Ռեյնալդո Բինյոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյնալդո Բինյոնե
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Ազգային ռազմական քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր հունվարի 21, 1928(1928-01-21)[1]
Ծննդավայր Morón, Բուենոս Այրես, Արգենտինա
Վախճանի օր մարտի 7, 2018(2018-03-07)[2][1] (90 տարեկան)
Վախճանի վայր Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն  Արգենտինա
 
Ինքնագիր Изображение автографа

Ռեյնալդո Բենիտո Անտոնիո Բինյոնե Ռամայոն (Reynaldo Benito Antonio Bignone Ramayónիսպ.՝ հունվարի 21, 1928(1928-01-21)[1], Morón, Բուենոս Այրես, Արգենտինա - մարտի 7, 2018(2018-03-07)[2][1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ռազմական և քաղաքական գործիչ, Արգենտինայի ինքնահռչակ նախագահ (1982 թվականի հուլիսի 1-ից մինչև 1983 թվականի դեկտեմբերի 10-ը), գեներալ, Արգենտինայի վերջին ռազմական բռնապետը, ով հարկադրված եղավ երկիրը կարճ ժամանակով կառավարելուց հետո իշխանությունը փոխանցել Ռաուլ Ալֆոնսինի կառավարությանը։ Ժամանակակից Արգենտինայում ինչպես ռազմական խունտայի մյուս գործիչների, այնպես էլ նրա անունը հանված է երկրի նախագահների ցուցակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բինյոնեն ինքն իրեն Արգենտինայի նախագահ հռչակեց այն բանից հետո, երբ Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիների համար անգլիացիների դեմ մղված պատերազմում արգենտինացիները պարտություն կրեցին, և ժողովրդական դժգոհ զանգվածների բազմահազարանոց հզոր ցույցերի ճնշման տակ Լեոպոլդո Գալտիերին հարկադրված եղավ հրաժարվել երկրի նախագահի պաշտոնից։ Սակայն Բինյոնեին չհաջողվեց ժողովրդի դժգոհության ալիքը հանդարտեցնել. մարդկանց ուշադրությունը ներքին քաղաքական հիմնախնդիրներից շեղող պատերազմական գործողությունները դադարել էին, իսկ զանգվածների՝ գրեթե նույն ուժգնությամբ շարունակվող փողոցային ելույթները ակնբախորեն ցույց էին տալիս, որ ժողովրդավարական արժեքներին վերադարձը այլևս անխուսափելի է։ Բինյոնեն փորձ արեց դեպի ժողովրդավարություն վերադարձը պայմանավորել 1976-1983 թվականներին՝ այսպես կոչված՝ «կեղտոտ պատերազմի» տարիներին իշխած ռազմական վարչակարգերի կողմից թույլ տրված մարդու իրավունքների վայրագ ոտահարումների հետաքննության գործընթացում սահմանափակումներ մտցնելով, սակայն Արգենտինայի քաղաքական կուսակցությունները մերժեցին նրա առաջարկությունները։ Նախագահի պաշտոնում Բինյոնեին հաջորդած Ռաուլ Ալֆոնսինի կառավարման երրորդ տարում՝ 1985 թվականին, Արգենտինայի վերջին ռազմական բռնապետին մեղադրանք առաջադրվեց մարդկանց զանգվածաբար առևանգելու, խոշտանգելու, սպանելու համար։ Սակայն 1986 թվականին նա ազատ արձակվեց։

1999 թվականի հունվարին Բինյոնեն դարձյալ դատապարտվեց։ 2006 թվականին բանտարկությունը փոխարինվեց տնային կալանքով, բայց 2007-ին նա կրկին բանտ նետվեց՝ խունտայի կառավարման տարիներին մարդու իրավունքների նկատմամբ կատարած ոտնձգությունների համար։ 2010 թվականի ապրիլին նա դատապարտվեց 25 տարվա ազատազրկման[3]։

Հաջորդ տարվա մարտի 1-ին մեկնարկեց Բինյոնեի և Արգենտինայի ևս մեկ նախկին նախագահի՝ Խորխե Վիդելայի նկատմամբ հերթական դատական գործընթացը։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ քաղաքական դրդապատճառներով բանտերը նետված այլախոհ կանանցից խլել էին նորածին՝ մի քանի օրական երեխաներին, մայրերին մեծ մասամբ դաժանաբար սպանել, այդ թվում՝ ինքնաթիռներից ծովը նետելով։ 2012 թվականի հուլիսին արգենտինական դատարանը երկուսին էլ մեղավոր ճանաչեց մեղսագրված հանցանքների մեջ։ Բինյոնեն դատապարտվեց 30 տարվա ազատազրկման։ 2016 թվականի մայիսին «Կոնդոր» գործողության հետ կապված դատական գործի քննությամբ նրա բանտարկության ժամկետը դատարանի վճիռով ավելացվեց ևս 20 տարով[4]:.

Ռեյնալդո Բենիտո Բինյոնեն մահացել է բանտում, 2018 թվականի մարտի 7-ին, 90 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյնալդո Բինյոնե» հոդվածին։