Պամֆլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պամֆլետ (հունարեն՝ pamphlet - pam-լրիվ, phlego-մոխրացնել) - հրապարակախոսական-լրագրողական ժանր, հանրային կյանքի մերժելի երևույթները, առաջընթացին խանգարող արգելքները մերկացնող քննադատական խոսք։

«Եթե չար ծաղրը կրում է քաղաքական բնույթ, ապա այդպիսի ստեղծագործությունը կոչվում է պամֆլետ»/Գուտորով/։ Պամֆլետում երգիծանքի ձևերը զուգորդվում են հրապարակախոսական կրքին և գեղարվեստականությանը։ Սուր սատիրական բնույթի ստեղծագործություն է, որը կտրուկ, մերկացնող ձևով ծաղրում է քաղաքական կարգը, հանրային երևույթները, տարբեր կուսակցությունների գործիչների, առաջնորդների, գաղափարախոսների գործունեությունը։

Այս ժանրը ծնունդ է առել դեռ անտիկ դարաշրջանում։ Դեմոսթենեսի, Կիկերոնի, Յուվենալիսի սատիրայում, Պլուտարքոսի, Լուկիանոսի զայրութ արտահայտող խոսքերում արդեն առկա են պամֆլետի տարրեր։ Առաջին անգամ տերմինը օգտագործվել է անգլիական եկեղեցու գործիչ և հրապարակախոս Ռիչարդ դե Բյորիի կողմից։ Պամֆլետներ են գրել Դեֆոն, Էրազմ Ռոտերդամցին, Սվիֆտը, Վոլտերը, Դիդրոն, Պուշկինը, Գորկին և շատ ուրիշները։ Հայտնի են Միքայել Նալբանդյանի «Երկու տող», Եղիշե Չարենցի «Հանգուցյալ պարոնը կամ պարոն հանգուցյալը» պամֆլետները[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ 194.