Մյուռոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյուռոնի կաթսա, որի մեջ օրհնվում է մյուռոնը Հայ Առաքելական եկեղեցում յոթ տարին մեկ։

Մյուռոն, մեռոն (<հուն․ μύρον— անուշաբույր ձեթ), բուրավետ նյութ, որը կիրառվում է քրիստոնեական եկեղեցական ծեսերում (օծում, մկրտություն և այլն)։ Պատրաստում են ձիթապտղի յուղից՝ խառնելով հոտավետ բույսերի ծաղիկներ։ Հայաստանում այն պատրաստվում է բազմաթիվ բույսերից (նարդոս, դարչին, ծառի խեժ, մշկընկույզ, ավելի քան 40 ծաղկի ծաղկահյութ), կտավատի ձեթից, գինուց։ Դրանք որոշակի հաջորդականությամբ է լցվում կաթսայի մեջ։ Երկու օր շարունակ այն թույլ եռացնում են կրակի վրա, քամում են։ Մյուռոնօրհնությունից 40 օր առաջ ձիթենու յուղով լեցուն կաթսան դրվում է Ավագ Սուրբ Սեղանին, կատարվում է քարոզ, աղոթք, երեկոյան՝ հսկման կարգ։ Մյուռոնօրհնությունը կատարվում է 5-7 տարին մեկ անգամ, օրհնության իրավունքը, ըստ Հովհան Օձնեցու կողմից սահմանած կանոնի, տրված էր կաթողիկոսին։

Մյուռոնը նույնացվում է Հին Կտակարանի սրբության կամ սուրբ օծության յուղի հետ, որն արևելյան ազգերն օգտագործել են տոնական օրերին։ Ազնվագույն յուղը համարվել է նարդոսի յուղը։ Հին Կտակարանում օծման յուղը ներկայացվում է աստվածային շնորհի դրսևորում, որով սրբագործվել են Աստծուն ընտրյալ անձինք, հոգևոր կառույցները, խորհրդապատկերային առարկաները։

Մկրտությունը Ս․ Հոգի ընդունելու նվիրական նշան է։ Մկրտվելն այժմ իրականացվում է եկեղեցու կողմից ընդունած երկու խորհուրդների՝ Մկրտության և Դրոշմի միջոցով։ Հույն եկեղեցին այն կոչում է Մյուռոն, Հայոց եկեղեցին՝ Դրոշմ։

Ավանդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդության համաձայն Մյուռոնն առաջին անգամ Հայաստան է բերել Թադեոս առաքյալը։ Այն պատրաստել էր Մովսես մարգարեն և պահվում էր Երուսաղեմի տաճարում, որի կործանումից հետո ձեռքից ձեռք անցնելով՝ հասել է Թադեոս առաքյալին, ապա՝ Գրիգոր Լուսավորչին։ Այստեղից էլ ձևավորվել է հին Մյուռոնը նորին խառնելու սովորությունը։ Մեկ այ ավանդության համաձայն Հիսուսի ձեռքով օրհնված ձիթայուղը առաքյալները բերել են Հայաստան[1]։

Մյուռոնօրհնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին շրջանում Հայաստանում Մյուռոնօրհնության արարողությունը կատարվում է աշնանը խորհրդավոր ծեսով կաթողիկոսի մասնակցությամբ։ <<Առաքելո աղաւնոյ>> շարականը երգելով կաթսայի մեջ լցնում են ծաղիկների հյութն ու բալասանը, յուղը, հին Մյուռոնը։ Մյուռոնը խառնել երեք սրբություններով՝ Քրիստոսի խաչելության կենաց փայտով, Ս․ Գեղարդով և Ս․ Գրիգոր Լուսավորչի Աջով[2]։ Կաթսան փակվում է կափարիչով և 7 շղարշներով։ 20-րդ դարում Մայր Աթոռը կատարել է Մյուռոնօրհնության 9 արարողություն։ 21-րդ դարում առաջին Մյուռոնօրհնության արաղությունը տեղի է ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 23-ին Գարեգին Ա կաթողիկոսի մասնակցությամբ։

Հայ եկեղեցին մյուռոնը պատրաստելուց հետո այն բաժանում է եկեղեցու բոլոր վիճակներին (թեմերին

Մյուռոնն օգտագործել են աստվածային շնորհները զորացնելու, Ս․ Էջմիածնից բաժանելու, մկրտելու, հոգևոր նոր կառույցներն օծելու նպատակով։ Մյունօրհնությանն անդրադարձել են հայ պատմիչները՝ սկսած Ագաթանգեղոսից, որտեղ ներկայացվում է Մյուռոնի հրաշագործ հատկանիշները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օրմանյան, Մաղաքիա (1993). Հայոց եկեղեցին. էջ 168.
  2. Դևրիկյան, Վարդան (2021). Սրբազան Մյուռոնը հայ մատնեագիտության մեջ 5-19-րդ դարեր. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին.
  3. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Երևան. 2002. էջեր 750–752.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 650
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուռոն» հոդվածին։