Պարույր Հայրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարույր Հայրիկյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1949(1949-07-05) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Նուբարաշեն վարչական շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՀԱՊՀ (1966)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
ԾնողներԱրշավիր Հայրիկյան
Զարուհի Աբրահամյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԱզգային միացյալ կուսակցություն և ԱԻՄ
Պարգևներ և
մրցանակներ
Անձնական զենք ՀՀ վարչապետից[1]
Կայքhayrikyan.com
 Paruyr Hayrikyan Վիքիպահեստում

Պարույր Արշավիրի Հայրիկյան (հուլիսի 5, 1949(1949-07-05), Երևան, Նուբարաշեն վարչական շրջան), հայ քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ[2][3], 1967 թ․-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ[3][4], այնուհետև՝ ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար[5][6], գրող, երգահան[2]։

Չորս անգամ դատապարտվել է քաղաքական գործունեության համար, շուրջ 17 տարի (1968-1987 թվականներին) անցկացրել կալանավայրերում[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1949 թ. հուլիսի 5-ին, Նուբարաշենում[8]։ 1956 թ. ընդունվել է Նուբարաշենի միջնակարգ դպրոցը, որը գերազանցությամբ ավարտել է 1966 թ.։ Դեռ դպրոցական տարիքում Պարույր Հայրիկյանը հիմնում է «Հայաստանի երիտասարդական միությունը» (ՀԵՄ), որի անունից թռուցիկներ էին տարածվում Երևանում և Կիրովականում։ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակիցները Երևան-Կիրովական գնացքում ձերբակալում են թռուցիկներ տարածող դպրոցական աղջիկների, որոնց միջոցով իմանում են Հայրիկյանի մասին։ Այդ կազմակերպության բացահայտումից հետո նա հիմնում է «Շանթ» կազմակերպությունը, որի նպատակն էր Հայաստանի տարածքային վերամիավորումը։ 7-րդ դասարանից ամառային արձակուրդների ժամանակ աշխատում էր հոր հետ և օգնում մորը հաշվապահության մեջ։ Մեծ սեր ուներ երաժշտության նկատմամբ, շեփոր էր նվագում Նուբարաշենի մանկատանը։ Գրում էր պատմվածքներ, վիպակներ, բանաստեղծություններ։ Այն ժամանակ տարածված էր պատանի բանաստեղծի «Հայի վիշտը» բանաստեղծությունը, որը վերջանում էր «Մասիս սարն այն կողմ կանգնած հանգիստ չի բաշխի» բառերով[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրիկյանի հայրը՝ Արշավիր Հովհաննեսի Հայրիկյանը, ծնվել է Պոլսում՝ մտավորականի ընտանիքում, 1946 թ. ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ Արշավիրի հորեղբայրը՝ Աբրահամ Հայրիկյանը, եղել է աշխարհագրության, թուրքերենի և հին ազգերի պատմության ուսուցիչ, հիմնադրել է Հայրիկյան վարժարանը, որն այնուհետև վերանվանվել է Արդի վարժարան[10][11]։ Աբրահամ Հայրիկյանը մեծ հեղինակություն էր վայելում Պոլսի կրթադաստիարակչական կյանքի մեջ։ Նահատակվել է 1915 թ. ապրիլի 24-ին, պոլսահայ այլ մտավորականների հետ։ Պարույր Հայրիկյանի մայրը՝ Զարուհի Սեդրակի Աբրահամյանը, ծնվել է Ռուսաստանի Կրասնոդարում, ուր գաղթել էին նրա ծնողները Մեծ եղեռնի ժամանակ։ Վեց տարեկանից ծնողների հետ տեղափոխվել է Երևան։ Զարուհի Աբրահակյանի հայրը՝ Սեդրակ Սահակի Աբրահամյանը (Կռեյանց), ծնվել է Վանի Հայոց Ձոր գյուղում՝ ավանդական սովորույթներով մեծ գերդաստանի նահապետ Կռեյանց Սահակի ընտանիքում։ Նրանց նախնիները դարերով ապրել են Վանում և զբաղվել գյուղատնտեսությամբ։ Զարուհի Աբրահամյանի մայրը՝ Փիաստոս Ասատուրի Աճեմյանը, ծնվել է Վանում՝ մեծահարուստ արհեստավորների ընտանիքում, ում նախնիները նույնպես ապրել են Վանում։

Այլախոհական գործունեությունը ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրիկյանի ուսանողական տարիներին «Շանթը» նոր վերելք է ապրում։ Տպագրվում է «Երկունք» թերթը և «Ցասում» թռուցիկը։ ՊԱԿ-ը բացահայտում է «Շանթի» անդամներին։ Կազմակերպության բացահայտված անդամներին խստորեն նախազգուշացնում են և սպառնում նման գործունեությունը շարունակելու դեպքում ենթարկել պատժի։ 1967 թ. Հայրիկյանն անդամագրվում է 1966 թ. նկարիչ Հայկազն Խաչատրյանի ստեղծած Ազգային միացյալ կուսակցությանը (ԱՄԿ)[12]։ 1968 թ. Հայրիկյանը ծանոթանում է Ազգային միացյալ կուսակցության ղեկավարների հետ և այդ ժամանակ էլ «Շանթը» տեղափոխում ԱՄկ։ Հայրիկյանը ԱՄԿ-ի շարքերում մասնակցում է ''Փարոս-1''-ի տարածմանը, կատարում կազմակերպչական աշխատանք և դառնում ԱՄԿ-ի ամենագործուն անդամներից մեկը։ 1968 թ. ապրիլի 24-ին, Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մոտ Հայրիկյանը կազմակերպում է 15 րոպե տևողությամբ ռադիոհաղորդում, որի թեման անկախ Հայաստանն էր։ Կազմակերպողի՝ Հայրիկյանի մասին ՊԱԿ-ն իմացավ 1969 թ. դատաքննության ժամանակ՝ նրան կցված մատնիչի միջոցով։ 1968 թ. ԱՄԿ-ի ղեկավարների կալանավորումից հետո Հայրիկյանը դառնում է կուսակցության ամենագործուն անդամը։ ԱՄԿ-ին անդամագրվում են նորանոր մարդիկ։ Մշակվում է գաղտնի գործունեության հուսալի համակարգ. անդամները ստորաբաժանվում են ըստ խմբերի և մասնաճյուղերի, որոնք միմյանց հետ առնչվում են իրենց ղեկավարների կամ կապավորների միջոցով։ Առաջին անգամ Հայրիկյանը ձերբակալվում է 1969 թ. գարնանը, երբ 20 տարին դեռ չէր բոլորել։ Երիտասարդ գործչին բնութագրում է նախաքննությունից հետևյալ դրվագը. Հայրիկյանը հրաժարվում է ցուցմունքներ տալուց և պահանջում է, որ իրեն տանեն ՊԱԿ-ի նախագահ գեներալ-լեյտենանտ Բադամյանցի մոտ։ Հաջորդ օրը նրան ուղեկցում են գեներալի առանձնասենյակ։ Հայրիկյանը նրանից խնդրում է, որ մնան երկուսով, սակայն գեներալը մերժում է՝ ասելով, որ իր աշխատակիցներին վստահում է։ Հայրիկյանն առաջարկում է.«Մենք երկուսս էլ հայ ենք, երկուսս էլ մեր հայրենիքի լավն ենք ցանկանում։ Եկեք, ես ներքևից, Դուք՝ վերևից համագործակցենք և ազատենք մեր հայրենիքը»: Ցնցված գեներալը գոռում է. «Կորիր այստեղից»[9]։

1970 թ. Հայրիկյանը դատապարտվում է 4 տարվա ազատազրկման[13]՝ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության քր. օրենսգրքի 65 և 67 հոդվածներով։ Դատարանում իրեն մեղավոր չճանաչեց, հրաժարվեց դատապաշտպանից և ինքը պաշտպանեց՝ ոչ իրեն, այլ գերված հայրենիքը։ Առաջին ազատազրկման ժամկետը Հայրիկյանն անցկացնում է Մորդովայի Բարաշևո գյուղի քաղաքական կալանավորների համար նախատեսված ճամբարում[14]։ Իբրև քաղաքական կալանավոր անբասիր էր, ուներ մեծ հեղինակություն։ Ճամբարից կապ է հաստատում չբացահայտված ընկերների հետ, հոդվածներ է գրում և ուղարկում ընդհատակում տպագրելու համար։ Պատժախցերում եղած ժամանակ գրում էր երգեր և բանաստեղծություններ։

1973 թ., վերադառնալով ազատազրկումից, Պարույր Հայրիկյանը շարոնակում է քաղաքական գործունեությունը, ինչպես նաև ուսումը պոլիտեխնիկում։ Աշխատում է Նուբարաշենի գործվածքների գործատանը։ Հայրիկյանի բացակայության 4 տարիների ընթացքում ԱՄԿ-ն շարունակում է գործել ընդհատակում՝ հավատարիմ մնալով Ազատ ու Անկախ Հայաստանի գաղափարին։ Հայրիկյանը կալանավայրից ոգեշնչում էր ընկերներին։ Ճամբարում մշակում է «ՓԱՐՈՍ-2»-ը և ուղարկում դուրս. ԱՄԿ անդամները այն տպագրում և տարածում են։ 1973 թ. Հայրիկյանի վերադարձից հետո ԱՄԿ ծրագիրը փոփոխությունների է ենթարկվում. նրա առաջարկով հանվում են բոլոր այն դրույթները, որոնք հակադրվում էին ԽՍՀՄ սահմանադրությանը։ Հայրիկյանի անմիջական ղեկավարությամբ բազմահազար տպաքանակով տարածվում են «ՓԱՐՈՍ-2» ԼՐԱՑՈՒՑԻՉ թերթն ու բազմաթիվ թռուցիկներ ու կոչեր։

ԱՄԿ-ի հիմնադիր Հայկազն Խաչատրյանի և մյուս ղեկավարների ձերբակալությունից հետո Հայրիկյանը դառնում է ԱՄԿ-ի փաստական ղեկավարը[14]։ 1973 թ. ստեղծվում է ԱՄԿ-ի գործադիր խորհուրդ, որի նախագահ է ընտրվում Հայրիկյանը։ Ազատության մեջ մնալով ընդամենը 9 ամիս՝ նա ԱՄԿ-ն բարձրացրեց նոր աստիճանի. այդ ժամանակահատվածը կազմակերպության ամենաարգասաբեր շրջանն էր, քաղաքական նոր մտածելակերպի շրջան։

1974 թ. անձնագրային կարգը խախտելու կեղծ մեղադրանքով Հայրիկյանին կալանավորում են՝ դատապարտելով 2 տարվա ազատազրկման։ Սակայան 2 ամիս անց հոդվածը փոխում են և դատապարտում ՀԽՍՀ Քր. օրենսգրքի 65 հոդվածի 2-րդ մասով և 67 հոդվածով։ Այս ապօրինի քայլը հիմնազուրկ էր, քանի որ ՊԱԿ-ը չկարողացավ որևէ ցուցմունք կորզել կալանավորված վկաներից։ Դատարանը հենվեց միայն Ռուբեն Խաչատրյանի ցուցմունքի վրա։ Նախաքննության ընթացքում Հայրիկյանն ու իր ընկերները գտնվում էին ՊԱԿ-ի մեկուսարանի տարբեր խցերում։ Սակայն նա կարողանում էր ոչ միայն նրանց հետ գաղտնի նամակագրական կապ ստեղծել, այլև հաստատել իր մշակած՝ ԱՄԿ-ի ծրագիրը։ Ծրագրի հիմնական դրույթը հետևյալն էր. ԽՍՀՄ սահմանադրության ընձեռած իրավունքով հանրաքվեի միջոցով հասնել Խորհրդային Հայաստանի անկախացմանը։ Այս ծավալուն փաստաթուղթը մեկուսարանից դուրս ուղարկելու փորձը ձախողվում է և Հայրիկյանն այս անգամ դատապարտվում է 7 տարվա կալանքի և 3 տարվա աքսորի։ Ի դեպ, նախաքննության ընթացքում, բացի ԱՄԿ-ի ծրագրից, գրում է նաև մի քանի երգեր ու բանաստեղծություններ։ Այս և այլ երգերով Պարույր Հայրիկյանը դառնում է ազգային-հայրենասիրական արդի երգարվեստի հիմնադիրը Հայաստանում։

ԱՄԿ նոր ծրագրի և կանոնադրության հիման վրա գրված և 1976 թ. մորդովական կալանավայրից գաղտնի դուրս ուղարկված՝ Հայրիկյանի «ԱՄԿ-ն իր գործունեության 10-րդ տարում» տեսական կազմակերպական հոդվածաշարը էական նշանակություն է ունենում հայ և այլ ազգային-ժողովրդավարական շարժումների զարգացման համար։ Նույն թվականին Հայրիկյանի բանտային ընկերները՝ ուկրաինացի բանաստեղծ Վասիլ Ստուսը և հրեա գրող Միխայիլ Հեյֆեցի նախաձեռնությամբ՝ ԱՄԿ գաղափարներն ընդունելու և ԱՄԿ համակիր անդամներ դառնալու մասին հայտարարություններ են ընդունում և հանրաքվեի պահանջով ԱՄԿ գործողություններին մասնակցում նաև ուկրաինացի, ռուս, հրեա, լատվիացի, մոլդովացի, լիտվացի և այլ ազգերի ներկայացուցիչ քաղկալանավորներ։ Սա ազգամիջյան համերաշխության իսկական օրինակ է։ Այս կալանքը Հայրիկյանն անցկացնում է Պերմի և Մորդովիայի քաղաքական ճամբարներում։ 1977 թ. կալանավայրում նա ընտրվում է ԱՄԿ-ի քարտուղար, որի մասին կազմակերպությունը տեղեկացնում է ԽՍՀՄ իշխանություններին։ Հայրիկյանն, այսպիսով, դառնում է ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության շարժման հիմնադիրը ԽՍՀՄ-ում։ Նա համարվում էր ամենագործուն քաղաքական կալանավորը և մոտ 400 օր անցկացրել է միայն պատժախցերում։ Պետերբուգցի պատմաբան, գրող, ազգությամբ հրեա Միխայիլ Հեյֆեցը, ում վիճակված էր դառնալ այդ օրերի տարեգիրը, գրել է «Ռազմագերի քարտուղարը. պատմություն Պարույր Հայրիկյանի մասին» գիրքը (առաջին անգամ լույս է տեսել 1985 թ., Լոնդոնում, ռուսերեն)։ Հեյֆեցը հիացմունքով է խոսում տարիքով իրենից շատ երիտասարդ Հայրիկյանի «խարիզմայի», առաջնորդի բնատուր տաղանդի, ազգային-ազատագրական պայքարին նրա անվերապահ նվիրման, իսկական և ոչ թե մոսկովյան պատկերացումներով ինտերնացիոնալիզմի մասին[15]։

1980 թ. հոկտեմբերից Հայրիկյանը Ուրալի Պերմ քաղաքի քննչական բանտում է, այնուհետև՝ Նովոսիբիրսկի, ապա՝ Իրկուտսկի բանտերում։ 1981 թ., ազատազրկման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ, Հայրիկյանն ամբաստանվում է կաշառատվության մեջ և Պերմում սարքված խայտառակ դատավարություն-ներկայացումից հետո դատապարտվում 3 տարվա ազատազրկման և ուղարկվում Իրկուտսկի մարզի հյուսիսում տեղակայված թմրամոլների համար նախատեսված հատուկ ճամբար։ Ընդհանուր առմամբ, կարցերներում է անցկացրել շուրջ 300 օր[16]։ Հրաշքով ողջ մնալով, 1984-1987 թթ. աքսորավայրում՝ Իրկուտսկի Ուստ-Կուտ շրջանում աշխատում է որպես էլեկտրիկ։ Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով Հայրիկյանն ընդունվում է Բրատսկի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա բաժինը. 20 հնարավորից հավաքելով 18 միավոր՝ գրավում է առաջին տեղը, սակայն պարզվում է, որ ինստիտուտի ղեկավարությունը «սխալմամբ մոռացել է» Հայրիկյանի անունը գրել հրամանի մեջ և այդ «սխալն ուղղել հնարավոր չէ»։ 1985 թ. Հայրիկյանն ընդունվում է Իրկուտսկի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Որպես շատ լավ ուսանողի, նրան թույլատրվում է հանձնել հաջորդ կուրսի քննությունները։ Հազիվ էր հասցրել հանձնել 2 քննություն, երբ նրան 1987 թ. հունիսին երկրորդ կուրսից հեռացնում են ՊԱԿ-ի հանձնարարությամբ։ Հետագայում Հայրիկյանն ավարտում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1987 թ. մայիսին Հայրիկյանի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվում է «Քաղկալանավորների պաշտպանության հայկական հանձնախումբը»։ Օգոստոսին վերադառնալով Հայաստան, Հայրիկյանը սեպտեմբերին հիմնում է Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կազմակերպությունը։ Վերջինս ԽՍՀՄ ամբողջ տարածքում բացահայտ պայքարող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր՝ իր «Անկախություն» շաբաթաթերթով։ «Անկախությունը» Խորհրդային Միությունում առաջին բացահայտ հրատարակվող այլընտրանքային քաղաքական պարբերականն էր, որը Հայաստանում ազատ մամուլի հիմքը դրեց։ 1973-74 թթ. ԱՄԿ խորհրդի անդամներից ոչ մեկը 1987 թ. պայքարը շարունակելու տրամադրվածություն չուներ, սակայն դա չէր կարող թևաթափ անել Հայրիկյանին։ Նրա հետ էին հին ԱՄԿ-ականներ Ռազմիկ Մարկոսյանը, Սուսաննա Ավագյանը, Մովսես Գորգիսյանը (հետագայում՝ ազգային հերոս) և Մեխակ Գաբրիելյանը։ Ազատ Արշակյանը, Աշոտ Նավասարդյանը և Հակոբջան Թաթևոսյանը ԱԻՄ-ին անդամագրվեցին միայն 1989 թ.։ Այդ ժամանակ էլ ԱՄՆ-ում գտնվող ԱԻՄ առաջնորդ Հայրիկյանը Աշոտ Նավասարդյանին նշանակում է Մովսես Գորգիսյանի նախաձեռնությամբ ԱԻՄ-ի կազմում որպես ապագա ազգային բանակի նախատիպ ստեղծված «Անկախության բանակի» հրամանատար։

ԱԻՄ-ի նպատակն էր ազգային պետականության վերականգնումը, առաջնահերթ խնդիրը՝ Հայաստանի անկախացումը հանրաքվեի միջոցով։ ԱԻՄ գործունեությանը ուշադիր հետևում էին Ուկրաինայում, Ռուսաստանում, Վրաստանում և ԽՍՀՄ մյուս հանրապետություններում։

1988 թվականի հունուարի 12-ին՝ Ուկրաինական քաղկալանավորների պաշտպանության օրը, Երևանում Հայրիկյանի հրաւերով կայացավ հայ, ուկրաինացի և վրացի այլախոհ ղեկավար դեմքերի հանդիպումը, որով սկիզբ դրվեց ազատության համար պայքարող ազգերի գործակցությանը։ Մասնակիցների թվում էին հետմահու Ուկրաինայի հերոս Վյաչեսլավ Չորնովիլը, հետմահու Վրաստանի ազգային հերոս Մերաբ Կոստավան և հետմահու Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը[14]։

Հայրիկյանը 1990 թ.

Ինքնորոշման շարժումն իր արձագանքն ու զարգացումը գտավ Արցախում, որի ժողովուրդը, մարզային խորհրդի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին վերամիավորվելու փետրվարյան որոշմամբ վերջ դրեց Մոսկվա խնդրագրեր ուղարկելու գործելակերպին և կրեմլին դրեց ծանր իրավիճակի մեջ։ Հայրիկյանը արցախյան ինքնորոշման, դրան հաջորդած սումգայիթյան ջարդերի, դրանցում Կրեմլի հանցավոր դերակատարության վերաբերյալ տեղեկատվության վստահելի աղբյուր էր արտերկրի լրատվամիջոցների համար։ «Ժողովրդավարության ու հրապարակայնության» վայ-բեմադրիչ Միխայիլ Գորբաչովը, որը ազատ էր արձակել բոլոր քաղկալանավորներին, հանձնարարեց կրկին (չորրորդ անգամ) կալանավորել Հայրիկյանին։ Դա տեղի ունեցավ 1988 թ. մարտին, Մոսկվայում, արտերկրի լրագրողների հետ Հայրիկյանի հանդիպումից հետո։ Հաջորդ օրը՝ մարտի 23-ին նրան տեղափոխեցին Երևան՝ ՊԱԿ-ի բանտ։ Հուլիսի 20-ին մոսկովյան իշխանությունները Հայրիկյանին հատուկ օդանավով, ձեռնակապերով տեղափոխեցին նախ Մոսկվա, այնուհետև, մեկ այլ հատուկ օդանավով՝ Եթովպիա։ Դրանից հետո նա անցավ Եվրոպա, այնուհետև՝ ԱՄն[17]։ Բռնի տարագրյալի վիճակում Հայրիկյանը մնաց մինչև 1990 թ. նոյեմբերը, որից հետո, միջազգային հանրության ճնշման տակ Գորբաչովը հարկադրված էր վերականգնել Հայրիկյանի քաղաքացիությունը և թույլատրեց վերադառնալ հայրենիք։ Նույն թվականին, դարձյալ տարագրության մեջ, Հայրիկյանն ընտրվեց Հայաստանի այն ժամանակվա խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Տարագրության ժամանակ՝ 1989 թ. Հայրիկյանը ընտրվեց, իսկ 1990 թ. հուլիսին Պրահայում վերընտրվեց Փարիզում հիմնադրված «ԽՍՀՄ ժողովրդավարական շարժումների ժողովրդավարություն և անկախություն համակարգիչ կենտրոնի» նախագահը[5]։ ԱՄՆ կոնգրեսի արձանագրություններում և համաշխարհային մամուլում բազմաթիվ վկայություններ կան Հայրիկյանի այդ շրջանի գործունեության, մասնավորապես՝ արտերկրի բարձր քաղաքական շրջանակների հետ հանդիպումների, Արևմուտքին մոլորեցնելու Գորբաչովի ջանքերը ձախողելու մասին։

Հետանկախության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թ. իրականաություն դարձավ 1973 թ.-ին Ազգային միացյալ կուսակցության 24-ամյա առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարած՝ Անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով ռազմավարական նպատակը։ Պատգամավոր Հայրիկյանը պայքարում էր անհապաղ ազգային բանակ ստեղծելու, ժողովրդի կողմից ընտրված գործադիր իշխանության հաստատելոության, սահմանադիր ժողովի միջոցով՝ սահմանադրություն ընդունելու և կարևոր այլ նպատակների համար։ Ազգային բանակը ստեղծվեց 1992-93 թթ., առաջին ազգային սահմանադրությունը՝ 1995 թ.։ Ուշացումով, բայց ի վերջո այս նպատակներն իրողություն դարձան։ Այդ նպատակներին հասնելու ճանապարհին Հայրիկյանն ու իր համախոհները ստիպված էին հաղթահարել կոմունիստական իշխանություններից մնացած ու նոր իաշխանակիրներ դարձած բացահայտ ու գաղտնի գործակալների դեմ, որոնք ամեն ջանք գործադրում էին նորանկախ երկիրը Կրեմլի հավելվածի կարգավիճակում պահելու համար։ Տե՛ս Լյուստրացիա (մաքրագործում), Լյուստրացիան Հայաստանում։

Հայրիկյանը 2016 թ.

1990-98 թթ. Հայրիկյանը ՀՀ խորհրդարանի անդամ էր[18], 1998-99 թթ.՝ ՀՀ նախագահի խորհրդական և Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ[13], 1998-2002 թթ.՝ ՀՀ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ[5]։ Օմբուդսմենի պարտականություններն այդ բարդ տարիներին Հայրիկյանը կատարել է հասարակական կարգով։

1998 թ. Հայրիկյանը, որպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՀՀ իշխանություններին ստիպեց ընթացք տալ սահմանադրական բարեփոխումների իր ծրագրին, մասնավորապես՝ կյանքի կոչել երկքաղաքացիության իրավունքը, վերացնել նախագահի բացարձակ իշխանությունը, գործող կառույցներ դարձնել ՀՀ խորհրդարանն ու Սահմանադրական դատարանը։ Այդ փուլում Հայրիկյանը սկսեց կատարյալ ժողովրդավարության համակարգի որոնումները՝ լույս ընծայելով ընտրական համակարգի վերաբերյալ բազմաթիվ գրքույկներ ու հոդվածներ։ Հայաստանի և ԱՄՆ-ի հեղինակային իրավունքի պաշտպանության կազմակերպություններում գրանցված է նրա «Պետությունների ժողովրդավարականության բանաձևը» գյուտը։ Կատարյալ ժողովրդավարական համակարգի վերաբերյալ աշխատանքներն ավարտվեցին 2012 թվականին։

2013 թ. հունվարին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ընտրություններից երեք շաբաթ առաջ փողոցում մահափորձի ենթարկվեց, ինչից հետո ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց[19]։ ՀՀ դատարանը մահափորձի կազմակերպման մեջ մեղավոր ճանաչեց նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանին և դատապարտեց 14 տարվա ազատազրկման[20]։ 2013 թ. ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով Հայրիկյանը ստացավ ընտրողների 1,23 % ձայները[18]։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թ. Հայրիկյանի ղեկավարությամբ ձեռնարկվեց նախկին Լաչինի, այժմ Բերձորի շրջանում փախստականների համար բնակավայրեր ստեղծելու գործը[9] Թեև այս գործն արվում էի կամավորական հիմունքներով, բայց ՀՀ նախագահի հրամանագրով Հայրիկյանը նշանակվեց Գորիսի և Գորիսի շրջանի արտակարգ դրության պարետ։ Արցախի հյուսիսային շրջաններից հեռացող տասնյակ հազարավոր փախաստականներ հեռանում էին Արցախի հյուսիսային շրջաններից և, Հայրիկյանի բնորոշմամբ, գնում դեպի անհայտություն։ ԱԻՄ-ականների հիմնած բնակավայրերն օգնում էին նրանց մնալ հայրենիքում։ Հայրիկյանը ստեղծեց Սյունիքի աշխարհազորը, որի գրանցված 627 անդամներից 43-ը զոհվեցին՝ կյանքի գնով պաշտպանելով ԱԻՄավաններում հաստատված նորաբնակներին՝ կանոնավոր ազգային բանակի բացակայության և «օրվա պատասխանատուների հետին նկատառումների» պատճառով։ Թեև Հայրիկյանը երկու ամսով էր պարետ նշանակվել[21],։ բայց աշխատանքները շարունակվեցին մինչև 1995-96 թթ., ընդ որում այստեղ էլ նա աշխատել է հասարակական կարգով, աշխատանքներն իրականացվել են հիմնականում ԱԻՄ-ի արտասահմանյան մասնաճյուղերի և համակիրների օժանդակությամբ։ Հայրիկյանի այս՝ ազատագրված տարածքների վերաբնակեցման նախաձեռնությունը նույնպես ի վերջո, 1994 թ. դարձավ պետական քաղաքականություն։

Գրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարույր Հայրիկյանը հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու, «Լույսի ճանապարհին» վեպը, «Հավատով և սիրով» սցենարը, քնարական և հայրենասիրական երգերի 3 ալբոմ։ 2001 թ. Հայրիկյանի «Սիրո թռչուն» երգը համահայկական երգի մրցույթում գրավեց առաջին տեղը։ Հինգ վավերագրական շարժանկարների, այդ թվում՝ հայերենի դասական ուղղագրության վերականգնման անհրաժեշտությունը հիմնավորող՝ «Հարություն» գիտահանրամատչելի շարժանկարի հեղինակ է։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Դէպի բացարձակ ժողովրդավարութիւն. 2013
  • Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Անառողջ անցեալի գունազարդումով պայծառ ներկայ չես կերտի / 2012
  • Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Ժողովրդավարականութեան բանաձևը և կատարեալ ժողովրդավարութիւն կամ ինչպիսին պէտք է լինի ժողովրդավարական խորհրդարանական համակարգը / 2007
  • Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Հաւատով և սիրով։ 2004
  • Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Լոյսի ճանապարհին / 2004
  • Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Հայ ժողովուրդը 2003-2004 թթ. սահմանագծին / 2004
  • Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Անկախության ճանապարհի երեք վավերագրեր։ 1997
  • Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Սեպտեմբեր, 1996 թվական, Երևան / 1997
  • Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Եվ այսպես՝ ցմահ։ 1997
  • Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Ազատություն երգեր։ 1996
  • Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Անկախության և հանրաքվեի մասին / 1990
  • On a Quest of the Light, by Paruyr Hayrikyan, US, Xlibris, 2015, 192 p. ISBN 978-1-5144-1787-4
  • The formula of democraticity and complete democracy or necessary features of a democratic parlamentary system, by Paruyr Hayrikyan, Yerevan : UNSD publishing house, 2007, 16 p.

Նրա մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խանզադյան, Նորայր։ Խորհրդային միության ժողովրդավարական շարժումների հիմնադիրն ու առաջնորդը. Երևան, 2003. 62 էջ
  • Բեզոյեան, Զոյա։ Պարոյր Հայրիկեանի որոնումների և մաքառումների 50 տարիները /Զ. Բեզոյեան, Ա. Պօղոսեան. Երևան։ Դավիթ Մարտիրոսեան, 2015. 44 էջ
  • Овсиенко, Василий. Наш друг Паруйр Айрикян; Ред. Л. Погосян. Ереван : ОНС, 2015. 28 с.
  • Хейфец М.Р. Военнопленный секретарь: Повесть о Паруйре Айрикяне: (Отрывки из кн.). — Ереван : ОНС, 1997. — 96 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hayrikyan awarded
  2. 2,0 2,1 «Պարույր Հայրիկյանի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 "Պարույր Հայրիկյան"
  4. Պարույր Հայրիկյան (ռուսերեն), Кавказский Узел
  5. 5,0 5,1 5,2 Айрикян Паруйр Аршавирович. Биография. Кавказский узел
  6. «Паруйр Айрикян: биография». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  7. ՀՀ ԱԺ. Պարույր Արշավիրի Հայրիկյան
  8. Кандидат в президенты Армении Паруйр Айрикян. Биография/ Алина Клещенко. Аргументы и факты
  9. 9,0 9,1 9,2 «Պարույր Հայրիկյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  10. Ինքնակենսագրություն
  11. Հայրիկյան Աբրահամ
  12. АЙРІКЯН ПАРУЙР АРШАВІРОВИЧ/ автор: Овсієнко В.В. (Украинская энциклопедия диссидентства)
  13. 13,0 13,1 Encyclopedia of Modern Christian Politics: L-Z - By Roy Palmer Domenico, Mark Y. Hanley
  14. 14,0 14,1 14,2 «Наш друг Паруйр Айрикян». Украинский диссидент о подвергшемся покушению кандидате в президенты Армении/ Василь ОВСИЕНКО, 1999
  15. «Отрывки из книги Михаила Хейфеца «Военнопленный секретарь: повесть о Паруйре Айрикяне»,Overseas Publications, Лондон, 1985». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  16. Բեզոյան Զ., Պողոսյան Ա. Պարույր Հայրիկյանի որոնումների և մաքառումների 50 տարիները, Եր. 44 էջ, էջ 22
  17. Armenian Calls Dispute Political, Not Ethnic By Mark A. Uhlig, New York Times, August 14, 1988
  18. 18,0 18,1 Political Handbook of the World 2015, edited by Tom Lansford
  19. Armenia presidential candidate Hayrikyan shot in Yerevan
  20. Nations in Transit 2014: Democratization from Central Europe to Eurasia, By Freedom House 2015 p. 72
  21. Արցախյան գոյամարտ(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարույր Հայրիկյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարույր Հայրիկյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարույր Հայրիկյան» հոդվածին։