Վանի վիլայեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վանի նահանգից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վան (այլ կիրառումներ)
Վիլայեթ
Վանի վիլայեթ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
Հիմնադրված է1875 թ.
Մակերես39 300 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն376,297 մարդ (1885)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), Թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունվանեցի
Վանի վիլայեթ (Աշխարհ)##
Վանի վիլայեթ (Աշխարհ)

Վանի վիլայեթ, Վանի էլայեթ, Վանի փաշայություն, հայկական աղբյուրներում՝ Վանի կուսակալություն, Վանի նահանգ, Oսմանյան կայսրության վարչատարածքային միավոր Արևմտյան Հայաստանում, Վան կենտրոնով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է Թուրքիայի և Իրանի միջև կնքված Ամասիայի հաշտության պայմանագրից (1555) հետո։ Հիմնականում ընդգրկել է հին Վասպուրական նահանգի տարածքը։ Մինչև XVII դարը էյալեթի մեջ էին մտնում նաև Բայա գետի, Դիադինի և Ալաշկերտի գավառները, որոնք հետագայում միացվեցին Էրզրումի վիլայեթին, իսկ XVIII դարի վերջին կազմեցին առանձին փաշայություն։

Տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի վիլայեթի հիշյալ տարածքը 39 300 կմ2 էր, որն ընդգրկում էր Հին Վասպուրական, Մոկք և Կորճայք նահանգների մեծ մասը, Տուրոլբերանի հյուսիսարևելյան որոշ շրջաններ։ Սահմանակից էր հյուսիսից՝ Էրզրում, արևմուտքից՝ Բիթլիս (Բաղեշի) և Դիարբեքիրի, հարավից՝ Մոսուլի վիլայեթներին, արևելքից՝ Պարսկաստանին։ Վանի վիլայեթը հյուսիսից եզերվում է Ծաղկանց լեռներով, արևելքից՝ Կոտուր-Զագրոսյան լեռնաշղթայով, հարավից ձգվում են Հայկական Տավրոսի Ռշտունյաց (Կապարհատաց), Կանգվար, Ագարակի, Զողա, Աղբակի լեռնաբազուկները։ Վանա լիճը հյուսիս-արևելքից եզերում են կաղնու անտառներով պատած Ս․ Սահակ կամ Էրերնա լեռները։

Խոշաբի հյուսիսայի մասով տարածվում է Կուխ լեռնաշղթան։ Վանի վիլայեթի աչքի ընկնող լեռնագագաթներն են՝ Նեխ Մասիքը կամ Սիփանը (4434 մ), Զողան (4168 մ), Առնոսը (3550 մ), Թոնդրակը (3542 մ), Արտոսը (3475 մ), Վարագը (3250 մ)։

Վանի վիլայեթը հատկապես Վանա լճի ավազանը, ջրառատ է։ Հյուսիսում հոսում են Աղի, Առեստ (Բանդիմահի), Մարմետ (Կարասու), Հայոց ձոր (Խոշաբ) գետերը։ Վերջինիս ակունքներից սկիզբ է առնում նշանավոր Մենուայի ջրանցքը։ Վանի վիլայեթի տարածքից են սկիզբ առնում Զերմ (Արևելյան Տիգրիս) և Մեծ Զավ գետերը։ Վանա լճից բացի, կան մի քանի փոքր լճակներ, որոնցից ամենամեծն է Արճակը (Արճիշակ), որի մեջ է թափվում համանուն գետը (այժմ՝ Մահմուդիկ)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին Վանի վիլայեթն ուներ շուրջ 425 000 բնակիչ։ 1 կմ2-ու վրա ապրում էր շուրջ 10—11 մարդ։ Ավելի խիտ էին բնակեցված լճափնյա հայաբնակ գավառները (Վան-Տոսպ, Թիմար, Ականցի հովիտ և այլն), Մեծ Զավի վերին հոսանքի ասորաբնակ շրջանները։ Վիլայեթն ուներ խայտաբղետ ազգային կազմ (հայեր, քրդեր, ասորիներ, թուրքեր, չերքեզներ, հրեաներ, գնչուներ

Երկրամասը միշտ ունեցել է հոծ հայ բնակչություն, սակայն թուրքական, կառավարության հալածանքների և քրդական ցեղերի ասպատակությունների հետևանքով նրանց թիվը պարբերաբար նվազել է։ Վարչական նենգ ձևափոխությունները (մուսուլմաններներով բնակեցված շրջանների կցում հայկական գավառներին) լրացվում էին զանգվածային ջարդերով։ 1895—1896 թ թվականին Վանի վիլայեթում կոտորվեց շուրջ 20 000 հայ, գրեթե նույնքան էլ արտագաղթեց, շատերը բռնությամբ մուսուլմանացվեցին։ Ավերվեցին և ամայացան հարյուրավոր բնակավայրեր։

Կ․ Պոլսի պատրիարքարանի հաշվումներով՝ 1912 թվականին միայն Վանի սանջակում ապրում էր 185 000 հայ, մինչդեռ 1880-ական թթ․ սկզբին նույն տարածքում նրանց թիվն ավելի քան 300 000 էր։ 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին հայերի թիվը վիլայեթում հասնում էր 215 000 - 220 000։ Վանի սանջակում հայերն ունեին բացարձակ մեծամասնություն (65%)։

Վանի վիլայեթում հայաբնակ էին 500-ից ավելի քաղաքներ, ավաններ և գյուղեր։ Վանից հետո առավել նշանավոր հայկ․ բնակավայրերն էին․ Ավանց, Արտամետ, Բերդակ, Լեզք, Շահբաղի (Վան-Տոսպ), Ալյուր, Ավերակ կամ Ավերակի, Էրերին, Խժիշկ, Կյուսնենց, Ւաւվենց, Զանիկ, Քյոչանի (Թիմար), Արճակ, Ւոսռակոնիս, Աեան (Արճակ), Անգղ, Մեծ Նորգյուղ, Քերծ (Հայոց ձոր),, Բերկրի, Գործութ, Ւաւչան (Բերկրի-Աբաղա), Ականց, Ասրաֆ կամ Աղսարայ (Արճեշ), Արծկե, Աիփաններ (Արծկե-Ալջավազ), Բելու, Նարեկ, Նորգյուղ, Մոխրաբերդ, Փայխներ (Գյավաշ-Ռշտունիք), Եղեգիս կամ Գյոլլու, Կորտկանց, Ուրանց, Օղվանց (Կարճկան), Մոկս (5 հայաբնակ թաղերով՝ Աբրահամենց, Անջղունց, Դաշտ, Ջրաղացի, Քաղաքի), Թաղ, Արմշատ, Կաղպի, Կաճետ (Շատախ), Քռել (Խոշաբ), Բաշկալե (Աղբակ), Փական (Զուլամերկ), Դիզա (Գյավառ)։ Սրանցից յուրաքանչյուրն ուներ 100—400 տուն հայ բնակիչ։

Հաքյարիում մեծամասնություն էին կազմում ասորիները (50%-ից ավելին)։ Վիլայեթում նրանց թիվը ավելի քան 80 000 էր։ Շուրջ 50 000 ասորիներ («աշիրեթային» կամ «ջուլո») ապրում էին Մեծ Զավի վերին հոսանքի շրջանում գտնվող Թիարի, Թխում, Զիլու, Բազ և Դեզ գավառակներում, որոնք կազմում էին ինքնավար ասորիների մարզը։ Այն թեև մտնում էր Զուլամերկի կազայի մեջ, սակայն փաստական անկախություն ուներ։ Ասորիների հոգևոր և զինվ․ պետի՝ մարշըմունի, նստավայրը Զուլամերկի Քոչանիս կամ Կոջանիս ավանն էր։

Քրդերը մեծամասնություն էին կազմում Աբաղայում, Նորդուզում, Խոշաբում, Մահմուդիեում և Հաքյարիի որոշ մասերում (Չալ, Օրամար, Բեյթ ուլ Շաբաբ, Շամդինան ևն), որոնք վիլայեթի առավել նոսր բնակեցված շրջաններն էին։ Քրդերի մեծ մասը բաժանված էր ցեղերի (աշիրեթների), որոնցից էին հայդարանցիները, փինյանիշները, արտուշիները են։ Սարայ գյուղաքաղաքի շրջանում կային 10 եզդիաբնակ գյուղեր։ Եզդիներ բնակվում էին նաև Թիմարում և Աբաղայում։ 1914 թվականին նրանց թիվը շուրջ 5 000 էր։

Թուրքերի թիվը վիլայեթում 30 000 էր (բնակչության 6-7%-ը), որոնք ապրում էին Վանում, շրջակա որոշ գյուղերում, Ականցում, Արծկեում․ նրանց զգալի մասը քրդ․ ծագում ուներ։

Վանի վիլայեթում ապրող մյուս ազգությունները շատ փոքրաթիվ էին և բնակվում էին մեկ կամ մի քանի բնակավայրերում, հրեաները՝ Բաշկալեում և Շամդինանում, կովկասցիները՝ Ալջավազի ու Թիմարի որոշ գյուղերում, գնչուները՝ Վանում։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Վանի վիլայեթի հայերը դիմեցին հերոսական ինքնապաշտպանության և մեծ մասամբ կարողացան փրկվել կոտորածից (տես Վանի հերոսամարտ 1915)։ Մայիսին, երբ ռուս զորքերը և հայկական կամավորական ջոկատները ազատագրեցին Վանի վիլայեթը, այնտեղ ստեղծվեց հայկական կառավարություն, տնտեսական կյանքն սկսեց հունի մեջ ընկնել։ Սակայն հուլիսին, ռուսական զորքերի անսպասելի նահանջի հետևանքով, վիլայեթի ավելի քան 200 000 հայերը ստիպված գաղթեցին։ Նրանց մեծ մասը վերաբնակվեց Արևելյան Հայաստանում։ Հայերի հետ հեռացան նաև ասորիներն ու եզդիները։ Երկրամասն ամայացավ, ավերվեցին նախկին շեն ու մարդաշատ բնակավայրերը։ 1927 թվականին նախկին Վանի վիլայեթի տարածքում այլևս հայեր չէին բնակվում։ Բնակիչների թիվը 100 000 էր (հիմնականում՝ քրդեր)։

Գյուղատնտեսություն և արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանա լճի գոգավորությունը հացահատիկի արտադրության հնագույն կենտրոններից է։ Արգավանդ Տոսպյան հովտի, Հայոց ձորի, Կարճկանի և Փեսան դաշտի հայ բնակիչներն զբաղվում էին գերազանցապես երկրագործությամբ և այգեգործությամբ։ Ընտիր ցորենով հռչակված էր Արծկե-Ալջավազի շրջանը՝ Վանի հացի շտեմարանը։

Այգեգործական կենտրոններ էին Այգեստանը (Վանի թաղամասը), Տոսպը, Ոստանի հովիտը։ Հռչակված էին Արտամետի խնձորը, Վանի դեղձն ու ծիրանը, Մոկսի և Շատախի ընկույզը, Կարկառի տանձը, Շահբաղիի խաղողն ու գինին։

Հարավում՝ Հաքյարիի սանջակում, Վանի սանջակի հարավարևմտյան լեռնային ու անտառապատ գավառներում ևս կային երկրագործական շրջաններ (օրինակ, Աղբակը, Ջուլամերկի և Նեհրիի կամ Գյավառի գետահովիտները)։ Սակայն վիլայեթի հարավային շրջանների բնակչությունը հիմնականում զբաղվում էր անասնապահությամբ։ Լայն կիրառում ունեին «չուռ» կամ «ֆիլիկ» այծի մազից պատրաստված գործվածքները։ Շամդինանում (գավառակ Հաքյարիում) զարգացած էր ծխախոտագործությունը։

Վիլայեթի առևտրի և արհեստագործության գլխավոր կենտրոնը Վանն էր։ Արհեստներով զբաղվում էին նաև գյուղերում։ Թիմարի Կիրաշեն (Զիրաշեն) գյուղը հայտնի էր իր հմուտ բրուտներով։ Ավանցի և Արճակի հայերը բորակ էին ստանում Վանա և Արճակ լճերից։ Շատախի թաղը և Մոկսի որոշ գյուղեր (Հաոնանց, Սըպկանց, Լուլենց և այլն) շալագործության և ջուլհակագործության կենտրոններ էին։ Կարճկանցիները հմուտ պղնձագործներ էին։ Կեցանի գյուղերում պատրաստում էին դիմացկուն ջրաղացքարեր։ Լճափնյա գյուղերում զբաղվում էին նաև նավավարությամբ և տառեխ ձկան որսով։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի վիլայեթի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Հանդիպում են կապար (Ռշտունյաց կամ Ընձաքիարս լեռներ), պղինձ (Կարճկան, Շատախ, Ջուլամերկ), ոսկի և արծաթ (Զուլամերկ), երկաթ (Ռշտունյաց և Զողա լեռներ), կավճահանքեր (Աղբակ), նավթ և ծծումբ (Թոնդրակի մոտ), քարածուխ (Կարճկան, Նորդուզ, Բերկրի), աղահանքեր (Արտոսի մոտ, Ջանիկ) և այլն։ Հռչակված էին Զեռնախ-մադենի գարիկի (զռնըխի) հանքերը։

Լեռնային շրջաններում շատ են հանքային աղբյուրները։ Փայտանյութով հարուստ են վիլայեթի հարավային և հարավարևմտյան գավառները։ Վանին ու Բաղեշին ածուխ և փայտ էին մատակարարում հիմնականում Կարճկանը և Գյավաշը։

Վարչական բաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի վիլայեթն իր գավառներով հանդերձ

Էյալեթը բաժանված էր լիվաների կամ սանջակների (գավառների), որոնցից մի քանիսն էլ՝ կազաների (գավառակների)։ XVII — XIX դարի 1-ին կեսը էյալեթի կազմում էին Վան, Ադիլջևազ (Արծկե), Արճեշ, Բերկրի, Խլաթ (Ախլաթ), Մուշ, Կարկառ, Աղաքիս, Կեցան (Քեսանի), Խիզան, Սպարկերտ (Իսփայիրա), Շիրվան (Շերվի), Զռըկան (Զրըգան կամ Զրիկի), Էքրատի-բին-Կոթուր սանջակները, մի քանի քրդական կիսաանկախ հյուքյումեթություններ (իշխանություններ)՝ Բիթլիսի (Բաղեշ) խանությունը, որին էին ենթարկվում Վանա լճից արևմուտք և հարավ-արևմուտք ընկած շրջանները (Մոտկան, Ռահվա կամ Գավառ, Կարճկան, Վերին Չուխուր, Մուսան, Բայգան, երբեմն՝ Մուշ, Խիզան, Շիրվան և այլն), Հաքյարին (Հեքյարի) կամ Ջուլամերկը, Մահմուդիեն կամ Խոշաբը, Փինյանիշը (XVIII դարում մտնում էր Հաքյարիի մեջ), ինչպես նաև մի քանի հայկական լեռնային ինքնավար շրջաններ (Շատախ, Մոկս, Սասուն)։

1834 թվականին էյալեթի զգալի մասը միացվեց Էրզրումի, իսկ Մոկսն ու Հաքյարին՝ Դիարբեքիրի վիլայեթներին։ 1840-ական թթ․ վերջին, քրդական հյուքյումեթությունների վերացումից հետո, հարավարևմտյան որոշ շրջաններ մտցվեցին նորաստեղծ Բիթլիսի վիլայեթի մեջ։ Վանը, Հաքյարին, Զեզիրեն, Մարդինը կազմեցին առանձին վիլայեթ։ 1867—1876 թ թվականին Վանի վիլայեթի տարածքը մտել է Էրզրումի կամ «էրմանիստան» վիլայեթի մեջ։

1876 թվականի նոր վարչական բաժանմամբ ստեղծվեց Վանի վիլայեթ, որից դարձյալ առանձնացվեց Բիթլիսը։ 1877—1878 թ թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո վիլայեթին միացվեց Հաքյարին, իսկ 1880 թվականին անջատվեց։ 1880-ական թթ․ սկզբին Բիթլիսի վիլայեթին տրվեցին Մուշ-Բուլանըխը, Խլաթը, Մանազկերտն ու Վարդոն։ 1888 թվականին Հաքյարին, Կարճկանն ու Կեցանը դարձյալ միացվեցին Վանի վիլայեթին։ Վարչական նոր փոփոխություններ կատարվեցին նաև 1897 և 1902 թ թվականին։

Վարչական բաժանումը XX դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին Վանի վիլայեթը բաղկացած էր 3 սանջակից՝

Հեքյարիի սանջակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաքյարիի սանջակը, որի կենտրոնը XX դարի սկզբին Զուլամերկից Փոխադրվեց Բաշկալե (հին Ադամակերտ), ընդգրկում էր Վանի վիլայեթի հարավային մասը։ Կազաներն էին՝

Թիմարի սանջակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազաներն էին՝

Վանի սանջակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի սանջակը զբաղեցնում էր վիլայեթի հյուսիսային և արևելյան, ինչպես նաև Արևելյան Տիգրիսի (Զերմ) վերին հոսանքի շրջանները։ Կազաներն էին՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։