Ուրուգվայի գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուրուգվայի գրականություն, զարգանում է իսպաներենով։ Ձեռագիր առաջին հուշարձանները երևան են եկել գաղութային շրջանում․ Պերես Կաստելիանոյի (մահ․ 1815 թ․) «Հուշամատյանը» (1779) լուսավորական նամակաձև արձակի նմուշ է։ Գրականության ակունքների մոտ են կանգնած նաև Խ․ Պրեգո դե Օլիվերի (1750–1814) և Կ․ Վիլյադեմորոսի (1777–1851) պոեզիան, Խ․ Պ․ Մարտինեսի «Անբասիր հավատարմություն կամ Վրիժառված Բուենոս Այրես» (1808) պիեսը։ Դեմոկրատ, պոեզիայի առավել խոշոր ներկայացուցիչն է Բ․ իդալգոն (1787–1822)։ Եվրոպայի կլասիցիզմի ավանդույթներով սնվող գրքային պոեզիան են ներկայացրել հռետորական ներբողները, հիմները, եղերերգերը, էկլոգները (եռահատոր «Ուրուգվայական Պառնասը», 1835–1837)։ Ուրուգվայի գրականության մեջ ռոմանտիզմն սկսել է ձևավորվել 19-րդ դարի 30–40-ական թթ․՝ եվրոպական ռոմանտիզմի ազդեցությամբ, բնորոշ ներկայացուցիչն է Ա․ Մագարինիոս Սերվանտեսը (1825–1893)։ Ռոմանտիկների երկրորդ սերունդն են կազմում Մ․ Լաֆինուրը (մահ․ 1938), Օ․ Մորատորիոն (1852–1898), Է․ Ռեգուլեսը (1860–1929), Սորիլիա դե Սան Մարտինը (18551931) և ուրիշներ։ Է․ Ասևեդո Դիասը (1851 –1924) գրել է ազատագրության համար պայքարի դարաշրջանը պատկերող պատմավեպեր։ Խ․ դե Վիանան (18631925) «Գյուղ» (1896), «Դուրի» (1901), «Չոր փայտ» (1911) ժողովների պատմվածքներում, ի հակակշիռ ռոմանտիկների, տվել է հասարակ մարդկանց կյանքի նատուրալիստ, մռայլ պատկերը։ Կ․ Ռեյլեսի (1868–1938) «Րեբա» (1894), «Կայենի ցեղը» (1900) վեպերը նույնպես հակվում են դեպի կյանքի նատուրալիստ, պատկերումը։ 19–20-րդ դարերի սահմանագծում առաջացած մոդեռնիստական պոեզիային (Խ․ Էռերա ի Ռեյսիգ, 1875–1910) հակադրվել է Խ․ Ալոնսո ի Տրելիեսի (1857–1924) և Ֆեռնան Սիլվա Վալդեսի (1887-1975) պոեզիան, որ կապված էր գյուղի հետ և ոգեշնչվում էր գաուչոների (տափաստանների բնակիչներ) բանահյուսությամբ։ Բանաստեղծուհիներ Դելմիրա Ագուստինին (1886–1914) և Խուանա դե Իբարբուրոն (1892–1979) կանանց ազատագրման կողմնակիցներ են։ Աչքի ընկնող դեր է կատարել Կ․ Սաբատ Էրկաստիի (ծնվել է 1887) փիլիսոփայական պոեզիան, որի կենտրոնում մարդն է՝ իր «հավիտենական հարցերով ու որոնումներով»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։