Մխիթար Այրիվանեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթար Այրիվանեցի
Ծնվել է1224[1]
ԾննդավայրԵրևան[2]
Մահացել է1290[1]
Մասնագիտությունմատենագիր, պատմաբան, բանաստեղծ, ուսուցիչ, քահանա, երաժիշտ և գրիչ
 Mekhitar of Ayrivank Վիքիպահեստում

Մխիթար Այրիվանեցի (1224[1], Երևան[2] - 1290[1], Այրիվանք, թաղված է իր ճգնարան-քարայրի շեմին), մատենագիր, պատմիչ, մանկավարժ, վարքագիր, բանաստեղծ, երգահան։

Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1265–1275 թվականներին Խոր վիրապի վարդապետարանում ծավալել է գիտամանկավարժական լայնածավալ գործունեություն, հիշատակվում է որպես «անդրանիկ վարդապետ», «գերահռչակ և բարերջանիկ, վսեմախոհ րաբունի», «րաբունյաց րաբունի»։ Առնչվել է Հովհաննես Վանականի ու Վարդան Արևելցու դպրոցների հետ և շարունակաբար զարգացրել դրանց մանկավարժական ավանդույթները։ Մինչև 1275 թվականը ապրել և գործել է Օրբելյաններին ենթակա հոգևոր կենտրոններում, ապա իր գործունեությունը շարունակել Խաղբակյանների իշխանությանը ենթակա Այրիվանքում։ 1277–1279 թվականներին որպես «Այրիվանքի սուրբ ուխտի» եպիսկոպոս վարել է Սրկղունիքի Ս. Հակոբ եկեղեցու և Թանահատի վանքի Ս. Ստեփանոս եկեղեցու նավակատյաց տոնակատարությունները։ Մինչև 1289 թվականը որպես արքեպիսկոպոս ղեկավարել է Պռոշյաններին ենթակա հոգևոր կենտրոնների եկեղեցական գործերը։ 1289 թվականին Այրիվանքի բարձրադիր ժայռերից մեկի քարայրում կառուցել է տվել ճգնարան-աշխատատեղի, մեկուսացել արտաքին աշխարհից, ապրել ճգնավորի նախատեսված կանոններով, շարունակել իր ստեղծագործական աշխատանքը։

Մխիթար Այրիվանեցու գիտամանկավարժական և գրական գործունեության առաջին շրջանն աղերսվել է Պատարագամատույց, Հայսմավուրք, Մաշտոց եկեղեցածիսական ժողովածուների հետ՝ «Երրորդ աւուրն գալստեան հոգոյն և աւրհնութիւն ձիթոյ» (1253–1273 թթ) գանձը, «Նորակերտ գրոց», եկեղեցականպատկերների օրհնությանը նվիրված երգը, «Աղ աւրհնելոյ», «Խունկաւրհնելոյ», «Դրան եկեղեցւոյ» աղոթքները։ Նրա վաղ շրջանի հեղինակած գործերից են նաև Ստեփանոս Ալեքսիանոս Կրոնավորին նվիրված վարքերը։

1280-ական թթ. սկսվել է Մխիթար Այրիվանեցի գիտա-մանկավարժական և գրական գործունեության երկրորդ՝ առավել բեղուն շրջանը։ Նրա շնորհիվ մեծ հռչակ է ձեռք բերել Այրիվանքի ուսումնական կենտրոնը՝ «Այրիվանաց մեծ ուխտը»։ Այդ տարիների դպրոցի բարձր մակարդակի վկայությունն է Մխիթար Այրիվանեցու կազմած վարդապետական բարձրագույն դպրոցներում եռյակ գիտությունների տեսական, իմաստասիրական, աստվածաμանական առարկաների դասավանդման համար հանձնարարվելիք գրականության ուսումնական ծրագիրը, որը գիտական աշխարհում հայտնի է «Կարգադրութիւն գրոց սրբոց...» խորագրով և թարգմանված է մի քանի լեզուներով։ Այրիվանքում 1283 թվականին ի մի բերելով վերոհիշյալ ծրագրով նախատեսված ամբողջ գրականությունը, կազմել է դրան համապատասխան ուսումնական ձեռնարկ-ժողովածու՝ քրեստոմատիա (հայագիտության մեջ ճանաչված է Ճառընտիր անունով)։ 2000 մեծադիր էջերից բաղկացած փիլիսոփայական, աստվածաբանական, իմաստասիրական երկերի ինքնագիր այդ ժողովածուն (Մատենադարան, ձեռ.դ 1500) իր կառուցվածքով ու բովանդակությամբ եզակի արժեք ունի ոչ միայն հայ, այլև միջնադարյան համաշխարհային գրական հուշարձանների շարքում։

1268 թվականին ստեղծել է հոգևոր անհատական երգերի իր չափածո ժողովածուն՝ Գանձարանը, որը մեծ ճանաչման է արժանացել դեռևս միջնադարում։ Ժողովածուի հիմնական խմբում ընդգրկվել են տերունական, վկաներին, սրբերին նվիրված 19 գանձ, ծիսական բնույթի 2 գանձ, 2 երգ և ինքնագիր չափածո հիշատակարան (Մատենադարան, ձեռ. դդ 4011, 6529)։ Մխիթար Այրիվանեցին եղել է իր իսկ գանձերի երգահանը։ Նրա գանձերը μանաստեղծական խոսքով օժտված չափածո ստեղծագործություններ են («Սրբոց հայրապետացն երեք ժողովոյն», «Գանձ ամենայն սրբոց թագաւորաց», «Սրբոց թարգմանչացն Սահակայ և Մեսրոպայ», «Սրբոց Հռիփսիմեանց», «Կաթողիկէ եկեղեցւոյ», «Ամենայն սրբոց թագաւորաց») գանձերը։

Մխիթար Այրիվանեցու գրական ժառանգության մեջ ուրույն տեղ են գրավում նրա բանաստեղծությունները, որոնք հիմնականում տաղեր են, օրհնության երգեր՝ հորինված եկեղեցական ձեռնարկների և ծիսական նպատակների համար։ Նա հեղինակ է նաև Ստեփանոս Սյունեցուն նվիրված շարականի, որը ցայժմ անհայտ է։

Մխիթար Այրիվանեցուն պատմիչի ճանաչում է բերել «Նոր պատմութիւն» (1289, հրտ. «Պատմութիւն Հայոց», 1860) ժամանակագրական բնույթի երկը, որն ընդգրկում է հայ և հարևան ժողովուրդների պատմությունն Արարչագործությունից մինչև XIII դ։ Օգտագործված են կորած սկզբնաղբյուրներ, որի շնորհիվ մեզ են հասել պատմական եզակի տեղեկություններ։ Երկը նորություն է իր կառուցվածքով, ոճային առանձնահատկություններով, աշխատության առաջին մասում զետեղված մատենագիտական նշանակության 35 անվանացանկերով։

Մխիթար Այրիվանեցին աշխատել է նպաստել կաթողիկոսական աթոռն ու թագավորական գահը Հայաստան տեղափոխելու ծրագրերի մշակմանը։ Կյանքի վերջին տարիներին գրել է «Տոմարի տեսություն» աշխատությունը, որը մեզ չի հասել։ Դրա առանձին հատվածներ պահպանվել են «Նոր պատմութիւն» երկում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մխիթար Այրիվանեցի . Գանձեր և տաղեր, աշխատասիրությամբ Էլեոնորա Հարությունյանի. Երևան, «Նաիրի» հրատ., 2005, 255 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #169610329 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 2,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 629.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մխիթար Այրիվանեցի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 629