Ռեցիդիվիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ռեցիդիվիստ, կրկնահանցագործ, նախկինում հանցավոր արարք կատարելու համար դատապարտվելուց հետո նոր հանցագործություն կատարած անձ։ Նկատի ունենալով հասարակական մեծ վտանգավորությունը, ռեցիդիվիստի նկատմամբ օրենքով նախատեսված պատիժն ավելի խիստ է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին խորհրդային քրեական օրենսդրությամբ ռեցեդիվիստ ճանաչված անձանց նկատմամբ տարածվում են որոշակի իրավական հետևանքներ, նրանք երաշխավորության չեն տրվում, սահմանափակվում է ժամկետից շուտ պատժից ազատման, այն մեկ այլ ավելի մեղմ պատժով փոխարինելու հնարավորությունը, նախկինում ազատազրկման դատապարտված ռեցեդիվիստ, որպես կանոն, պատիժը կրում է խիստ ռեժիմի գաղութներում։

Դատարանը անձին կարող է ճանաչել առանձնապես վտանգավոր ռեցեդիվիստ, եթե նա՝

  • նախկինում առանձնապես վտանգավոր պետ․ որևէ հանցագործության, որևէ այլ առանձնապես վտանգավոր հանցագործության համար դատապարտվելուց հետո կրկին այդ հանցագործություններից մեկի համար դատապարտվում է 5 տարուց ոչ պակաս ժամկետով․
  • երկու անգամ որևէ առանձնապես վտանգավոր պետական հանցագործություն կամ օրենքում թվարկված որևէ այլ վտանգավոր հանցագործություն կատարելուց հետո նորից այդ հանցագործություններից որևէ մեկի կատարման համար դատապարտվում է 3 տարուց ավելի ժամկետով․
  • երեք և ավելի անգամ ազատազրկման դատապարտվելուց հետո նորից դատապարտվում է ազատազրկման չարամիտ խուլիգանության կամ օրենքում նշված այլ ծանր հանցագործությունների համար․
  • վերոհիշյալ հանցագործություններից որևէ մեկի կատարման համար ազատազրկման դատապարտվելուց հետո նոր դիտավորյալ հանցագործության համար դատապարտվում է ազատազրկման 5-ից ոչ պակաս տարի ժամկետով։

Դատարանն անձին առանձնապես վտանգավոր ռեցեդիվիստ ճանաչելու հարցը քննության առնելիս հաշվի է առնում հանցավորի անձնավորությունը, կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա շարժառիթը և այլն։ Անձին առանձնապես վտանգավոր ռեցեդիվիստ ճանաչելու հարցը լուծելիս դատվածությունը հաշվի է առնվում նրա 18 տարին լրանալուց հետո։ Դատվածությունը մարվելուց հետո անձը դադարում է կոչվել առանձնապես վտանգավոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։