Պլուտարքոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլուտարքոս
Πλούταρχος
Ծնվել էոչ վաղ քան 45 և ոչ ուշ քան 50
ԾննդավայրChaeronea, Achaea, Հին Հռոմ[1][2][3][…]
Վախճանվել էմոտ 120[1][4][2][…]
Վախճանի վայրանհայտ[5][6]
Մասնագիտությունակնարկագիր, քահանա, մագիստրատ, կենսագիր, պատմաբան, գրող և փիլիսոփա
Լեզուհին հունարեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ժանրերկենսագրություն
Ուշագրավ աշխատանքներՀամեմատական կենսագրություններ և Q19740354?
ԱմուսինTimoxena?
ԶավակներՊլուտարքոս Կրտսեր և Լամպրիաս
Պլուտարքոս Վիքիքաղվածքում
 Plutarch Վիքիպահեստում

Պլուտարքոս (հունարեն՝ Πλούταρχος, լատին․՝ Lucius Mestrius Plutarchus, Լուկիոս Մեստրիոս Պլուտարքոս, ոչ վաղ քան 45 և ոչ ուշ քան 50, Chaeronea, Achaea, Հին Հռոմ[1][2][3][…] - մոտ 120[1][4][2][…], անհայտ[5][6]), հույն պատմիչ, կենսագիր, փիլիսոփա։ Գլխավորապես հայտնի է իր «Զուգահեռ կենսագրություններ» երկասիրությամբ, որտեղ զուգահեռաբար ներկայացնում է նշանավոր հույների և հռոմեացիների կենսագրությունները։ Թեև կենսագրությունները շարադրելիս Պլուտարքոսը նպատակ չէր հետապնդում տալու պատմական անցքերի հստակ վավերագրական պատկերը և ուշադրությունը սևեռում էր հերոսների բարոյական բնութագրի վրա, այսօր «Զուգահեռ կենսագրություններն» օգտագործվում են որպես արժեքավոր պատմական աղբյուր։

Հռոմեացի զորավարներ և քաղաքական գործիչներ՝ Սուլլայի, Լուկուլլոսի, Պոմպեոսի, Հուլիոս Կեսարի և Մարկոս Անտոնիոսի կենսագրությունները տեղեկություններ են պարունակում նաև անտիկ Հայաստանի պատմության, մասնավորապես՝ Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի ժամանակաշրջանի վերաբերյալ։

Պլուտարքոսի «Զուգահեռ կենսագրությունները» թարգմանվել են գրաբար (Պլուտարքեայ Քերովնացւոյ Զուգակշիռք, թարգմանեալ ի բնագրէն Հ. Եղիայ վարդապետի Թումաճան, հ. Ա-Զ, Վենետիկ, 1832-1834)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հունաստանի Բեովտիա նահանգի Քերոնեա քաղաքում , կրթությունը ստացել է Աթենքում։ Պլուտարքոսի հռոմեական կապերն ու հռոմեասեր համոզմունքները ապահովեցին կայսրերի՝ Տրայանոսի և Հադրիանոսի հովանավորությունը և կյանքի վերջին տարիներին Աքայայի պրոկուրատորի պաշտոնը։ 95 թվականին նրան շնորհվեց Դելփյան տաճարի քուրմի կոչում։

Պլուտարքոսը Քերոնեայում ստացել է քերականի և հռետորական կրթություն, ապա ուսումը շարունակել է Աթենքում։ Ճանապարհորդել է Հունաստանում, ապրել Ալեքսանդրիայում և Հռոմում։ Եղել է Հռոմի ապագա կայսր Ադրիանոսի դաստիարակը, ստացել Հռոմի քաղաքացիություն, ապա նշանակվել Աքքայա պրովինցիայի (վարչական միավոր) դատախազ։ Կյանքի մեծ մասն անցկացրել է ծննդավայրում. զբաղվել է հասարակական և լուսավորական գործունեությամբ։ Քերոնեայում ստեղծել է մասնավոր ակադեմիա, որտեղ ուսուցանել է երիտասարդությանը։ Նրա «Երեխաների դաստիարակության մասին» աշխատությունը Վերածննդի շրջանում թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ մանկավարժական բնույթի այլ գործեր՝ XV դարում՝ լատիներեն։ Որպես փիլիսոփա՝ Պլուտարքոսը հարել է Պլատոնյան ակադեմիային, էկլեկտիզմի ոգով տուրք է տվել ստոիկյան, պերիպատետիկյան և հատկապես պյութագորասականության ազդեցություններին։ Նա փիլիսոփայությունը համարել է ոչ այնքան հայեցակարգ, որքան դաստիարակության միջոց։ 95 թվականին ընտրվել է Դելփիքի Ապոլոնի սրբարանի քրմերի խորհրդի անդամ։ Որպես պատմագիր՝ արտահայտել է Հռոմեական կայսրության վերնախավի շահերը, եղել նրա նվաճողական քաղաքականության ջատագովը։ Պլուտարքոսի բարոյափիլիսոփայական և պատմագիտական հայացքներն արտահայտվել են նրա «Բարոյականք» (հայերեն՝ 1860 թվականին) և «Զուգահեռ կենսագրություններ» (հայերեն՝ «Զուգակշիռք», 1832–1835 թվականներ) աշխատություններում։ Վերջինս հունական և հռոմեական քաղաքական ու ռազմական հանրահայտ 70 գործիչների՝ զուգահեռ շարադրված (մեկ հույն և մեկ հռոմեացի) կենսագրությունների հավաքածու է (մոտ 50)։ Սրանցից մեզ են հասել 23 զույգ զուգահեռ կենսագրություններ (Թեսևս ու Հռոմուլոս, Ալեքսանդր Մակեդոնացի ու Հուլիոս Կեսար, Դեմոսթենես ու Ցիցերոն և այլն)։ Ըստ Պլուտարքոսի՝ դրանք զուտ պատմական երկեր չեն, այլ իր հերոսների բնութագրումներն են, նրանց մարդկային արժանիքների ու թուլությունների գրական դիմանկարները։ Միայն 4 կենսագրություն (այդ թվում՝ Պարսից Արտաքսերքսես I արքայի) ներկայացրել է առանձին՝ առանց համեմատությունների։ Պլուտարքոսը, որպես կանոն, հույն և հռոմեացի գործիչներին ներկայացրել է լավագույն գծերով, արդարացրել է միհրդատյան և հայ-հռոմեական պատերազմներին մասնակցած հռոմեական ընչաքաղց ու փառամոլ զորավարների (Լուկուլլոս, Պոմպեոս, Կրասոս, Անտոնիոս) նվաճողական արշավանքներն Արևելքում, իսկ նրանց հակառակորդների՝ իրենց անկախության համար պայքարի ելած հայերի և պարթևների գործողությունները համարել է բարբարոսական։ «Էթիկա» ընդհանուր խորագրով աշխատությունն ընդգրկում է Պլուտարքոսի բարոյախրատական, փիլիսոփայական գործերը՝ «Թագավորների և զորավարների ասույթները», «Հունական հարցեր», «Հռոմեական հարցեր», «Միապետության, ժողովրդավարության և օլիգարխիայի մասին», «Իզիսի և Օզիրիսի մասին» և այլն։ Հայաստանի, հայերի և հայ գործիչների մասին Պլուտարքոսը զանազան տեղեկություններ է հաղորդում «Թագավորների և զորավարների ասույթներում»։ Նա նկարագրել է Արտաշատի կառուցումը, մ. թ. ա. 69–66 թվականներին հայ-հռոմեական պատերազմը, Տիգրան Բ Մեծի գործունեությունը, նրա փոխհարաբերությունները՝ Լուկուլլոսի և Պոմպեոսի, Արտավազդ Բ-ի փոխհարաբերությունները՝ Կրասոսի և Անտոնիոսի հետ։ Հռոմի ոտնձգություններից իրենց երկիրը պաշտպանող Հայոց Տիգրան Բ Մեծ և Արտավազդ Բ թագավորները վատաբանված են։ Պլուտարքոսը հիմնականում ոչ քննադատաբար է վերաբերվել օգտագործած աղբյուրներին, բայց Հերոդոտոսին հանդիմանել է հույն-պարսկական պատերազմների նկարագրության ժամանակ ցուցաբերած «կողմնակալության» համար։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլուտարքոսի ընտանիքի մասին շատ բան չգիտենք։ Նա ամուսնացած է եղել Տիմոքսենի հետ։Ամուսիներն ունեցել են չորս որդի և մեկ դուստր։Դուստրը և որդիներից մեկը մահացել են վաղ հասակում։Տեսնելով իր կնոջ տառապանքը փիլիսոփան գրեց «Սփոփանք կնոջ» ստեղծագործությունը[7]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլուտարքոսի մահվան ստույգ ամսաթիվը հայտնի չէ։Ընդունված է,որ Պլուտարքոսը մահացել է մոտ 127 թվականին։ Նա մահացել է իր ծննդավայրում,սակայն հուղարկավորվել է Դելֆում ՝ըստ իր կտակի[7]։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ աղբյուրները մեզ են ավանդել Պլուտարքոսի գրած 227 ստեղծագործության անուն, որից մեզ է հասել 150-ը։ Հասած ստեղծագործություններից մի մասի հեղինակությունը, սակայն, կասկածելի է։ Պլուտարքոսի ստեղծագործությունները ընդունված է բաժանել երկու մասի՝ moralia (բարոյագիտական, կրոնական, փիլիսոփայական, մանկավարժական, քաղաքական, հիգիենայի, կենդանիների հոգեբանության, երաժշտության, գրականության վերաբերյալ երկասիրություններ) և վարքագրություններ։

Պլուտարքոսի անանց նշանակությունը հիմնված է նրա «Զուգահեռ վարքագրություններ» ստեղծագործության վրա, որն իրենից ներկայացնում է հույն և հռոմեացի գործիչների զույգ կենսագրությունների շարք։ Մեզ է հասել 23 զուգահեռ վարքագրություն։ Պլուտարքոսը կենսագրական ժանրի մեծագույն ներկայացուցիչն է։ Պլուտարքոսի հերոսները կենդանի են, իրական, իրենց թուլություններն ու արժանիքներն ունեցող կայացած բնավորություններ են։ Նրա կարծիքով կենսագրության մեջ արտացոլված իրադարձությունները ավելի լավ են ներկայացնում հերոսի բնավորությունը, քան նկարագրությունը։

«Զուգահեռ կենսագրության» մեջ Պլուտարքոսը ներկայացրել է (Թեսևս ևՀռոմուլոս, Ալեքսանդր Մակեդոնացի և Հուլոս Կեսար ,Դեմոսթենես և Կիկերոն) կենսագրությունները և համեմատել նրանց նման ու տարբեր հատկանիշները։ «Զուգահեռ կենսագրության» մեջ չորս կենսագրություն այդ թվում ՝Արտաքսերքսես Առաջինի կենսագրությունը գրել է շեղվելով իր ընտրած սկզբունքից։Այս ստեղծագործությունը գրելիս Պլուտարքոսի նպատակն ոչ թե պատմություն շարադրելն էր ,այլ իր ընտրած գործիչների վարքը, բնութագիրը ,ներկայացնելն և նրանց օրինակով սերունդներին դաստիրակելն[7]։

Պլուտարքոսը զգուշացնում է, որ նրա նպատակը պատմություն գրելը չէ։ Աննշան արարքը, խոսքը կամ կատակը երբեմն ավելի արտահայտիչ ու ուսուցողական են, քան ճակատամարտերն ու պաշարումները։ Այդ պատճառով նրա վարքագրություններում տեղ են գտնում և՛ պատմական անեկդոտները, և՛ հերոսների խոսքերը, որոնք Պլուտարքոսի շնորհիվ դարձան թևավոր, և՛ նույնիսկ՝ բամբասանքները։

Պլուտարքոսը մեծապես ազդել է եվրոպական գրականության, հատկապես, պատմական և կենսագրական ժանրերի զարգացման վրա։ Նրա վարքագրություններից օգտվել են Էրազմ Ռոտերդամցին, Ռաբլեն, Շեքսպիրը, Մոնտենը, Կոռնեյլը, Ռասինը, Ռուսոն և այլ հեղինակներ։

Հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 Walbank F. W. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  6. 6,0 6,1 6,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  7. 7,0 7,1 7,2 Հայկական Սովետական Հանրագիտարան. Երեվան. 1983. էջեր 333–334.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուբեն Մանասերյան, Տիգրան Մեծ, Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ, Երևան, 1987։
  • Ն. Մ. Խաչատրյան, Անտիկ գրականության պատմություն, Երևան, 2002

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պլուտարքոս հոդվածին