ չցանկանաք իմանալ նախքան պատմվածքը կարդալը։

Պատմվածքը ներկայացնում է հզորագույն Մուլտիվակ (Multivac) գերհամակարգիչների[1] հարաբերությունները մարդկության հետ՝ 2061 թ.-ից սկսվող յոթ դրվագների միջոցով։ Յուրաքանչյուր դրվագում համակարգչին է տրվում մարդկությանը հուզող ամենամեծ հարցը՝ ինչպե՞ս կարելի է խուսափել տիեզերքի կործանումից (համարժեք է. ինչպե՞ս կարելի է փոքրացնել տիեզերական էնտրոպիան[2], կամ՝ հնարավո՞ր է արդյոք ետ շրջել թերմոդինամիկայի երկրորդ օրենքի գործողությունը [տվյալ կոնտեքստում՝ տիեզերքի էնտրոպիայի իմաստով])։ Բավականին «մտածելուց» հետո Մուլտիվակի միակ պատասխանն է՝ «Իմաստ ունեցող պատասխանի համար դեռ բավարար տվյալներ չկան»։

Պատմվածքը առաջ է շարժվում դեպի մարդկության և գիտության զարգացման նորանոր ժամանակահատվածներ։ Յուրաքանչյուր ժամանակաշրջանում ինչ-որ մեկը տալիս է «վերջին» հարցը էնտրոպիայի ետ շրջման մասին, սակայն ամեն անգամ Մուլտիվակի հետնորդները ստիպված են պատասխանել՝ «Իմաստ ունեցող պատասխանի համար դեռ բավարար տվյալներ չկան»։
Վերջին դրվագում մարդկության աստվածանման հետնորդը (տիեզերքով մեկ սփռված անթիվ մարդկանց միասնական մտավոր գործընթացը) տեսնում է, թե ինչպես են աստղերը մեկ առ մեկ մարում՝ ի նշան տիեզերքի մոտալուտ կործանման։ Մարդկությունը վերջին անգամ տալիս է արդեն սկսված կործանումից խուսափելու հարցը ձգողականության ու ժամանակի սահմաններից անդին գերտարածությունում գտնվող՝ Մուլտիվակի հետնորդ ԷյՍի-ին [AC], այնուհետև «միանում» նրա հետ և անհետանում։

ԷյՍի-ն դեռ ի վիճակի չէ պատասխանել, բայց շարունակում է մտորել այդ հարցի վերաբերյալ նույնիսկ ժամանակի ու տարածության գոյության դադարելուց հետո։ Ի վերջո այն բացահայտում է պատասխանը, բայց արդեն ոչ ոք չկա հայտնելու համար. տիեզերքն արդեն մեռած է։ Այդ ժամանակ ԷյՍի-ն որոշում է ցուցադրել պատասխանը՝ իրականացնելով էնտրոպիայի ետ շրջում, և վերստեղծելով տիեզերքը.

Եվ ԷյՍի-ն ասաց. «Եղիցի լույս»։ Եվ եղավ լույս։

Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

բնօրինակի վերնագիր՝ The Last Question
բնօրինակի լեզու՝ անգլերեն
առաջին հրապարակման ամսաթիվ՝ 1956 թ. նոյեմբեր
առաջին հրապարակման կրիչ՝ տպագիր. Գիտաֆանտաստիկ Եռամսյա հանդես [Science Fiction Quarterly]
ժանր՝ գիտաֆանտաստիկ
ձևաչափ՝ պատմվածք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ազիմովը ենթադրում էր, որ 1950-ական թթ. նկատվող համակարգչային տեխնոլոգիաների կենտրոնացման միտումները շարունակվելու են և հանգեցնելու գլոբալ գերհամակարգչի։
  2. համակարգի ներքին միկրոսկոպիկ անկանոնության չափում հանդիսացող մակրոսկոպիկ հատկանիշ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]