Միներալոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
հանքանյութաբանությունն օգտակար հանածոների ուսումնասիրության համար կիրառում է քիմիայի, երկրաբանության, ֆիզիկայի և նյութագիտության սկզբունքները

Միներալոգիա, հանքանյութաբանություն, գիտություն բնական քիմիական միացությունների՝ միներալների, նրանց կազմության, ներքին կառուցվածքի, հատկությունների, առաջացման և փոփոխությունների մասին։ Ուսումնասիրում է ապարների և հանքանյութերի բաղադրամասերը, միներալները և տարբեր երկրաբանական պայմաններում տեղի ունեցող միներալառաջացման պրոցեսները։ Միներալոգիայի հիմնական խնդիրն է միներալների կազմության ու հատկությունների ուսումնասիրությունը, նպատակը՝ նրանց գործնական կիրառումը։ Միներալոգիան որպես երկրաբանական գիտությունների ճյուղ սերտորեն կապված է պետրոգրաֆիայի, երկրաքիմիայի, օգտակար հանածոների մասին ուսմունքի, ինչպես նաև բյուրեղագիտության, բյուրեղաքիմիայի, ֆիզիկական քիմիայի և քիմիայի հետ։ Միներալոգիան բաժանվում է մի քանի ուղղությունների՝ նկարագրական, ծագումնաբանական, ռեգիոնալ և կիրառական տեխնիկա-տնտեսական։ Նկարագրական միներալոգիան զբաղվում է միներալների նկարագրությամբ, սիստեմավորմամբ, նրանց քիմիական կազմության և բյուրեղային ստրուկտուրայի, ֆիզիկական հատկությունների (կարծրություն, խտություն, օպտիկական հատկանիշներ և այլն) ուսումնասիրությամբ։ Ծագումնաբանական միներալոգիայի հիմնական խնդիրն է՝ պարզել այն պայմանները, օրենքները և պրոցեսները, որոնք հանգեցրել են երկրակեղևում և նրա մակերևույթին այս կամ այն միներալային տեսակների կամ միներալային համակարգությունների առաջացմանը։ Այդ ուսումնասիրությունները հնարավորություն են ընձեռում վերականգնել միներալային տեսակի պատմությունը՝ կապված Երկրի և օրգանական կյանքի զարգացման ընդհանուր պատմության հետ։ Ռեգիոնալ միներալոգիան զբաղվում է միներալային տեսակների և նրանց համաստեղությունների՝ որոշակի երկրաբանական կառուցվածքներին և մարզերին տարածականորեն հարելու հարցերի ուսումնասիրությամբ։ Դա թույլ է տալիս դատելու տարբեր միներալային համաստեղությունների հնարավոր տարածական տեղաբաշխման մասին և նպատակասլաց պլանավորելու օգտակար հանածոների որոնումն այս կամ այն տարածքում։ Տարածաշրջանային միներալոգիական աշխատանքներն օգնում են կազմելու օգտակար հանածոների, մետաղածնական և այլ մասնագիտացված քարտեզներ։ Կիրառական տեխնիկատնտեսական միներալոգիան ուսումնասիրում է միներալների որպես մետաղային և ոչ մետաղային հանքային հումքի առավել արդյունավետ օգտագործման հարցերը։ Միներալները, բացի օգտակար հանածոների մեծարժեք հանքավայրերի որոնման հուսալի նշաններ լինելուց, ըստ իրենց հատկանիշների օգտագործվում են տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում։ Միներալների ուսումնասիրության հետ կապված խնդիրների լուծման նպատակով միներալոգիան օգտվում է տարբեր մեթոդներից (քիմիական անալիզ, սպեկտրաքիմիական և ռենտգենոլոգիական հետազոտություններ, ռենտգենակառուցվածքային վերլուծություն, էլեկտրոնային մանրադիտակ, արհեստական միներալների սինթեզ և այլն)։

Միներալոգիան, ինչպես նաև բնական մյուս գիտությունները, սկզբնավորվել է մարդու գիտակցական կյանքի հետ զուգահեռ։ Մարդը քարն օգտագործել է կացարան շինելու, աշխատանքային, որսի և այլ գործիքներ պատրաստելու համար, աստիճանաբար հայտնաբերել է թանկարժեք քարեր և այլ քարանյութեր, հանքանյութեր և այլն։ Միներալների մասին առաջին տվյալները բերվել են անտիկ աշխարհի՝ Հունասանի և Հռոմի գիտնականների աշխատություններում մեր թվարկությունից մի քանի դար առաջ (Արիստոտել՝ 384-322, Թեոֆրաստ՝ 372-287)։ Նրանք միներալային մարմինները բաժանել են երկու դասի՝ քարեր և հանքանյութեր, իսկ Ավիցեննան (մոտ 980-1037)՝ քարերի, այրվող մարմինների, աղերի և մետաղների։ Մարդը միներալային հումքը օգտագործել է տակավին շատ վաղ ժամանակներից։ Այդ մասին են վկայում բազմաթիվ պեղումների արդյունքները, հնագույն հանքափորվածքները, պղնձի ու երկաթի ձուլարանները, ոսկու հանքերը և այլն։ Մարդկային մշակույթի հետքեր շատ կան Հայաստանի տարածքում՝ Մեծամորի հնագույն մետաղաձուլարանը, Զոդի ոսկու հանքերը, երկաթի և պղնձի հալոցները տարբեր շրջաններում, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն։ Միներալոգիայի զարգացումը և նրա առաջընթացը սերտորեն շաղկապվում են մարդկային հասարակության զարգացման պատմության հետ։ Այն բուռն վերելք է ապրում ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, էլ ավելի մեծ թափ ստանում 19-րդ դարի վերջին։

Տեխնիկայի զարգացումը և նոր քիմիական տարրերի ու նրանց կիրառման բնագավառների հայտնադործումը պահանջեցին մշակել միներալների ու հանքանյութերի ուսումնասիրման որակապես նոր մեթոդներ։ 20-րդ դարում միներալոգիայում տեղի է ունենում երկու ուղղությունների՝ բյուրեղաքիմիայի և ծագումնաբանության միավորում։ Միներալոգիայում ծագումնաբանական ուղղությունը ստեղծել է Վ․ Ի․ Վերնադսկին, հետագայում այն զարգացրել են նրա աշակերտները՝ Ա․ Ե․ Ֆերսմանը և այլք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 558