Միջազգային առևտուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային առևտուր, երկրների միջազգային սահմանների և տարածքների միջև կապիտալի, ապրանքների և ծառայությունների փոխանակումը։ Այս տեսակի առևտուրը նպաստում է համաշխարհային տնտեսության ձևավորմանը, որտեղ գները, առաջարկն ու պահանջարկը կարող են ազդել և փոխվել տարբեր համաշխարհային իրադարձությունների արդյունքում։ Շատ երկրներում այսպիսի առևտուրը կարևոր դեր է խաղում և ապահովում է համախառն ներքին արդյունքի/ՀՆԱ-ի մեծ մասը։ Մինչդեռ միջազգային առևտուրը ավելի շատ ներկայացված է պատմության մեջ, բայց դրա տնտեսական, քաղաքական և սոցիալական նշանակությունը վերջին դարաշրջանում էլ ավելի է աճում։ Քաղաքական ասպեկտը, միջազգային առևտրի մեջ դիտարկելիս, հաշվի ենք առնում այն փաստը, որ միջազգային առևտուրը ենթադրում է առևտուր/փոխանակում տարբեր երկրների և ազգերի միջև, հետևաբար քաղաքական ոլորտում առավել խաղաղ երկրները ունեն միջազգային առևտրում մասնակցության առավել մեծ հնարավորություններ։ Բացի դրանից, երկու երկիր կփոխանակվեն տարբեր ապրանքներով կամ ծառայություններով, եթե ունեն բարեկամական կամ խաղաղ հարաբերություններ։

Ընդհանուր նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային մասշտաբով միջազգային առևտուրը սպառողներին և երկրներին հնարավորություն է տալիս օգտվել այն ապրանքներից և ծառայություններից, որոնք հասանելի չեն սեփական երկրում։ Գրեթե ցանկացած ապրանք կարելի է գտնել միջազգային շուկայում։ Օրինակ նավթ, հագուստ, մթերք, արժեթղթեր և այլն։ Եվ ծառայությունները, որոնք ևս գնվում և վաճառվում են միջազգային շուկաներում, օրինակ՝ տուրիզմը, խորհրդատվությունը, տրանսպորտային ծառայությունները և այլն։ Այսպիսով, այն գործընթացը, երբ ապրանքները վաճառվում են համաշխարհային շուկայում համարվում է արտահանում, իսկ այն ապրանքները, որոնք գնվում են՝ ներմուծում։

Եվ արտահանումը, և ներմուծումը հաշվարկվում է յուրաքանչյուր երկրի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվների բաժնում։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդել միջազգային առևտրի վրա։ Այդպիսի գործոնների օրինակներ են՝ համաշխարհային տնտեսության գլոբալացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը, նորագույն տրանսպորտային միջոցները և այլն։ Միջազգային առևտուրը հատկապես հատկանշական է շարունակական գլոբալացման պայմաններում։ Առանց միջազգային առևտրի, ազգերը՝ իրենց սահմաններին համապատասխան, կունենային ապրանքների և ծառայությունների սահմանափակ քանակություն։

Միջազգային առևտրի մեջ գործում է արտադրության աճի համեմատությամբ արտաքին առևտրի առավել արագ զարգացման տնտեսական օրենքը։ Այս տեսանկյունից միջազգային առևտրին բնորոշ են հետևյալ օրնաչափությունները.

  • Միջազգային առևտրի կառուցվածքի մեջ անհամեմատ արագ է զարգանում ծառայությունների ոլորտը։
  • Վառելիքահումքային ապրանքների խմբի համեմատությամբ արագ է աճում պատրաստի արտադրանքի և կիսաֆաբրիկատների առանձին դետալների արտահանման ծավալը։
  • Միջազգային առևտրի աճի տեմպերը շատ բարձր են հատկապես զարգացած երկրների ապրանքաշրջանառության մեջ, ընդ որում դրանց արտադրանքի արտահանման մեջ արագ մեծանում է միկրոսարքերի և ինֆորմացիոն տվյալների բաժինը։
  • Միջազգային առևտրի ոլորտումուժեղանում է պետական և վերպետական օրգանների կարգավորման դերը։ Այն աստիճանաբար ազատականացվում է։

Պետությունները միմյանց հետ առևտուր են անում հետապնդելով նյութական և բարոյական շահեր։ Արտաքին առևտրի ծավալների ընդլայնումը, պատրաստի արտադրանքի ու ծառայությունների հաշվին նրա տեսականու ավելացումը նպաստում են երկրների նյութական, ֆինանսական ռեսուրսների խնայողությանը և նրանց միջև միջազգային տնտեսական կապերի հետագա խորացմանը։ Այն հնարավորություն է տալիս պետություններին արտահանել այն ապրանքները, որն իրենց համար ավելցուկ է և ձեռք է բերել ուրիշը, որի կարիքը շատ են զգոււմ նրանք։

Միջազգային և ներքին առևտուր տարբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ միջազգային առևտուրը չի տարբերում երկրների ներքին/տեղական առևտրից, քանի որ, ըստ էության, երկու դեպքում էլ առևտուր անելու մոտիվացիան նույնն է։ Պարզապես միջազգային առևտրում ներգրավված մասնակիցներն են տարբեր, ինչպես նաև ինքնին առևտուր կատարելու ձևը, այսինքն առևտուրը կատարվում է սահմաններից դուրս կամ երկրի սահմաններում։ Ներքին և միջազգային աևտրի ամենամեծ տարբերությունն այն է, որ վերջինս ավելի ծախսատար է։ Պատճառն այն է, որ միջազգային առևտուրը ենթադրում է սահմաններից դուրս առևտուր, իսկ սահմանային ծախսերը ենթադրում են բարձր տարիֆներ, ծախսեր՝ կապված ապրանքների ուշացման հետ, կամ ծախսեր կապված երկրների որոշ գործոնների հետ, օրինակ՝ մշակույթ, լեզվի տարբերություններ, իրավական դաշտ։

Մեկ այլ կարևոր տարբերություն ներքին և միջազգային առևտուրների միջև, այն է. արտադրության գործոնները, ինչպիսիք կապիտալն ու աշխատուժն են առավել շարժունակ են երկրի ներսում քան երկրի սահմաններից դուրս։ Այդ պատճառով միջազգային առևտուրը առավել սահմանափակված է ապրանքների և ծառայությունների առևտրի մասով, և քիչ՝ կապիտալի, աշխատուժի և այլ արտադրական գործոնների մասով։ Այսինքն, սա նշանակում է, որ տարբեր երկրներ ունեն տարբեր հնարավորություններ և տարբեր արտադրական գործոններ։ Առավել նպատակահարմար կլինի երկրի համար ներմուծել այնպիսի ապրանքներ և ծառայություններ, որոնք նա չի կարող արտադրել կամ կարող է արտադրել, բայց շատ ժամանակատար և ծախսատար ռեսուրսների հաշվին։ Եվ հակառակը, ճիշտ է այն պնդումը, որ երկիրը պետք է արտահանի այնպիսի արտադրական գործոններով արտադրված ապրանքներ և ծառայություններ, որոնք քիչ ժամանակ և ծախս են պահանջում։

Միջազգային առևտուրը թույլ է տալիս հարուստ երկրներին առավել արդյունավետ օգտագործել իրենց ռեսուրսները, ինչպիսիք են աշխատուժը, տեխնոլոգիաները և կապիտալը։ Քանի որ տարբեր երկրներ առանձնահատուկ են՝ ունենալով տարբեր առավելությունները, օրինակ՝ հող, կապիտալ, աշխատուժ, տեխնոլոգիա և այլն։ Հետևաբար նման երկրները կարող են իրենց ունեցած ռեսուրսներով ավելի արդյունավետ և քիչ ծախսերով արտադրել ապրանքներ և վաճառեն ավելի էժան։ Միջազգային առևտրում սա նշանակում է՝ երկիրը մասնագիտանում է տվյալ ապրանքի արտադրության մեջ։

Միջազգային առևտրի մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային առևտուրը իրենից ենթադրում է տարբեր երկրների միջև արտահանման և ներմուծման գործընթացներ։ Միջազգային առևտրի մոդելները համաշխարհային առևտրի հիմունքներն են, որոնք նկարագրում են դեռևս մերկանտիլիստների ժամանակներից ձևավորված միջազգային առևտրին առնչվող տեսությունները։ Բոլոր մոդելների հիմքում ընկած է այն հիմնական գաղափարը, որ երկրները պետք է ավելի շատ արտահանեն, քան ներմուծե, այսպիսով թույլ չտալով հումքի արտահանումը։

Ադամ Սմիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես միջազգային առևտրի առաջին մոդել հանդես է գալիս Ադամ Սմիթի բացարձակ առավելությունների տեսությունը, այն է՝ երկրները պետք է արտահանեն այն ապրանքը, որի արտադրության մեջ նրանք ունեն բացարձակ առավելություն։ Այսինքն երկրները ունենում են կոնկրետ արտադրանք մեծ քանակով և համեմատաբար էժան թողարկելու և արտահանելու առավելություն։

Դավիթ Ռիկարդո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Ռիկարդոյի մոդելի հիմքում ընկած է այն գաղափարը, որ երկրները պետք է արտահանեն այն ապրանքները, որոնց արտադրության մեջ նրանք ունեն համեմատական առավելություն։ Այս տեսությունը կոչվում է համեմատական առավելությունների տեսություն։ Ըստ էության Դ. Ռիկարդոյի մոդելը ցույց է տալիս, որ մասնագիտացում և արտաքին առևտուրը փոխշահավետ են ոչ միայն բացարձակ այլև համեմատական առավելության դեպքում։

Հեքշեր-Օհլին[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային առևտրի մեկ այլ տեսություն մշակել են երկու շվեդ տնտեսագետներ՝ Հեքշերը և Օհլինը։ Մոդելը կրում է հենց տնտեսագետների անունը՝ Հեքշեր-Օհլին մոդել։ Ըստ այս մոդելի երկիրը պետք է արտահանի այնպիսի արտադրանք, որի արտադրության մեջ կիրառվել է տվյալ երկրի ամենաառատ ռեսուրսը և համապատասխան ներմուծի այնպիսի ապրանքներ, որի արտադության մեջ կիրառվել է իր համար պակասորդ հանդիսացող ռեսուրսը։

Հեքշեր-Օհլին մոդելը կատարում է հետևյալ հիմնական ենթադրությունները.

  • Աշխատուժը և կապիտալը ազատ հոսում են ճյուղերի միջև
  • Աշխատուժի և կապիտալի քանակությունները երկու երկրներում տարբեր են
  • Տեխնոլոգիան նույնն է երկրներում, սա համարվում է երկարաժամկետ ենթադրություն
  • Նախասիրությունները նույնպես նույնն են։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. P.R. Krugman, International Economics, 7th Edition, 2006
  2. Dominick Salvatore, International Economics, 9th Edition, 2007
  3. Թորոս Թորոսյան, Միջազգային տնտեսագիտություն, երրորդ հրատարակչություն, էջ 11
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջազգային առևտուր» հոդվածին։