Շինուազրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինական գյուղ Ցարսկոե Սելոյում

Շինուազրի (ֆր.՝ chinoiserie բառից, բառացի` չինականություն), ոճավորման նպատակով չինական միջնադարյան ոճական հնարքների կիրառում եվրոպական գեղնկարչության, դեկորատիվ-կիրառական արվեստում, հագուստներում, պուրակների, այգիների համալիրների ձևավորման մեջ գերազանցապես 18-րդ դարում։

Շինուազրին ոճավորման հնարք է, որ հիմնված է արևելյան արվեստի ընդօրինակման վրա, ընդ որում, տարբեր ժամանակաշրջաններում ոճավորման առարկա են դարձել ոչ միայն չինական արվեստի նմուշները, այլև Արևելքի էկզոտիկան ընդհանրապես։ Այս ուղղության անգլերեն անվանումն է չայնա (անգլ.՝ china), աղավաղված` չինա։ Շինուազրին օրիենտալիզմի, իսկ ավելի լայն իմաստով էկզոտիզմի տեսակներից է։

Հատկանշական է, որ շինուազրի ուղղությունը ծնվել է 17-րդ դարում` կապված Արևմտահնդկական առևտրական ընկերության գործունեության հետ։ Շինուազրին հայտնի է վիեննական ռոկոկոյի (ավստրիական բարոկկո) արվեստում, պրուսական ռոկոկոյում, սաքսոնական բարոկկո ոճում Դրեզդենում, պյորտրյան բարոկկոյում Ռուսաստանում, անգլիական նեոկլասիցիզմում, կահույքի չիպենդեյլ ոճում և նույնիսկ արևմտաեվրոպական ու ռուսական մոդեռնում[1]։

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյախմություն, Ժան Շարդեն
Նախաճաշ, Ֆրանսուա Բուշե

17-րդ դարի վերջում Եվրոպայի ազնվական շրջանները տարված էին չինական ճենապակիով։ Ոսկյա և արծաթյա սպասքը շարունակվում էր համարվել հարստության ու ճոխության նշան, սակայն նրա հետ արդեն մրցակցում էր ճենապակյա թեթև սպասքը։ Ավելին, հախճապակյա սպասքը առավել հիգիենիկ էր, և ոչ մի դժվարություն չէր ծագում նրա հարթ մակերևույթը լվանալիս։ Չինական դեկորատիվ սկահակները իրենց պատվավոր տեղն էին գրավում թագավորական պալատներում։

Եվրոպական հախճապակին պատրաստվել է 1708 թվականին Սաքսոնիայում, իսկ հախճապակու առաջին գործարանը բացվել է 1710 թվականին Մեյսենում։ Սաքսոնական վարպետներն այդ ժամանակ չէին փորձում ստեղծել իրենց առանձնահատուկ ձեռագիրը, այլ միայն նմանակում էին չինական ոճին։

Արևմտահնդկական ընկերության շնորհիվ Չինաստանից Եվրոպա են բերվել դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաթիվ նմուշներ` կահույք, մետաքս, պաստառներ և այլն։ Չնայած բարձր գնին` այս առարկաները մեծ ուշադրության էին արժանանում եվրոպացիների կոմից[2]։

Չինական ճենապակու նկատմամբ գրավչության այս պայմաններում հետաքրքրություն է առաջանում նաև չինական կիրառական ավանդույթների հանդեպ։ Սակայն այդ հետաքրքրությունը մակերեսային էր` առանց արևելյան փիլիսոփայության խորքը ներթափանցելու։ Չինաստանի մասին գիտելիքները եվրոպացիների շրջանում աղքատիկ էին. այդ պատճառով 18-րդ դարի վարպետները ստիպված էին դիմել իրենց երևակայությանը` օգտագործելով իրենց պատկերացումները։

Գրեթե նույն այս շրջանում Եվրոպայում ձևավորվում է թեյախմության մշակույթը։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառական արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չինական այգի», Ֆրանսուա Բուշե

Չինական ոճը կամ ֆրանսերենով շինուազրին զարգացել է որպես ռոկոկո ոճի ճյուղ։ Այս ուղղության նկարիչները ստեղծել են հովվերգական շքեղ և ոչ այնքան լուրջ նկարներ։ «Չինական սյուժեների» նմանությամբ ստեղծված կերպարները եղել են կայսրեր, պարողներ և ռազմիկներ։

Ռոկոկո ուղղության նկարիչները նպատակ չեն հետապնդել ներկայացնելու կյանքի իրական պատկերներ. նրանց աշխարհը գեղազարդված է և իրականության հետ ընդհանուր քիչ բան ունի։ Ֆրանսուա Բուշեի նկարների Չինաստանը ավելի շուտ նման է Լյուդովիկոս XVի` նման նկարների հիմնական պատվիրատուի Վերսալին։

Ֆրանսիայում ճենապակու արտադրության հովանավորը եղել է Լյուդովիկոս XV-ի սիրուհի մարքիզուհի դե Պոմպադուրը։ Նա եղել է նկարչության մեջ շինուազրիի ջատագովներից։ Մարքիզուհու պատվերով Ֆրանսուա Բուշեն ստեղծել է «չինական թեմայով» նկարների շարքը։

Պալատական այգիների համալիրների ձևավորման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական կամրջակ Ցարսկոե Սելոյում

Թեյախմության հանդեպ հետաքրքրության աճի հետ պալատական այգիների համակարգերում սկսեցին ի հայտ գալ ինքնատիպ կառույցներ` «թեյի տնակներ» կամ չինական տաղավարներ։ Դրա առաջին օրինակներից մեկը 17-րդ դարի չինական թաղամասն է Ստոկհոլմի մերձակայքում գտնվող Դրոթթնինգհոլմի արքայական պալատում։ Նման կառույցներ ունենալու ցանկություն են ունեցել եվրոպական այլ միապետներ ևս, այդ թվում` Ֆրանսիայի արքան և Սաքսոնիայի կուրֆյուրստը։ 1762 թվականին բրիտանացի ճարտարապետ Ուիլյամ Չեմբերսը Լոնդոնի մերձակայքում` Թագավորական բուսաբանական այգում հասարակության զվարճանքի համար կառուցել է Մեծ պագոդան։

«Թեյի տնակի»` աչքի ընկնող օրինակներից է Ֆրիդրիխ Մեծի նստավայր Սան Սուսիի տաղավարը (ճարտարապետ` Ի. Բյուրինգ, քանդակագործ` Ի. Բենկերտ)։ Կլորավուն տնակը «բնակեցված» է ոսկեզօծ «չինացիներով»։ Նրանք այցելուներին դիմավորում են հենց մուտքի մոտ` կարծես նրանց թեյի հրավիրելով։ Կերպարները ամբողջական հասակով են, արևելյան երևակայական հագուստներով, սակայն ունեն եվրոպական դիմագծեր։ Չինացիները «ապրում են իրենց կյանքով». հանդիսատեսը նրանց տեսնում է ընթրելիս։ Տաղավարի ներքին տարածությունը լի է արևելյան կյանքի պատկերներով. գեղարվեստական կոմպոզիցիան զարդարում է պատերն ու առաստաղը։ Հատկապես հետաքրքիր են չինուհիները. նրանք մարմնեղ են և դժվարությամբ են հիշեցնում չինացի նրբակազմ պարուհիներին։

Դեկորատիվ-կիրառական արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետին պլանում շինուազրի ոճով ծածկավարագույր է:
Ժան Բատիստ Պիլեման, չինական ոճով նկարազարդում, 1760-ական թթ.
Չինական հովանոցով կին

Գեղանկարչության գործերի հետ միաժամանակ ի հայտ են գալիս շինուազրի ոճով շքեղ գոբելեններ։ Կոմպոզոցիայով ու կոլորիտով դրանք ամբողջովին կրկնում են համանման նկարները։ Չինական նախշերը կիրառում են գտել նաև պաստառներում։

Շինուազրիի հնարքները լայնորեն կիրառվել են հովհարների, հովանոցների արտադրության մեջ։ Այս աքսեսուարները, եկած լինելով Չինաստանից, դարձան 18-րդ դարի ազնվականական-բուրժուական կենցաղի անբաժանելի մասը։ Ճենապակյա սպասքը, ծխամորճները, սկահակները զարդարվել են չինական նախշերով։ 18-րդ դարի առաջին կեսին նորաձև են դառնում «չինացի հովվուհի» թեմայով ճենապակյա արձանիկները։ Հայտնի էին նաև գլուխը պտտող ծեր չինացու արձանիկները։

Այս նույն ժամանակաշրջանում ձևավորվում է «չինական լապտերների» նորաձևությունը։

Հագուստների ձևավորման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաձևությունը միշտ արվեստի ընդհանուր միտումների արտացոլումն է։ Շինուազրի ոճի տարածումը արտահայտվել է նաև կտորների հյուսվածքներում ու նախշերում (հատկապես մետաքսի, որ բերվում էր Չինաստանից)։ Դրանք վառ, գունեղ նախշեր էին, որոնք կտրուկ տարբերվում էին ռոկոկո ոճի ընդհանուր միտումներից, որն ավելի շատ մեղմ գույներով էր դրսևորվում։

Կանանց` ռոկոկո ոճի հագուստներում նույնպես դրսևորվել է հեռավոր էկզոտիկ մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը։ 1730-1760 թվականներին նորաձև էին «ա-լյա պագոդա» ոճի թևքերը` ժանյակների շարքերով, որոնք յուրահատուկ ձևով իջնում էին մինչև արմունկները։

Անգլիայում նորաձև էին ծղոտե գլխարկները, որոնք նման էին չինական կոնաձև գլխարկներին։

Կիրառության մեջ էին մտել նաև փոքր կոշիկները` մյուլերը, որոնք ստեղծվել էին չինական կոշիկների նմանությամբ։

Բալետում, դրամատուրգիայում ու գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական թեման պահանջված էր արվեստի այլ ուղղություններում ևս։ Դրամատուրգիայում դրա դրսևորման վառ օրինակ են Կառլո Գոցցիի «Տուրանդոտ» և Վոլտերի «Չինացի որբը» պիեսները։ Գոցցիի հեքիաթում գործողություններն ընթանում են երևակայական Չինաստանում։ Վոլտերի «Որբը» հիմնված է իրական դեպքերի վրա. դրա հիմք է ծառայել 1730-ական թվականներին Չժաո որբանոցից տեղափոխված Ցզի Ցզյունսյանի կյանքը։

18-րդ դարի սկզբին եվրոպական լեզուներով թարգմանվում է «Փոփոխությունների գիրք» չինական տրակտատը։

Բալետում նույնպես կիրառվել է չինական ոճը։ Այս շրջանում են բեմադրվել «Նրբագեղ Չինաստան», «Չինացի հովվուհի», «Մանդարին» բալետային ներկայացումները, որոնք ոչ մի ընդհանուր բան չեն ունեցել չինական իրականության հետ և տուրք էին չինական մշակույթով հետաքրքրությունների բավարարմանը։

Շինուազրին 20-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին հետաքրքրություն է առաջացել ռոկոկոյի գեղագիտության հանդեպ։ Դա դրսևորվել է, օրինակ, Կոնստանտին Սոմովի ստեղծագործության մեջ։ Նրա նրբագեղ աշխարհում վերակենդանանում են ոչ միայն անցյալ դարի մարդիկ, այլև շինուազրի ոճը` չինական լապտերներ, ծածկավարագույրներ, վառ կտորներ։

Մոդեռն արվեստի շրջանում շինուազրին դարձյալ պահանջարկ է վայելում։ Դա հատկապես նկատելի է 1920-1930 թվականների դեկորատիվ-կիրառական արվեստում` մոխրամաններում, լամպերում, թանաքամաններում, ինչպես նաև ճենապակյա սպասքում։ 1920-1930-ական թվականներին ճենապակյա արտադրության առաջատարներից է դառնում հունգարական Herend ընկերությունը։

Գերմանական «Իմ երազանքների աղջիկը» ֆիլմում (1944) կիրառվել են 18-րդ դարի շինուազրի ոճի ոճական հնարքներ։

Ներկայումս չինական փիլիսոփայության, մարտարվեստի, ֆեն-շուի հանդեպ համաեվրոպական հետաքրքրության աճի համատեքստում մեծանում է շինուազրի ոճի նկատմամբ հետաքրքրությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Власов, Виктор Георгиевич. Шинуазри // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. Т. Х, 2010. С. 564-567
  2. «Квартблог».

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иконников А. Детское Село: Китайский театр и китайщина. — М.-Л., 1931.
  • Мерцалова М. Н. История костюма. — М., 1972.
  • Иллюстрированная энциклопедия моды. — М., 1987.
  • Мода и стиль. Современная энциклопедия. — М., 2002.
  • Софья Чапкина Руга: Стиль Шинуазри в России. — М., 2010.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինուազրի» հոդվածին։