Նիշք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիշք[1][2] (անգլ.՝ file (ֆայլ) - թղթապանակ), համակարգչային ոլորտի հասկացություն․ տեղեկույթի հատված, որը մատչելի է համակարգչային որևէ ծրագրի և պահվում է որևէ կրիչի վրա։ Նիշքն ունի․

  • անուն (գրանշանների որևէ հաջորդականություն, որը միարժեքորեն բնութագրում է այն)․
  • որոշակի տրամաբանական ներկայացում և դրան հապատասխանող գրելու/կարդալու գործողություններ, ի դեմս նիշքերի ձևաչափերի։

Քանի որ տարբեր գործավար համակարգերում կիրառվում են տարբեր հատկություններով և մատչման եղանակներով նիշքեր, ներկայումս գոյություն չունի նիշքի համապարփակ սահմանում։ Տեղեկագիտությունում գործածում են հետևյալ սահմանումը․ նիշքը բայթերի անվանակիր հաջորդականություն է։ Նիշքերի հետ աշխատանքն իրագործվում է գործավար համակարգերի միջոցով։

Նիշքային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվողական տեխնիկայի զարգացման հետ նիշքերի թիվը համակարգերում աճում էր։ Աշխատանքը հեշտացնելու համար դրանց, ինչպես և այլ տվյալները, սկսեցին համակարգել որոշակի տվյալների կառուցվածքներում (այդ ժամանակ էլ հայտնվեցին գրանշանային անունները)։ Սկզբում դա հասարակ զանգված էր, «կցված» տեղեկույթի որոշակի կրիչին։ Ներկայումս առավել տարածում է գտել ծառակերպ համակարգումը՝ լրացուցիչ կապերի (հղումների) հավելմամբ։ Համապատասխանաբար, նիշքի անունը ստացավ «նիշքի ուղու» բնույթ՝ ծառի հանգույցների թվարկմամբ, որոնք պետք է անցնել դրան հասնելու համար։

Նիշքի հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված նիշքային համակարգից՝ նիշքը կարող է ունենալ տարբեր հատկությունների լրակազմ։

Նիշքի անունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիշքային համակարգերի մեծ մասում նիշքի անունը գործածվում է նշելու համար, թե ո՛ր նիշքին է դիմում իրագործվում։ Տարբեր նիշքային համակարգերում նիշքի անվանը ներկայացվող սահմանափակումները խիստ տարբերվում են․

  • FAT16-ում և FAT12-ում նիշքի անվան չափը սահմանափակված է 8 գրանշաններով (գումարած 1 (կետ) գումարած ընդլայնման 3 գրանշան)։
  • VFAT-ում սահմանափակվում է 255 բայթով։
  • FAT32-ում և HPFS-ում սահմանափակվում է 255 գրանշաններով։
  • NTFS-ում անունը սահմանափակվում որոշ ԳՀ-ներում Յունիկոդի 255 գրանշաններով 32768 գրանշանների հատկորոշմամբ։
  • ext2/ext3-ում սահմանափակվում է 255 բայթով։

Նիշքային համակարգի սահմանափակումների բացի գործավար համակարգի միջերեսները լրացուցիչ սահմանափակում են նիշակազմերը, որոնք թույլատրելի են նիշքերի հետ աշխատելիս։

  • MS-DOS-ի համար նիշքի անվան համար թույլատրելի են միայն լատինական գլխատառերը և թվանշանները։ Անթույլատրելի են բացատը, հարցական նշանը, աստաղանիշը, մեծի/փոքրի նշանները, ուղղաձիգ գիծը։
  • Microsoft Windows-ի համար նիշքի անվան համար թույլատրված են միայն գլխատառերը և փոքրատառերը, թվանշանները, կետադրական որոշ նշանները, բացատը։ Արգելված են > < | ? * / \ : " գրանշանները։
  • Լինուքսի համար (հաշվի առած դիմակավորման հնարավորությունը) թույլատրված են բոլոր գրանշանները, բացի / և բայթի, որի արժեքը հավասար է զրոյի, այսինքն՝ 0x00։

Գործավար համակարգերի մեծ մասը պահանջում է միևնույն պանակում նիշքի անվան եզակիություն, թեև որոշ համակարգեր թույլատրում են նույնանուն նիշքեր (օրինակ՝ երիզային հիշասարքերի հետ աշխատելիս)։

Նիշքի անվան ընդլայնումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիշքի անվան ընդլայնումը (նիշքի ընդլայնումը, ընդլայնումը) որպես նիշքի ինքնուրույն հատկություն գույություն ունի FAT16, FAT32, NTFS նիշքաիյն համակարգերում, որոնք օգտագործում են MS-DOS, DR-DOS, PC DOS, MS Windows գործավար համակարգերը և օգտագործում է նիշքի տեսակը որոշելու համար։ Այն թույլ է տալիս համակարգին որոշելու, թե որ գործադիրով պիտի բացվի տվյալ նիշքը։ Windows գործավար համակարգում ընդլայնումը լռելյայն թաքցվում է օգտվողից։

Այլ նիշքային համակարգերում ընդլայնումը պայմանականություն է․ դա պարզապես անվան մի մասն է, ամենաաջ կետով առանձնացված։

Ժամանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիշքի համար կարող են սահմանվել հետևյալ ժամանակային նիշաններ․

  • Ստեղծման ժամանակը
  • Փոփոխման ժամանակը
  • Վերջին մատչման ժամանակը

Նիշքի տերը և խումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ նիշքային համակարգերում նախատեսված է նիշքի տիրոջ և խմբի նշում։

Մատչման իրավունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ նիշքային համակարգերում նախատեսված է օգտվողների մատչման սահմանափակումը նիշքի պարունակությանը։

Յունիքսակերպ գործավար համակարգերում նիշքերի համար սովորաբար առանձնացնում են իրավունքների երեք տեսակ․

  • Գրանցման իրավունք
  • Կարդալու իրավունք
  • Կատարման իրավունք

Յուրաքանչյուր իրավունք սահմանվում է առանձին տիրոջ, խմբի և մնացած բոլորի համար։ ACL-ը թույլ է տալիս ընդլայնել այդ ցուցակը։

Windows NT գործավար համակարգերում NTFS նիշքային համակարգով աշխատելիս մատչման իրավունքները ակներև սահմանվում են օգտվողների կամ խմբերի համար (կամ ժառանգվում են վերադաս առարկաներից)։ Իրավունքները ներառում են․

  • Գրանցման իրավունք
  • Կարդալու իրավունք
  • Կատարման իրավունք
  • Հեռացման իրավունք
  • Հատկությունների և տիրոջ փոփոխման իրավունք
  • Ենթապանակների ստեղծման, հեռացման իրավունք (պանակների համար)
  • Մատչման իրավունքները կարդալու իրավունք

Յուրաքանչյուր իրավունքը կարող է սահմանվել ե՛ւ որպես թույլտվություն, ե՛ւ որպես արգելանք․ արգելանքն ունի ավելի բարձր առաջնայնություն, քան թույտվությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուբեն, Թարումյան (2011). Լեզվաշխարհ, պրակ 3. Երևան: Պոլիգրաֆբիզնես. էջ 18. ISBN 978-9939-9049-0-0.
  2. «Microsoft Terminology Dictionary». www.microsoft.com.