Նիկոլայ Կուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կուն
ռուս.՝ Николай Альбертович Кун
Ծնվել էմայիսի 21, 1877(1877-05-21)[1]
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 28, 1940(1940-10-28)[2] (63 տարեկան) կամ փետրվարի 28, 1940(1940-02-28)[1] (62 տարեկան)
Չերկիզովո (քաղաքատիպ ավան, Պուշկինսկի շրջան), Պուշկինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանQ4513197?
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան և գրող
Հաստատություն(ներ)Մոսկվայի Ա. Շանյավսկու անվան քաղաքային ժողովրդական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտպատմություն[3] և Հունական դիցաբանություն[3]
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1903)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Հայտնի աշակերտներQ16664479?
 Nikolay Kun Վիքիպահեստում

Նիկոլայ Կուն (մայիսի 21, 1877(1877-05-21)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 28, 1940(1940-10-28)[2] կամ փետրվարի 28, 1940(1940-02-28)[1], Չերկիզովո (քաղաքատիպ ավան, Պուշկինսկի շրջան), Պուշկինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պատմաբան, գրող, մանկավարժ, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր։ Հեղինակել է «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները», 1922) գիրքը, որ բազմիցս հրատարակվել է նախկին ԽՍՀՄ ժողովուրդների և հիմնական եվրոպական լեզուներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Կունը ծնվել է 1877 թվականի մայիսի 21-ին Մոսկվայում։ Հայրը՝ Ալբերտ Ֆրանցևիչը, եղել է կրթված անձնավորություն, հետաքրքրվել է գիտությամբ, լավ ծանոթ է եղել ռուսական մշակույթին։ Ունեցել է գերմանական և անգլո-շոտլանդական արմատներ։ Մայրը՝ Անտոնինա Նիկոլաևնան, սերել է Իգնատևների ազնվականական տոհմից, եղել է ընդունակ դաշնակահարուհի, Ռուբինշտեյնի ու Չայկովսկու աշակերտը։

1903 թվականին ավարտելով Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը և ստանալով առաջին աստիճանի դիպլոմ և Սազիկովայի անվան հեղինակավոր մրցանակ ռեֆերատի համար՝ Նիկոլայ Կունը մնացել է համալսարանում, բայց ուսանողական շարժմանը մասնակելու պատճառով նրա առաջադրումը չի հաստատվել Մոսկվայի կրթական շրջանի հոգաբարձուի կողմից, և նա սկսել է աշխատել Տվերի Պ. Մաքսիմովիչի անվան իգական ուսուցչական սեմինարիայում[4][5]։ 1905 թվականին աշխատել է Բեռլինի համալսարանում՝ պրոֆեսոր Էդուարդ Մեյերի մոտ և ժողովրդագրության թանգարանում։ 1906 թվականի վերջին վերադարձել է Տվեր, ընտրվել է Տվերի մասնավոր ռեալական ուսումնարանի խորհրդի նախագահ։ 1907 թվականի հունվարին Տվերում Ժողովրդական համալսարանի բացվելուց հետո այնտեղ կարդացել է դասախոսություններ՝ նվիրված մշակույթի պատմությանը։

1908 թվականին ընտրվել է Մոսկվայի Դ. Տիխոմիրովի կանանց բարձրագույն մանկավարժական դասընթացների համաշխարհային պատմության պրոֆեսոր, որտեղ կարդացել է դասախոսություններ մինչև դասընթացների փակվելը 1918 թվականին։ Միաժամանակ դասախոսություններ է կարդացել Մոսկվայի ժողովրդական համալսարանների միությունում, դասավանդել պատմություն Մոսկվայի ուսումնական հաստատություններում (1915 թվականին, ըստ «Вся Москва» ամենամյա հանդեսի տվյալների, դասավանդել է Գ. Շելապուտինի անվան գիմնազիայում)։

1911-1912 թվականներին ղեկավարել է ռուս ուսուցիչների էքսկուրսիաները Հռոմում, Հռոմի թանգարաններում կարդացել դասախոսություններ անտիկ մշակույթի, հռոմեական Ֆորումի, Պալատինի պատմության վերաբերյալ։ 1915 թվականին դարձել է Մոսկվայի Ա. Շանյավսկու անվան քաղաքային համալսարանի պրոֆեսոր կրոնի պատմության ամբիոնում։ 1916 թվականին դարձել է Նիժնի Նովգորոդի քաղաքային ժողովրդական համալսարանի պրոֆեսոր։

1920 թվականին Նիկոլայ Կունը դարձել է Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր։ Միաժամանակ դասավանդել է մշակույթի պատմություն Մոսկվայի առաջին մանկավարժական ինստիտուտում (1918-1925)։ 1920-ական թվականներին Նիկոլայ Կունը դասավանդել է նաև Մոսկվայի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական երաժշտական տեխնիկումում, այդպես կոչված «Ժողովրդական կոնսերվատորիայում» Չերկիզովո գյուղում։

1935 թվականից մինչև կյանքի վերջը Նիկոլայ Կունը եղել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտի պրոֆեսոր։

1933 թվականից եղել է Սովետական մեծ հանրագիտարանի և Սովետական փոքր հանրագիտարանի հին պատմության բաժնի խմբագիր, գրել մի քանի հարյուր հոդվածներ ու նշումներ։

Նիկոլայ Կունի ու նրա ընտանիքի գերեզմանը

Նիկոլայ Կունն ամուսնացած է եղել Ելենա Ֆրանցևնա Ռոուպերի (1871-1961) հետ։ Վերջինս ունեցել է անգլո-շոտլանդական ծագում։ Լինելով ընտանիքի տասներկուերորդ երեխան՝ Ելենա Ֆրանցևնան ապրել է իր տարեց ծնողների հետ, վարել հոր լայնածավալ գործնական գրագրությունն անգլերենով, ֆրանսերենով ու գերմաներենով։ Իրենց դստեր՝ սկսնակ գիտնականի հետ ամուսնությունը հավանության չի արժանացել Ելենա Ֆրանցևնայի ծնողների կողմից, և նրանք սպառնացել են աղջկան զրկել ժառանգությունից։ Պսակադրությունից առաջ Ելենա Ֆրանցևնան անգլիկան դավանանքից անցել է ուղղափառ կրոնի, և գաղտնի պսակադրության հաջորդ օրը երիտասարդ ամուսինները միասին գրավոր հրաժարվել են ժառանգությունից։

Իր կյանքի վերջին տարիները Նիկոլայ Կունն անցկացրել է Չերկիզովյան պարկում։ Նա մահացել է իր «Սերապիսի պաշտամունքի ծագումն ու առաջին Պտղոմեոսների կրոնական քաղաքականությունը» զեկուցումը կարդալուց առաջ, որը դարձել է նրա վերջին աշխատանքը։

Նիկոլայ Կունը մահացել է 1940 թվականի հոկտեմբերի 28-ին Չերկիզովոյում, թաղվել է Չերկիզովոյի գերեզմանատանը, որտեղ իրենից առաջ թաղվել էին իր երեխաները՝ Անտոնինան (1908-1924), որը խեղդվել էր գետում, Եվգենյան (1902-1930), որը մահացել էր տուբերկուլոզից և Իպոլիտը (1903-1932), որը մահացել էր ստացած վնասվածքի հետևանքով։

Նիկոլայ Կունի որդին՝ Նիկոլայը (1911-1942), մահացել է ռազմաճակատում ստացած կոնտուզիայի հետևանքով։

Գիտական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինչ են պատմել հին հույներն ու հռոմեացիներն իրենց աստվածների ու հերոսների մասին»

Նիկոլայ Կունը հրատարակել է «Մութ մարդկանց նամակների» թարգմանությունը (ռուս.՝ Письма тёмных людей, 1907), գրել «Աֆրիկյան ժողովուրդների հեքիաթներ» (ռուս.՝ «Сказки африканских народов», 1910), «Մուհամեդն ու մահմեդականությունը» (ռուս.՝ «Магомет и магометанство», 1915), «Իտալիան 1914 թվականին» (ռուս.՝ «Италия в 1914 г.», 1915), «Գնչուների հեքիաթներ» (ռուս.՝ «Сказки цыган», երկու հատորով, 1921 և 1922), «Քրիստոնեության նախակարապետները (արևելյան մշակույթները Հռոմեական կայսրությունում)» (ռուս.՝ «Предшественники христианства (восточные культуры в Римской империи)», 1922), «Նախնադարյան կրոն» (ռուս.՝ «Первобытная религия», 1922), «Մեծ օվկիանոսի կղզիների ժողովուրդների հեքիաթներ» (ռուս.՝ «Сказки народов островов Великого океана», 1922) գրքերը։

Առավել մեծ ժողովրդականության արժանացել է 1914[6] թվականի աշխատությունը՝ գրված «միջնակարգ ուսումնական հաստատությունների միջին դասարանների աշակերտների ու աշակերտուհիների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հույների ու հռոմեացիների առասպելաբանությամբ»։ Իր նախնական՝ «Ինչ են պատմել հին հույներն ու հռոմեացիներն իրենց աստվածների ու հերոսների մասին» (ռուս.՝ «Что рассказывали древние греки и римляне о своих богах и героях») վերնագրով գիրքը հրատարակվել է 1922, 1937 և 1940 թվականներին։ Այստեղ նա ներկայացրել է Հին Հունաստանի բազմաթիվ առասպելներ առաջին անգամ Ռուսաստանում և երկրորդ անգամ ամբողջ աշխարհում (դրանից առաջ գոյություն է ունեցել ֆրանսերեն թարգմանությունը՝ կատարված 19-րդ դարի կոմպոզիտոր, դաշնակահար, երգեհոնահար, ջութակահար, տեսաբան, մանկավարժ, գրականագետ, փիլիսոփա և լեզվաբան Շառլ Ալկանի կողմից, սակայն այդ աշխատության մեծ մասը կորել է, և այն պահպանվել է միայն էպիգրաֆների ու այն ստեղծագործությունների տեսքով, որոնցում դրանք օգտագործել է Ալկանը)։ 1940 թվականից հետո (Կունի կենդանության օրոք կատարված վերջին հրատարակությունն ստորագրվել է տպագրության 1940 թվականի սեպտեմբերի 17-ին) այն բազմիցս վերահրատարակվել է մեծ տպաքանակով, բայց արդեն փոփոխություններով և «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» վերնագրով։

Նիկոլայ Կունի արխիվից զգալի թվով նյութեր 1989 թվականին նրա թոռնուհին՝ Իննա Իպոլիտովնա Կուն-Նեմիրովսկայան, փոխանցել է «Ժողովրդական արխիվ» վավերագրման հասարակական կենտրոնին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Այստեղ նա կարդացել է Հին Հունաստանի պատմությանը նվիրված իր առաջին դասախոսությունը։
  5. Սեմինարիան կրել է նահանգային զեմստովայական վարչության անդամի անունը, որը հիմնադրել է այն 1869 թվականին։
  6. Google books

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կուն» հոդվածին։