Ուղղական հոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղղական հոլովը (լատին․՝ casus nominativus) հատուկ վերջավորություն չունի, այն բառի ուղիղ ձևն է և կոչվում է ուղիղ հոլով՝ ի հակադրություն մյուս հոլովների, որ կոչվում են թեք հոլովներ։ Ուղղական հոլովը ցույց է տալիս բառիմաստն իր ամբողջ ծավալով, բացարձակ ձևով, առանց լրացուցիչ նշանակությունների[1]։

Նախադասության մեջ ուղղական հոլովով դրված բառը դառնում է՝

  1. ենթակա՝ Հրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի։ (Հովհաննես Թումանյան) Երեկոն փռեց իր թևերը մութ, Անուշ նիրհեցին երկինք ու երկիր: (Վահան Տերյան)
  2. բաղադրյալ ստորոգյալի ստորոգելի՝ Գորգագործ մի աղջիկ էր նա։ Մեր տան ճրագն է մայրս։ (Հովհաննես Շիրազ)
  3. անվանական անդեմ նախադասության գլխավոր անդամ՝ Էջմիածին։ Միրգ ու փոշի։ Անխիղճ արև։ (Պարույր Սևակ)
  4. կոչական՝
    - Խջեզարե՛, սարը սեր է, էլ չե՞ս ուզում իջնել ցած...
    - Սիամանթո՛, սերն է սարը, մեռնենք սարը քո տիրած...
    (Հովհաննես Շիրազ)
  5. որոշիչ՝ Եկավ Թմուկ բերդը պատեց, ինչպես գիշերն էն խավար։ (Հովհաննես Թումանյան) Նա բժիշկ Նազարյանի հարևանն էր։
  6. փոխակերպված ենթակա՝ Դեռ Գրիգորը չեկած՝ բոլորը հուզվել էին[2]։

Ուղղական հոլովով են ներկայացվում բառարանային միավորները (բացառություն է հագի բառը, որը չունի ուղղական հոլով)։ Ուղղական հոլովը կարող է որոշիչ հոդ ստանալ։ Հոգնակի ուղղականի հոդառությունը եզակիի համեմատությամբ որոշ սահմանափակումներ ունի. իկ, այք, ինք, անք, ենք, ոնք մասնիկներով հոգնակիները որոշիչ հոդ չեն ստանում, ինչը չի կարելի ասել եր, ներ մասնիկներով ձևավորված հոգնակիների մասին։Ուղղական հոլովը պատասխանում է ի՞նչ,ի՞նչեր,ո՞վ ո՞վքեր հարցերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002
  2. Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994, էջ 31։