Ներկարարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներկարարներ (լատին․՝ Coraciidae), ալ-կիոնանմանների կարգի թռչունների ընտանիք։

Կենսաբանական տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 16, Հայաստանում՝ 1 տեսակ՝ ներկարարը (լատին․՝ Coracias garu- lus). բնադրող-չվող է, տարածված։ Խուսափում է անտառներից, սակայն կարող է հայտնվել լքված այգիներում։ Բնակվում է հիմնականում կիսաանապատային և լեռնատափաստանային գոտում։ Գարնանային ամենավաղ վերադարձը՝ ապրիլի 2-րդ տասնօրյակից։

Մարմնի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 30-32 սմ է, թևերի բացվածքը՝ 66-73 սմ, կենդանի զանգվածը՝ 180-200 գ։ Հասունի փետրածածկը վառ կապույտ է, մեջքը՝ շիկակարմիր-դարչնագույն, թափահարող փետուրները՝ սև, դաստակաթևի վերին հատվածը՝ մուգ կապույտ, թևատակի ծածկողները տեսանելի կանաչավուն-կապույտ են։ Երիտասարդի փետրածածկն ավելի բաց ու խամրած է, մեջքը, այտերը, ծոծրակը, կուրծքը դարչնավուն են։ Թռիչքն ուղիղ գծով է՝ թևերի խորը թափահարումներով։ Հաճախ տեսանելի է՝ սյուներին, քարերին և ծառերին նստած։ Սնվում է խոշոր միջատներով, մանր սողուններով, կրծողներով ու թռչուններով, նաև խաղողով և այլ պտուղներով։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է փչակներում, պատի ճեղքերում, ավազոտ կամ կավոտ զառիթափերի փորվածքներում, առանձին դեպքերում՝ քարակույտերում և բետոնե խոշոր սալերի տակ (80 սմ խորությամբ)։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 1-ին կեսից հունիսի սկիզբը։ Դնում է 35 մմ տրամագծով, սպիտակ 3-6 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 18-19 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս 26-28-րդ օրը՝ տիրապետելով կայուն թռիչքին։ Չուի ամենաուշ ժամկետը՝ սեպտեմբերի 2-րդ տասնօրյակին։ Փետրավորման ուշագրավ երանգների պատճառով հաճախ որսագողերի զոհ են դառնում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներկարարներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներկարարներ» հոդվածին։