Սոցիալիստական ինտերնացիոնալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոցիալիստական ինտերնացիոնալ
անգլ.՝ Socialist International
Տեսակքաղաքական ինտերնացիոնալ
ԱռաջնորդԳեորգիոս Պապանդրեու
Հիմնադրված1951 թ. 5 հունիսի
Գաղափարախոսությունսոցիալ դեմոկրատիա
ՇտաբԼոնդոն, Մեծ Բրիտանիա
Թերթ«Socialist Affairs»,
«Socialist International Information»
Կայքsocialistinternational.org
 Socialist International Վիքիպահեստում
Սոցիլաիստական ինտերնացիոնալի կոնգրեսներից մեկի ժամանակ (1983)

Սոցիալիստական ինտերնացիոնալ, Սոցինտերն (ՍԻ), սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միջազգային միավորում։ Հիմնականում բաղկացած է ժողովրդավարական սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատանքային քաղաքական կուսակցություններից և այլ կազմակերպություններից։

Հիմնադրվել է 1951 թվականին, Մայնի Ֆրանկֆուրտում։ Իր գաղափարախոսությամբ և սկզբունքներով սերում է ռեֆորմիստական 2-րդ Ինտերնացիոնալից։ Իր պաշտոնական նպատակն էր համարում դեմոկրատական սոցիալիզմը, որի դրույթները շարադրված են Մայնի Ֆրանկֆուրտի հիմնադիր կոնգրեսում ընդունված «Դեմոկրատական սոցիալիզմի նպատակների ու խնդիրների մասին» հռչակագրում, որում նշված էր, որ «սոցիալիստների համար միևնույնն է, թե որտեղից են նրանք վերցնում իրենց համոզմունքները հասարակական հարաբերությունների մարքսիստական թե այլ վերլուծություններից կամ էլ կրոն, և հումանիստական սկզբունքներից։ Սոցիալիստական ինտերնացիոնալը և նրան անդամագրված կուսակցությունները տեսության մեջ և գործնականում հանդես են գալիս բանվոր դասակարգի և բուրժուազիայի միջև դասակարգային հաշտության և համագործակցության օգտին»։

Սեփական պնդմամբ, այն փորձում է «դեմոկրատական սոցիալիզմի» հասնել կապիտալիզմի և սոցիալիզմի «առավելությունների զուգորդման», առանց դասակարգային պայքարի և սոցիալիստական հեղափոխության, բուրժուական հասարակության «աստիճանական բարենորոգման» միջոցով։

Ֆրանկֆուրտի հռչակագրում ասված է, որ «դեմոկրատական սոցիալիստները համընդհանուր խաղաղության հաստատումն ընդունում են որպես մեր ժամանակի կարևորագույն խնդիրը»։

Խորհրդային շրջանի ինտերնացիոնալի գաղափարական դիրքերում տեղաշարժեր սկսեցին նշմարվել 70-ական թվականների սկզբին։ Դրա խորհրդի նստաշրջանը (1971, Հելսինկի) և 12-րդ կոնգրեսը (1972, Վիեննա) պնդում էին, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ են տարբեր հասարակարգերի պատկանող պետությունների խաղաղ գոյակցության սկզբունքին։ Ավելի ուշ Սոցիալիստական ինտերնացիոնալի ղեկավարները մասնակցել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցություն հրավիրելու նախապատրաստմանն ու անցկացմանը։ 1978 թ. ապրիլին Հելսինկիում կայացել է զինաթափման վերաբերյալ Սոցիալիստական ինտերնացիոնալի կոնֆերանսը, ավելի ուշ ստեղծվել Զինաթափման հարցերով խորհուրդ։ Սոցինտերնի արտաքին քաղաքական գործունեության մեջ առանձին տեղ է հատկացվել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների ժողովուրդների ազատագրական պայքարին և «երրորդ աշխարհի» խնդիրներին։

Սոցիալիստական ինտերնացիոնալի բյուրոն 1973 թ. փետրվարին Չիլիում գումարած նիստում հայտարարել է, որ պաշտպանում է «լատինաամերիկյան ժողովուրդների շարժումն անկախության և սոցիալական առաջադիմության համար»։ Հետագայում սատարել է Նիկարագուայում և Սալվադորում տեղի ունեցած հեղաշրջումների փորձերը։

Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհուրդը և բյուրոն 1956 թ. «Սոցիալիզմ և կոմունիզմ» փաստաթղթում մերժել են ԽՄԿԿ 20-րդ համագումարի կոչը սոցիալիստների և կոմունիստների համագործակցության վերաբերյալ, ընդգծելով, որ բացառում են կոմունիստական կուսակցությունների հետ համագործակցության բոլոր ձևերը։ Չնայած դրան, մի շարք երկրների սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցություններ (ճապոնիա, Ֆրանսիա, Իտալիա, Արևելյան Գերմանիա) առանձին հարցերում համագործակցում էին խորհդային կոմունիստների հետ։ Սոցիալիստական ինտերնացիոնալի բյուրոն 1972 թվականին ընդունել է որոշում, որ սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցություններն ազատ են այլ կուսակցությունների հետ իրենց երկկողմանի հարցերը որոշելիս։ Այնուամենայնիվ կոմունիստների հետ համագործակցելու հարցը շարունակում էր մնալ սուր հակասությունների առարկա Սոցիալիստական ինտերնացիոնալի ներսում։ Պաշտոնական օրգանն է «Սոշըլիսթ ըֆեարս» («Socialist Affairs») բյուլետենը (մինչև 1971 թվականը՝ «Սոշըլիսթ ինթերնեյշընըլ ինֆորմեյշըն», «Socialist International Information»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 36