Չանդրագուպտա II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չանդրագուպտա II
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր 5-րդ դար
Քաղաքացիություն Գուպտա կայսրություն
Հայր Սամուդրագուպտա
Ամուսին Դհրուվադեվի
Զավակներ Կումարագուպտա I, Պրաբհավատիգուպտա և Govindagupta?

Չանդրագուպտա II (իշխել է մոտ 380 թ. - մոտ 415թ.), Հնդկաստանի պատմությամ մեջ ամենահզոր տիրակալներից մեկը, Սամուդրագուպտայի որդին, Չանդրագուպտա I-ի թոռը։ Նրա օրոք Գուպտաների պետությունը հասավ սահմանների աննախադեպ ընդարձակման։ Պատմության մեջ մտել է Վիկրամադիտյա անունով, ինչը նշանակում է «խիզախության որդի»[1]։ Նրա պատվին Մաթհուրա (Mathura) քաղաքում կանգնեցվել է մաքուր երկաթից հայտնի սյունը։

Համաձայն ավանդույթի, Չանդրագուպտան նախատեսված չէր գահաժառանգության համար և մեծանում էր տկար ավագ եղբոր ստվերում։ Կազմակերպելով եղբոր  սպանությունը նա հորից ժառանգեց հսկայական տիրույթներ Հնդկաստանի հյուսիսում և սկսեց սահմանների ընդարձակումը խաղաղ ու ռազմական ճանապարհներով։ Չանդրագուպտայի թագադրման օրը դարձավ Վիկրամ սամվատ օրացույցի (Սամվատի օրացույց) հաշվարկման ելակետ, Նեպալում այն մինչ օրս նշվում է որպես Նոր տարի։

Քսան տարվա ընթացքում (մոտ 388-409 թթ.) Չանդրագուպտան նվաճում է Արևմտյան Կշատրապի հողերը (Հնդկաստանի հյուսիս-արևմուտք)։

Այդ հողերից հարավ սկսվում էին Վակատակ հարստության տիրույթները։ Չանդրագուպտան իր դուստր Պրաբխավատիին կնության տվեց այնտեղի մախարաջաին։ Ամուսնու մահից հետո Պրաբխավատին սկսեց կառավարել իր մանկահասակ որդիների անունից` հետևելով հոր խորհուրդներին։

Չանդրագուպտայի կառավարումը նշանավորվեց գիտությունների ու արվեստների աննախադեպ վերելքով։ Նրա պալատում փայլում էին պալատական բանաստեղծ- դրամատուրգ Կալիդասան, աստղագետ Վարախամիխարան` այլ նշանավոր բանաստեղծների ու գիտնականների հետ միասին։ Պատալիպուտրա՝ ներկայիս Պատնա, մայրաքաղաքում ստեղծվեցին վիթխարի ճարտարապետական կառույցներ։

Չանդրագուպտան, դավանելով հինդուիզմ, հանդուրժող էր Հնդկաստանի մյուս կրոնների՝  ջեյնիզմի ու բուդդայականության[1] նկատմամբ։ Նա հատում էր արծաթյա դրամներ «Վիկրամադիտյա» տիտղոսով, որով բնութագրում էին իմաստուն տիրակալին հնդկական բանահյուսությունում[1]։

Չինացի վանական Ֆա Սյանը, ով 405-411 թվականներին ճանապարհորդել է Հնդկաստանով, հավանությամբ է նկարագրել Գուպտաների պետության ներքին կառուցվածքը, որտեղ չկար մահապատիժ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Chandra Gupta II // Encyclopædia Britannica.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանդրագուպտա II» հոդվածին։