Սմբատ Դ Բագրատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմբատ Դ Բագրատունի
Սպերի իշխան
թագադիր ասպետ
մարզպան
604-616
Մարզպանական Հայաստան
Նախորդող Մանվել
Հաջորդող Վարազտիրոց Բ
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Ծննդյան օր 6-րդ դար
Վախճանի օր 616[1] կամ 617[1]
Դինաստիա Բագրատունիներ
Հայր Մանվել Բագրատունի
Զավակներ Վարազտիրոց Բ Բագրատունի

Սմբատ Բագրատունի (ծննդյան թվականն անհայտ-617), հայ զինվորական գործիչ, Մանվել Բագրատունու որդին, իշխան (6-րդ դարի վերջ)։ Նա Բյուզանդական Հայաստանի իշխաններից Մուշեղ Մամիկոնյանի զորաբանակում մասնակցել է պարսից արքա Խոսրով II Փարվեզի գահի հավակնորդ Վահրամ Չուբինի դեմ ճակատամարտին։

Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև Հայաստանի երկրորդ բաժանումից (591) հետո Մավրիկիոս (Մորիկ) կայսրը Սմբատ Բագրատունու հեծելագունդը (1000 մարտիկ) փորձել է ուղարկել Թրակիա։ Սակայն Սմբատ Բագրատունին ապստամբել և քաշվել է լեռները՝ գերադասելով «մեռանիլ ի վերայ աշխարհին իւր»։ Շուտով ապստամբությանը միացել են նաև մի քանի այլ նախարարներ։ Կայսերական ուժերը ճնշել են ապստամբությունը, ղեկավարներին ձերբակալել և ուղարկել Կոստանդնուպոլիս։

Կայսերական ատյանը Սմբատ Բագրատունուն դատապարտել է մահվան՝ մերկ նետելով կրկես՝ գիշատիչ գազանների հոշոտմանը։ Հաղթամարմին և վիթխարի ուժի տեր Սմբատ Բագրատունին կրկեսամարտում անզեն հաղթել է նախ կատաղի արջին, ապա առյուծին և ցլին, արժանացել հանդիսականների (այդ թվում՝ կայսրուհու) հիացմունքին և ներմանը։ Կայսրը ստիպված է եղել կատարել հանդիսականների պահանջը, բայց երկյուղելով անընկճելի իշխանից, նրան աքսորել է Աֆրիկա՝ զինվորական տրիբունի համեստ պաշտոնով։

Կասկածներ անձի շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մխիթար Անեցու, Սիմեոն Ապարանեցու և շատ այլ պատմիչների՝ Սմբատ Բագրատունուն աքսորից փախել է Պարսկաստան, որին հակադրվում են Սեբեոս պատմիչը և Արամ Տեր-Ղևոնդյանը։ Վերջիններս Պարսկաստանում գործունեություն ծավալած Սմբատ Բագրատունուն համարում են առանձին իշխան՝ Քչիկ Բագրատունի իշխանի որդի , ով անվանված է որպես Սմբատ Բազմահաղթ։ Նա 600 թվականին նշանակվել է Վրկան աշխարհի մարզպան։ Այդ պաշտոնում Սմբատ Բագրատունին մեծապես նպաստել է Միջին Ասիա գաղթեցված հայերի մայրենի լեզվի դպրության ուսուցման կազմակերպմանը։

607 թվականին ուղարկվել է Հայաստան՝ լուծելու այնտեղ ծագած եկեղեցական վեճերը։ Սմբատ Բագրատունին Դվինում ձեռնամուխ է եղել Աբրահամ Ա Աղբաթանեցու կաթողիկոս ընտրվելուն և Սուրբ Գրիգոր մայր տաճարի վերակառուցմանը։! 608 թվականին Սմբատ Բագրատունին ղեկավարել է քուշանների դեմ պատերազմը, մենամարտում սպանել քուշանների թագավորին։

610 թվականից Սմբատ Բագրատունին ապրել և գործել է Տիզբոնում։ Մասնակցել է պարսկական տերության հպատակ քրիստոնյաների մեջ դավանական միասնություն հաստատելու նպատակով 615 թվականին հրավիրված եկեղեցական ժողովին և ըստ պատմիչ Սեբեոսի, վճռական դեր խաղացել, որ պաշտոնական ճանաչվի Հայոց հավատը։

Սմբատ Բագրատունու ձեռք բերած դիրքն ու հեղինակությունը մեծապես նպաստել է Բագրատունիների հետագա հզորացմանը։

Ունեցել է երկու որդի՝ Վարազ-Սահակ և Վարազ-Տիրոց, որոնցից վերջինը դարձել է Հայոց իշխան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Histoire de l'Arménie des origines à 1071 — P. 264.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle։ Tables généalogiques et chronologiques, Rome,‎ 1990, p. 122.
  • Սեբեոս, Պատմութիւն, Երևան, 1979
  • Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885
  • Ակինյան Ն․, Կյուրիոն կաթողիկոս վրաց, Վենետիկ, 1910
Նախորդող
Մանվել Բագրատունի
Սպերի իշխան
Սմբատ Դ Բագրատունի

7-րդ դարի սկիզբ
Հաջորդող
Վարազտիրոց Բ Բագրատունի
Նախորդող
Բութմա
Հայոց մարզպան
Սմբատ Դ Բագրատունի

604-616
Հաջորդող
Շահրեենապետ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։