Պետությունների իրավահաջորդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետությունների իրավահաջորդություն, տվյալ տարածքի վրա, ըստ միջազգային իրավունքի, մի պետության ինքնիշխանության վերջնական փոխարինումն է մեկ այլ պետության ինքնիշխանությամբ[1]։

Պետությունների իրավահաջորդությունը խարսխված է տարածքի իրավատիրության վրա։ Այսինքն, երբ որևէ նորաստեղծ պետություն ժառանգում է կամ այլ ձևով իր իրավունքն է հաստատում որոշակի տարածքի վրա, ապա այդ պետությունը ստանձնում է տվյալ տարածքին ամրագրված իրավունքներն ու պարտավորությունները։ Պայմանագրերի մասով պետությունների իրավահաջորդության մասին Վիեննայի 1978 թվականի կոնվենցիայի և Պետական գույքի, արխիվների և պարտքերի մասով պետությունների իրավահաջորդության մասին Վիեննայի 1983 թվականի կոնվենցիայի համապատասխան հոդվածները (երկուսի մեջ էլ նույնական՝ # (2(1)(a)) պետությունների իրավահաջորդությունը սահմանել են որպես «մի պետության փոխարինումը մեկ այլով [այլ պետությամբ]՝ միջազգային հարաբերություններում տարածքի պատասխանատվության առումով»[2][3]։

Վիեննայի կոնվենցիան (1978) ամրագրել է՝

Նորանկախ պետությունը պարտավորված չէ ուժի մեջ թողնել կամ կողմ դառնալ որևէ պայմանագրի միայն այն պատճառով, որ պետությունների փոխհաջորդման օրն այդ պայմանագիրն ուժի մեջ է եղել խնդրո առարկա (պետությունների տարանջատված) տարածքի համար։
- Հոդված 16. Դիրքորոշում նախորդող պետության պայմանագրերի նկատմամբ։

Պետությունների իրավահաջորդությունն ածանցվում է ինքնիշխանությունից (sovereignty)։ Միմիայն երկու ինքնիշխան պետությունների միջև կարող է լինել իրավահաջորդություն։ Ինքնիշխանությունը պետության բացառիկ իրավունքն է՝ կառավարելու սեփական բնակչության հարաբերությունները և զերծ լինելու արտաքին վերահսկողությունից (Sovereignty is the exclusive right of a State to govern the affairs of its inhabitants – and to be free from external control)[4]։

ՄԱԿ-ի քարտուղարության իրավական պարզաբանումից միանշանակորեն կարելի է եզրակացնել, որ անջատվող երկիրը չի հանդիսանում նախկին պետության պայմանագրային իրավունքների և պարտավորությունների իրավահաջորդը[5]։

Իրավահաջորդույթան հիմքը տարածքն է, և իրավահաջորդության մասին հռչակագիրը կամ այլ համահունչ փաստաթուղթը բնավ պարտադիր պայման չէ իրավահաջորդության փաստի առկայության համար։ Անգամ հակառակի պնդումը, այսինքն, առ այն որ նորաստեղծ պետությունը չի հանդիսանում նախորդ պետության իրավահաջորդը, բնավ չի ազատում տարածքի հաջորդ իրավատեր երկրին տարածքի նախորդ իրավատիրոջ պարտավորություններից։ Օրինակ, ՌԽՖՍՀ (հետագայում նաև ԽՍՀՄ-ը) կամ Թուրքիան ամեն կերպ ժխտում էին համապատասխանաբար Ռուսաստանի կայսրության և Օսմանյան կայսրության իրավահաջորդը լինելը, սակայն, քանի որ նրանք երկուսն էլ ժառանգել էին իրենց նախորդող երկրների տարածքների հիմնական մասը, միջազգային հանրության կողմից համարվում էիր նշյալ երկրների իրավահաջորդ երկրներ և դա ամրագրված է մի շարք միջպետական փաստաթղթերով, դատական վճիռներով և միջազգային պրակտիկայով։ Օրինակ, երկու երկրներն էլ տեր կանգնեցին իրենց նախորդների անշարժ գույքին արտասահմանում կամ ստանձնեցին և վճարեցին նախորդների պարտքերը[3]։

Նորանկախ երկիրը չի կարող պատասխանատվություն կրել մի բանի համար, օրինակ՝ արտաքին քաղաքականության, որի կայացման և ընթացքի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել[6]։ Այդպես՝ Հայաստանի ներկայիս Հանրապետությունը չի հանդիսանում ՀԽՍՀ իրավահաջորդը, բայց հանդիսանում է 1918-1920 թվականների Հայաստանի առաջին Հանրապետության իրավահաջորդը[3]։

Միջազգային իրավունքի վերոհիշյալ սահմանումից ակնհայտ է, որ պետությունների ընդհանուր իրավահաջորդությունը, որն էության մեջ իրարահաջորդություն է, և պայմանագրերի նկատմամբ իրավահաջորդությունը 2 տարբեր իրավական երևույթներ են։ Այսինքն, երբ առաջ է գալիս նորանկախ երկիր, ապա դա բնավ չի նշանակում, որ այն ժառանգում է նաև տվյալ տարածքին վերաբերող միջազգային իրավունքով ամրագրված պարտավորությունները[7]։

Իրավահաջորդությունը լայն առումով և, մասնավորապես պայմանագրային իրավունքների ու պարտավորությունների մասով, ոչ թե պետության կամքի կամ ցանկության հարց է, այլ տվյալ պետության ժառանգած տարածքի կարգավիճակից, չափից և նշանակությունից ածանցվող իրավական հետևություն։

Այսինքն, այս հարցում վճռորոշն այն իրավական կարգավիճակն է, ինչպես նաև չափն ու նշանակությունը, որն անջատվող տարածքը կամ միավորն ունեցել է նախկին պետության մեջ։ Երբ նոր երկիրն առաջանում է նախկին պետության բուն և իշխանակիր (core and dominant) տարածքի վրա, ապա այն կոչվում է նոր երկիր (new state) և հանդիսանում է գոյություն ունեցող պայմանագրային իրավունքների և պարտավորությունների (existing treaty rights and obligations) իրավահաջորդը։ Օրինակ, երբ Ավստրո-Հունգարիան Առաջին աշխարհամարտից հետո տրոհվեց, ապա Ավստրիան և Հունգարիան ամբողջությամբ ժառանգեցին Ավստրո-Հունգարիայի իրավունքներն ու պարտավորությունները[8]։

Նույն կայսրությունից անջատված Չեխոսլովակիան և Լեհաստանը, որոնք առաջ եկան որպես նորաստեղծ պետություններ (newly independent state), չհանդիսացան իրավահաջորդներ և նրանց պարագայում գործեց tabula rasa-յի (մաքուր տապանակի, clean slate) սկզբունքը[8]։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավահաջորդության ժամանակ ծագող հիմնական խնդիրը միջազգային պայմանագրերի՝ իրավահաջորդության հիմնական օբյեկտների ժառանգման հարցն է։ Միջազգային պայմանագիրը պետության արտաքին քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից է, որը ժամանակի որոշակի հատվածում իրավաբանորեն ամրապնդում է ուժերի քաղաքական հարաբերակցությունը միջազգային ասպարեզում։ Յուրաքանչյուր պայմանագրում դրսևորվում է այն կնքող պետությունների դասակարգային էությունը։ Միջազգային պրակտիկան վկայում է, որ պայմանագրի ժառանգման հարցում վճռորոշ դեր են խաղում քաղաքական շարժառիթները[9]։

ՀԽՍՀ և ՀՀ իրավահաջորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ ինքնիշխանությունը պետության բացառիկ իրավունքն է՝ կառավարելու սեփական բնակչության հարաբերությունները և զերծ լինելու արտաքին վերահսկողությունից, ապա ակնհայտ է, որ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը երբևէ չի եղել ինքնիշխան պետություն։ Քանի որ ՀԽՍՀ-ն չի եղել ինքնիշխան պետություն, հետևաբար Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել նրա իրավահաջորդը։ 1920 թվականի դեկտեմբերից, երբ Հայաստանը բռնազավթվեց արտաքին ռազմական ուժի կողմից և ՀԽՍՀ-ում օրենքի ուժ ստացան ՌԽՖՍՀ-ում գործող դեկրետները, մինչև 1991 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերը (երբ գործում էին միութենական սահմանադրությունը, օրենքներն ու կարգերը), ՀԽՍՀ երբեք բացառիկ իրավունք չի ունեցել ո՛չ սեփական տարածքի և ո՛չ էլ սեփական բնակչության նկատմամբ։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնումը հռչակվել է ՀՀ Անկախության հռչակագրի (23.08.1990) 2-րդ կետով. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միմիայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները»[10]։

ԽՍՀՄ և ՀՀ իրավահաջորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական է, որ ցանկացած պետություն կայանում է որոշակի տարածքի վրա։ Հարմարության համար այդ տարածքը կարելի է անվանել «պետականաստեղծ տարածք»։ Եթե պետականաստեղծ տարածքն ունեցել է նախկին գաղութի կամ արտաքին քաղաքականության հարցերում կախյալ տարածքի կարգավիճակ (former colonies and other territories dependent upon a dominant state for the conduct of foreign policy), ապա տվյալ դեպքում գործում է tabula rasa սկզբունքը։ Այսինքն, տրամաբանությունը շատ հստակ է. նորանկախ երկիրը չի կարող պատասխանատվություն կրել մի բանի համար, մեզ հետաքրքրող պարագայում՝ արտաքին քաղաքականության, որի կայացման և ընթացքի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել։

Ակնհայտ է, որ արտաքին քաղաքականության հարցերում, ինչպես նաև մնացած բոլոր հարցերում, ՀԽՍՀ ունեցել է կախյալ տարածքի կարգավիճակ։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության դեպքում անտարակույս գործում է tabula rasa-յի սկզբունքը։

Բացի այդ, ՀԽՍՀ իր տարածքով և բնակչությամբ չէր կարող հավակնել ԽՍՀՄ տարածքի բուն և իշխանակիր տարածք լինելուն։ ՀԽՍՀ-ն եղել է ԽՍՀՄ տարածքի մոտավորապես 0.14%-ը (22.402.200 կմ²-ից 29.800 կմ²) և ունեցել է բնակչության գրեթե 1.2%-ը (290 միլիոնից 3.4 միլիոնը)։

Միջազգային իրավունքի տեսանկյունից 14 նորանկախ երկրի, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության, առաջացումը տեղի է ունեցել ոչ թե ԽՍՀՄ տրոհումով, ինչպես հաճախ բնութագրվում է լրագրողական մակարդակում, այլ մայր երկրից (parent state)՝ ԽՍՀՄ-ից, նրա մասերի անջատումով և նորանկախ պետությունների ստեղծումով։ Անգամ դրանից հետո Ռուսաստանի տարածքը շարունակում է շատ ավելի մեծ լինել, քան հիշյալ բոլոր 14 պետությունների տարածքները միասին վերցրած։ Այդ իսկ պատճառով, Ռուսաստանի Դաշնությունն անվիճելիորեն համարվեց ԽՍՀՄ շարունակությունը (continuity) և նրա համար, ի տարբերություն մյուսների, կարիք չառաջացավ նորից վերանդամակցելու միջազգային կառույցներին կամ վերաստորագրելու ԽՍՀՄ միջազգային, բազմակողմ և երկկողմ պայմանագրերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brownlie I. Principles of Public International Law. Oxford, 5th ed., 1998, p. 649
  2. Wilfried Fiedler, State Succession, p, 641. [Encyclopedia of Public International Law, (ed. by R. Berhardt) v.4, Amsterdam, 2000, pp. 641-656]
  3. 3,0 3,1 3,2 «Հայաստանի հանրապետությունների իրավահաջորդության հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  4. Slomanson W.R. Fundamental Perspectives on International Law. Belmont, 3rd ed., 2000, p. 206
  5. Document A/CN.4/149 and Add. 1. The succession of States in relation to membership in the United Nations: memorandum prepared by the Secretariat, Yearbook of the International Law Commission, 1962 , vol. II, p. 101.
  6. : Ի դեպ, ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին օրենքի կրկնամեկնությունը (Restatement of the Law (3d) of Foreign Relations Law of the United States) tabula rasa-ի սկզբունքը վերապահում է ոչ միայն նորանկախ երկրներին (newly independent state), այլև բոլոր նոր երկրներին (new states)
  7. Կոնվենցիան ստորագրման համար բաց է հայտարարվել 1978 թվականի օգոստոսի 22-ից։ Ուժի մեջ է մտել 1996 թվականի նոյեմբերի 6-ին։ Ներկայումս նրան մաս են կազմում հետևյալ երկրները. Բոսնիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դոմինիկա, Էկվադոր, Եգիպտոս, Էստոնիա, Եթովպիա, Իրաք, Լիբիա, Մարոկկո, Սենտ Վինսենթ և Գրենադիններ, Սերբիա, Սեյշելներ, Սլովակիա, Սլովենիա, Մակեդոնիա, Թունիս և Ուկրաինա (20 պետություն)
  8. 8,0 8,1 Williamson E.D. (Legal Adviser, U,S. Department of State) Treaty Succession and Related Issues in the wake of the Breakup of the USSR, p. 3. (Panel on State Succession and Relations with Federal States,” March 31, 1992, Washington, D.C.)
  9. «Նորաստեղծ պետություններ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  10. ՀՀ Անկախության հռչակագիր

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Արա Պապյանի հեղինակած Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու)