Մուդրոսի զինադադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուդրոսի զինադադար, կնքվել է 1918 թվականի հոկտեմբերի 30-ին, Անտանտի ներկայացուցիչների և Օսմանյան կայսրության միջև, Հունաստանի Լեմնոս կղզու Մուդրոսի ծովախորշում` բրիտանական «Ագամեմնոն» ռազմանավի վրա։ Զինադադարի պայմանագիրն ազդարարել է Օսմանյան կայսրության պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմում։ Անտանտի կողմից պայմանագիրը ստորագրել է բրիտանական ծովակալ Սոմերսեթ Գոֆ-Քալթրոփը, թուրքական կողմից` ռազմածովային նախարար Ռաուֆ Օրբայը։

Նախապատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի երկրորդ կեսին ռազմական իրավիճակը Կենտրոնական տերությունների և, մասնավորապես, Օսմանյան կայսրության համար կտրուկ վատացավ։ 1918 թ. սեպտեմբերին Անտանտի երկրները նախաձեռնեցին հանկարծակի հարձակում Սալոնիկի ռազմաճակատում, որի արդյունքում բուլղարական բանակը ծանր պարտություն կրեց։ 1918 թվականի սեպտեմբերի 29-ին Բուլղարիան ստիպված եղավ ստորագրել Սալոնիկի զինադադարի պայմանագիրը` դադարեցնելով մասնակցությունն Առաջին համաշխարհային պատերազմում Կենտրոնական տերությունների կողմից։ Բրիտանական բանակը սկսեց շարժվել դեպի արևելք` սպառնալով Կոնստանդնուպոլսին։

Իրավիճակը ծանր էր նաև Մերձավոր Արևելքի ռազմաճակատներում։ 1918 թ. սեպտեմբերի 19-ին բրիտանական զորքերի սկսած հարձակումը պաղեստինյան ռազմաճակատում բերեց օսմանյան զորքերի ծանր պարտության. արագ առաջ շարժվող բրիտանական զորքերը հոկտեմբերի 1-ին գրավեցին Դամասկոսը, հոկտեմբերի 25-ին` Հալեպը։ Բրիտանական զորքերը սրընթաց առաջ էին շարժվում նաև Միջագետքում` հարավից մոտենալով Մոսուլի շրջանին։

Հաշվի առնելով ստեղծված ծանր իրավիճակը և հատկապես Կոստանդնուպոլսի վրա կախված վտանգը` մեծ վեզիր Թալեաթ փաշայի գլխավորած օսմանյան կառավարութունը սկսեց փնտրել պատերազմից դուրս գալու հնարավորություններ։ Հոկտեմբերի 13-ին ողջ կառավարությունը հրաժարական տվեց, և Թալեաթին փոխարինած Ահմեդ Իզզեթ փաշան զինադադարի մասին բանակցություններ սկսեց դաշնակիցների հետ։

Էություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի շահերն անմիջականորեն շոշափող հոդվածներում ասվում էր, որ ռազմագերի և ներկալված հայերին պետք է հավաքել Կոստանդնուպոլսում՝ նրանց առանց խոչընդոտների դաշնակիցներին հանձնելու համար (հոդված 4)։

Հոդված 11-ով նախատեսվում էր թուրքական զորքերի էվակուացիան Անդրկովկասից. ըստ որում՝ մնացած զորքերը պետք է հեռացվեին, «եթե դաշնակիցները պահանջեն դա՝ տեղերում իրավիճակը ուսումնասիրելուց հետո»։

Հոդված 16-ով նախատեսվում էր թուրքական զորքերի դուրսբերումը Կիլիկիայից։

Հոդված 24-ում ասված էր, որ «Հայկական նահանգներից որևէ մեկում անկարգությունների դեպքում դաշնակիցներն իրենց իրավունք են վերապահում գրավելու դրա մի մասը»։

Իրագործումը՝ փաստացի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուդրոսի զինադադարի պայմանները դաշնակիցների անունից Թուրքիային թելադրել էր անգլիացի ծովակալ Գոֆ-Քալթորփը՝ առանց համաձայնեցնելու Անտանտի մյուս անդամների հետ։ Այդ պայմանները քննարկման առարկա դարձան 1919 թ. հունվարի 18-ին Փարիզում բացված հաշտության կոնֆերանսում։ Հունվարի վերջին Անտանտի գերագույն խորհուրդը որոշում ընդունեց Օսմանյան կայսրությունից Հայաստանի, Սիրիայի, Պաղեստինի, Արաբիայի և Միջագետքի անջատման մասին։ Սակայն հետագայում Անտանտի պետությունները ոչ մի լուրջ քայլ չձեռնարկեցին իրագործելու Մուդրոսի զինադադարի այն պայմանները, որոնք կնպաստեին հայկական հարցի արդարացի լուծմանը։ Անկարայում կազմված թուրքական կառավարությունը մերժեց Մուդրոսի զինադադարը և հասավ դրա փաստական վերացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 72