Պատվաստանյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատվաստանյութ, վակցինա (լատին․՝ vaccinus, vaccinum՝ կովի, vacca՝ Կով), պատրաստուկներ, որոնք ստացվում են կենդանի կամ սպանված միկրոօրգանիզմներից, դրանց կենսագործունեության արգասիքներից։ Օգտագործվում են կանխարգելիչ կամ բուժիչ նպատակով՝ մարդկանց ու կենդանիների ակտիվ իմունացման համար։ Պատվաստանյութն առաջին անգամ կիրառել է բնական ծաղկի ժամանակ անգլիացի բժիշկ Էդվարդ Ջենները (1796), գիտականորեն հիմնավորել է ֆրանսիացի գիտնական Լուի Պաստյորը (XIX դ․ 2-րդ կեսին ստացավ մի շարք պատվաստանյութեր կատաղության, հավերի խոլերայի, սիբիրյան խոցի և այլնի դեմ)։ Վակցինականխարգելման հետագա զարգացման շնորհիվ մի շարք երկրներում խիստ նվազեցին կամ վերացան բնական ծաղիկը, դիֆթերիան, պոլիոմիելիտը, կարմրուկը և այլ վարակիչ հիվանդություններ։ Գոյություն ունեն կենդանի, սպանված, քիմիական պատվաստանյութ և անատոքսիններ։

Կենդանի պատվաստանյութերն ստացվում են ախտածին մանրէները (բակտերիաներ, վիրուսներ և այլն) տարբեր եղանակներով մշակելով և ոչ ախտածին՝ ավիրուլենտ դարձնելով։ Դրանք օգտագործվում են բնական ծաղկի, տուբերկուլյոզի, կարմրուկի, պոլիոմիելիտի, բրուցելյոզի, կատաղության, տուլարեմիայի, սիբիրախտի, ժանտախտի, դեղին տենդի, գրիպի, տզային էնցեֆալիտի և այլ դեպքերում։ Կենդանի վակցինային բնորոշ են բարձր իմունածնությունը, ոչ բարձր ռեակտոգենությունը, գոյացած անընկալունակության երկարատևությունը։ Գոյություն ունեն ավելի քան 20 կենդանի վակցինա[փա՞ստ]։

Սպանված վակցինա ստանալու համար ախտածին մանրէներն ակտիվազրկում են զանազան ֆիզիկական (ջերմություն, ուլտրամանուշակագույն ճառագայթներ) կամ քիմիական (ֆորմալին, ացետոն, սպիրտ, ֆենոլ) ազդակներով։ Կիրառվում են որովայնային տիֆի, պարատիֆերի, խոլերայի, կապույտ հազի, լեպտոսպիրոզների, պոլիոմիելիտի, կատաղության, բծավոր տիֆի, տզային էնցեֆալիտի դեմ։ Այս պատվաստանյութի պաշտպանական հատկությունները ավելի թույլ են արտահայտված, և իմունիտետը զարգանում է մի քանի պատվաստումներից հետո։

Քիմիական պատվաստանյութերը պարունակում են մանրէներից անջատված, զտված անտիգենային խմբեր և ունեն սահմանափակ կիրառություն։ Պատվաստանյութերն արտադրվում են հեղուկ և չոր (լիոֆիլացված) վիճակում։ Վերջիններս օգտագործում են դրաժեների (պոլիոմիելիտի կենդանի վակցինանա) կամ լուծույթների ձևով (կարմրուկի, բնական ծաղկի, տուբերկուլոզի, ժանտախտի, սիբիրախտի և այլ կենդանի պատվաստանյութեր)։ Պատվաստանյութեր պատրաստում են մեկ վարակի (մոնոպատվաստանյութեր) կամ 2 և ավելի վարակների հարուցիչներից՝ բազմապատվաստանյութեր։

Պատվաստանյութերն օրգանիզմ են ներմուծվում վերմաշկային, միջմաշկային, ենթամաշկային, միջմկանային, ներերակային, ներքթային, ինհալացիոն, բերանի և այլ ճանապարհներով։ Ետպատվաստումային անընկալունակությունը կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 239