Մծիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մծիրի
ռուս.՝ Мцыри
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպոեմ
ՀեղինակՄիխայիլ Լերմոնտով
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1838—1839 թ.
ՏեսարանՋվարի վանք
 The Novice (Lermontov)

Մծիրի (ռուս.՝ Мцыри), Միխայիլ Լերմոնտովի ռոմանտիկ պոեմը, որը գրվել է 1839 թվականին և լույս է տեսել 1840 թվականին։ Այն վերաբերում է Լերմոնտովի կովկասյան ուշ գրված ստեղծագործություններին և համարվում է ռուսական ռոմանտիկ պոեզիայի դասական նմուշներից մեկը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմի սյուժեն Լերմոնտովը վերցրել է կովկասյան կյանքից։

Այնտեղ, որ Արագվ ու Կուր գետերի
Ջըրերն աղմուկով խառնըվում իրար,
Գըրկվում են երկու քույրերի նըման.
Կար մի մենաստան։

Ջվարի վանքը, որտեղ ենթադրաբար տեղի են ունենում պոեմի հիմնական գործողությունները

Դեպքերը տեղի են ունենում Մցխեթում։ Մի օր ռուս գեներալը ուղևորվելով Թիֆլիս՝ իր հետ տանում է փոքրիկ գերի երեխայի։ Երեխան հիվանդանում է և գեներալը թողնում է նրան վանքում։ Մցխեթցի վանականները դաստիարակում են երեխային որպես քրիստոնյայի։ Վայրենի մանուկը սովորում է խոսել վրացերեն և պատրաստ է վանականի ուխտ ընդունել։ Սակայն ծեսի նախօրյակին ընդոծինը՝ Մծիրին, փախչում է։ Նրան երեք օր անօգուտ փնտրում են։ Որոշ ժամանակ անց գտնում են Մցխեթի մոտերքում, խոտերի մեջ ընկած։ Երբ ուշքի է գալիս, վանականները սկսում են քննել նրան։ Մծիրին լուռ է։ Նրան փորձում են կերակրել, բայց հրաժարվում է ուտելուց։ Հասկանալով, որ որոշել է արագացնել իր վախճանը, մոտն են բերում իրեն դաստիարակած վանականին։ Ծերուկը գալիս է։ Նա շատ է կապված Մծիրիի հետ և ուզում է, որ եթե անգամ սրան վիճակված է մեռնել, նախքան դա քրիստոնեական ավանդույթի համաձայն մեղքերի թողություն խնդրի, խոստովանի մեղքերը։

Մծիրիի խոստովանությունը, Լեոնիդ Պաստեռնակ

Սակայն Մծիրին մեղք չի համարում այն, որ փախել է՝ իր նախնիների նման բնության հետ միասնության մեջ ապրելու համար։ Ուզում է ապրել ինչպես ազատ արծիվները, գայլերը, հովազները։ Մի հովազի հետ նա կռվել է անտառում և հաղթել։ Բնության մեջ նա վերադարձրեց այն, ինչը հավետ կորած էր համարում՝ մանկության հուշերը։ Հիշում է հորը, քույրերին և եղբայրներին։ Միայն մի մեղք ունի նա իր հոգում։ Դա ուխտադրժությունն է։ Դեռ վաղուց էր խոստացել ինքն իրեն վանքից փախչել հայրենի տուն։ Փախուստի դիմելով՝ նա ուղևորվում է դեպի Արևելք, Արևելք… Բայց վերադառնում է նույն վայրը, որտեղից սկսել էր փախուստը։ Նա համոզված է, որ վանքում, որը բանտ է կոչում, նա ոչ միայն թուլացել է մարմնով, այլև կորցրել է ճանապարհացույցը։ Առանց այդ զգայարանի ոչ մի գազան, ոչ մի լեռնցի այս կողմերում գոյատևել չի կարող։ Նա դուրս էր պրծել վանքի պատերից, սակայն նրան պահել են իր հոգու ներսում գոյացած պատերը։ Հենց այս բացահայտումն է մահացու գործում նրա հոգում, ոչ հովազից ստացած մեղքերը։ Միակ բանը, որ նա խնդրում է, որ իրեն թաղեն այգում այնպես, որ այդտեղից երևա Կովկասը։ Քամին, որ փչում է լեռներից, գուցե հասցնի հայրենի տանից եկող զրույցի կամ երգի մի պատառիկ։

«Երբ որ, ծերունի՛, մեռնելու լինեմ,
Ու գիտեմ – երկար չըպիտի ապրեմ, –
Պատվեր տուր այնժամ դու ինձ տանելու
Մեր կանաչ այգին, այնտեղ, ուր երկու
Ճերմակ հակակի թփեր են ծաղկում...
Խոտն այնքան խիւո է նրանց արանքում,
Ու անուշաբույր թարմ օդը այնպե՜ս,
Այնպե՜ս թափանցիկ, այնպես ոսկեշող
Տերևն արևի տակին խաղացող...
Դու հըրամայի ինձ այնտեղ տանեն։
Պայծառ ցերեկի փայլով ոսկեղեն
Վերջին անգամը կարբենամ գեթ ես։
Կովկասն այնտեղից կերևա նույնպես։
Կարելի է հով զեփյուռների հետ
Ուղարկի նա ինձ վերջին հըրաժեշւո
Իր բարձունքներից հզոր, աննըվաճ...
Ու իմ ականջին, օրհասից առաջ
Կըհնչի դարձյալ հարազատ մի ձեն։
Ու կըմտածեն թե ընկերըս է էն,
Կամ թե եղբայրս վրաս կորացած՝
Զգույշ ձեռքերով դեմքիցս կամաց
Մահվան սառնամած քրտինքն է սրբում
Ու մեր տան մասին կիսաձայն երգում...
Ու ես այս մըտքով խաղաղ կըհանգչեմ,
էլ չեմ գանգաավի ոչ – ոքի ընդդեմ...»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лермонтовская энциклопедия / Мануйлов, Виктор Андроникович. — 1981. — 746 с.
  • Лермонтов / Андроников, Ираклий Луарсабович. — 1951. — 320 с.