Մերֆիի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մերֆիի օրենք (անգլ.՝ Murphy's law), կատակային փիլիսոփայական սկզբունք, որը ձևակերպվում է հետևյալ կերպ. «Եթե հավանականություն կա, որ ինչ-որ անախորժություն պետք է պատահի, ապա այն անպայման պատահում է» (անգլ.՝ Anything that can go wrong will go wrong): Ռուսական «ստորության օրենք»-ի (ռուս.՝ «закон подлости»), «բուտերբրոդի օրենք»-ի (ռուս.՝ «закон бутерброда») և «գեներալի էֆեկտ»-ի (ռուս.՝ «генеральский эффект») օտարերկրյա համանունն է[1]։

Կանոնը վերագրվում է Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ինժեներ, կապիտան Ա. Մերֆիին, ով 1949 թվականին ծառայում էր «Էդվարդս» ավիաբազայում։ Մերֆիի օրենքի նման արտահայտություններ ասվել են նաև ավելի վաղ. այն նույնքան հին է, որքան հասարակությունը[2]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մերֆիի օրենքի պատմություն» գրքի շապիկը

1949 թվականին Կալիֆոռնիայում` ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Էդվարդս» բազայում, ուսումնասիրվում էին ավիավթարների պատճառները։ Այդ բազայում ծառայող մայոր Էդվարդ Մերֆին (Edward Murphy) այդ ժամանակ MX981 նախագծի ինժեներն էր։ Նախագծի նպատակն էր ուսումնասիրել այն առավելագույն գերբեռնումը, որին կարող է դիմանալ մարդկային օրգանիզմը։ Գնահատելով լաբորատորիաներից մեկի տեխնիկի աշխատանքը` նա պնդում էր, որ եթե կարելի է ինչ-որ բան սխալ անել, ապա այդ տեխնիկները հենց այդպես էլ կանեն։ Ենթադրվում է, որ «Եթե գոյություն ունի ինչ-որ բան անելու երկու եղանակ, ընդ որում, դրանցից մեկը հանգեցնում է աղետի, ապա ինչ-որ մեկը կընտրի հենց այդ տարբերակը» արտահայտությունն առաջին անգամ ասվել է այն պահին, երբ ինքնաթիռի շարժիչը սկսել է պտտել պրոպելլերը սխալ ուղղությամբ։ Ինչպես հետագայում պարզվել է, տեխնիկները դետալը հակառակ էին տեղադրել։

«Northrop Grumman Corporation» ընկերության նախագծի ղեկավար Ջ.Նիկոլսն այդ մշտական թերություններն անվանել է «Մերֆիի օրենք»։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նրա գնդապետը հայտարարել է, որ թռիչքների անվտանգության ապահովման ոլորտում բոլոր ձեռքբերոմները հանդիսանում են «Մերֆիի օրենք»-ի հաղթահարման արդյունք։ Այդպես արտահայտությունը հայտնվեց մամուլում։ Հետագա մի քանի ամիսների ընթացքում այս սկզբունքը լայնորեն կիրառվում էր գովազդում` ներթափանցելով մարդկանց կյանք[3]։

Ձևակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե անցկացվում է n փորձարկում, որոնցից յուրաքանչյուրի արդյունքը գնահատվում է z ֆունկցիայով, ընդ որում, «կեղծ» արդյունքը ցանկալի չէ, ապա բավականաչափ մեծ n-ի դեպքում անպայման գոնե մեկ A փորձի համար կստացվի ոչ ցանկալի արդյունքը ։

Ջեյմս Կալլագենի մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալլագենը մեկնաբանել է Մերֆիի օրենքը` ասելով.

Մերֆին լավատես էր[3]։

Ավելի ուշ Կալլագենի մեկնաբանությունը վերաձևակերպվել է ավելի խիստ ձևով.

Յուրաքանչյուր n-ի համար կգտնվի m, ընդ որում, , այնպես, որ եթե n-ը բավականաչափ մեծ է նշված կոնկրետ իրադրություններում Մերֆիի օրենքի կատարման համար, ապա m փորձությունը բավական է, որպեսզի դրա A-երից գոնե մեկը տա ոչ ցանկալի արդյունքը։

Մերֆիի օրենքի հիման վրա մշակված օրենքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն օրենքի և դրա հետևանքների տարբեր ձևակերպումներ[4][5]։ Դրանցից շատերը օգտագործվում են կատակերգական սյուժեներում։

  • Եթե ձեզ թվում է, թե իրավիճակը լավանում է, ապա դա նշանակում է, որ դուք ինչ-որ բան չեք նկատել։
  • Բոլոր մեծ հայտնագործությունները սխալմամբ են կատարվում։
  • Ցանկացած ցուցում, որը կարող է սխալ հասկացվել, սխալ է հասկացվում։
  • Եթե որևէ բան սկզբունքորեն անհնար է սխալ ձևով անել, ապա դա, միևնույն է, սխալ ձևով կարվի։
  • Այն, ինչը դուք շատ երկար ժամանակ եք պահում, կարող եք դեն նետել։ Հենց որ դեն նետեք այդ իրը, շատ շուտով այն ձեզ պետք կգա։
  • Կորած իրը կգտնվի ոչ շուտ, քան դուք դրա փոխարեն կգնեք մեկ ուրիշը՝ ճիշտ և ճիշտ դրանից։
  • Հնարավոր չէ նախապես ոչինչ ասել ջրափոսի խորության մասին, քանի դեռ չես ընկել նրա մեջ։
  • Հավանականությունը, որ բուտերբրոդը ցած կընկնի կարագ քսած կողմով դեպի ներքև, ուղիղ համեմատական է գորգի արժեքին։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերֆիի օրենքի հետևանքներն առաջին անգամ հրատարակվել են Արթուր Բլոխի «Մերֆիի օրենք» գրքում[6]։ Հետևանքները ներկայացվել են բանավոր` պահպանելով հումորի զգացումը։ Ներկայումս այդ ձևն անվանում են «կանոնական»։ Այդպիսի ձևակերպումներում բոլոր հետևանքները հարկ է հասկանալ` իբրև Մերֆիի օրենքի պայմաններում տեղի ունեցող, այսինքն` ֆունկցիայի առկայության դեպքում բավականաչափ մեծաքանակ փորձերի համար, որը գնահատում է առանձին իրադրության ցանկալի կամ անցանկալի լինելը։ Դա հաշվի առնելով` մշակվել են հետևանքների ժամանակակից խիստ ձևակերպումներ[7][8][9][10]։

Առաջին հինգ հետևանքները, ինչպես և Մերֆիի օրենքում, ձևակերպվում են հավանականությունների տեսության հասկացությունների շրջանակներում։

Կանոնական ձևակերպում Խիստ ձևակերպում
1 Ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է... Եթե կա գնահատող ֆունկցիա, ընդ որում, ցանկալի արժեքները բացասական չեն, և հայտնի է, որ n փորձերի համար ֆունկցիան բավականաչափ հավաստիորեն տալիս է ոչ բացասական արժեքներ, ապա միշտ գտնվում է , այնպիսին, որ m փորձերի համար ֆունկցիան անպայման կտա բավականաչափ քանակությամբ բացասական արժեքներ։
2 Ցանկացած աշխատանք պահանջում է ավելի շատ ժամանակ, քան դուք կարծում եք։
3 Բոլոր հնարավոր անախորժություններից տեղի է ունենում այն, որից ամենամեծ վնասն է ստացվում։ Եթե գոյություն ունի իրավիճակի մի քանի հավանական ելք, և տարբերակների մի մասը անցանկալի է, ընդ որում՝ տարբեր աստիճանի, ապա փորձերի քանակի մեծացմանը զուգընթաց առավել անցանկալի տարբերակի հավանականությունը ձգտում է մեկի։
4 Եթե հավանական անհաջողության չորս պատճառները նախապես չեզոքացվում են, ապա միշտ ի հայտ է գալիս հինգերորդը։ Եթե իրադրության ելքը կախված է անթիվ ապրիորի գործոններից, ընդ որում, կա այդպիսի n հատ, որոնց մասին հստակորեն հայտնի է, որ դրանց առկայությունը հանգեցնում է անցանկալի արդյունքին, ապա միշտ գոյություն ունի այդպիսի (n + 1)-րդ գործոն։
5 Իրենց բնականոն ընթացքին թողնված իրադարձությունները միտում ունեն զարգանալ վատից դեպի վատթարագույնը։ Փորձերի քանակի անսահման մեծացման դեպքում անցանկալի ելքի հավանականությունը մեծանում է (այլ ձևակերպումներում` ձգտում է մեկի)։
6 Հենց որ դուք պատրաստվում եք անել որևէ աշխատանք, հայտնվում է մեկ ուրիշը, որը պետք է անել ավելի շուտ։ Ցանկացած գործընթացի համար հայտնվում է մեկ ուրիշը, առանց որն ավարտելու հնարավոր չէ առաջինը։
7 Ցանկացած լուծում ստեղծում է նոր խնդիրներ։ Անցանկալի ելքի հանգեցնող գործոնների վերացումն ի հայտ է բերում այդպիսի նոր գործոններ։

Գեներալի էֆեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե անթերի աշխատող համակարգի փորձարկումը կատարվում է պատվիրատուի ներկայությամբ, ապա այն անպայման կխափանվի։

Հայտնի է նաև «ցուցադրման էֆեկտ», «վիզիտ-էֆեկտ», «ներկայության էֆեկտ» և այլ անվանումներով։ Այն ենթադրում է անհնարինությունը` ցույց տալ հանդիսատեսին այն, ինչը նրանց բացակայությամբ տեղի է ունենում առանց խնդիրների։ Որքան ցուցադրողը ավելի շատ է հետաքրքրված ցուցադրության հաջողությամբ, այնքան այս էֆեկտն ավելի ուժգին է դրսևորվում[1]։

Խորհրդային ժամանակներում նմանատիպ էֆեկտը կոչվում էր «հեռուստավարպետի էֆեկտ»։ Այն ընթանում էր հետևյալ կերպ. հեռուստացույց նորոգողի այցը տուն բավականին սպասված իրադարձություն էր։ Հեռուստացույցը շաբաթներ շարունակ վատ էր աշխատում, սակայն այն պահին, երբ վարպետը գալիս էր տուն, հեռուստացույցն աշխատում էր ժամացույցի նման լավ։ Այդպիսով` հնարավոր չէր լինում վարպետին ցույց տալ այն, ինչ մշտապես կատարվում էր։ Վերջինս կիտում էր հոնքերը և հեռանում, իսկ հեռուստացույցը սկսում էր նորից վատ աշխատել։

Ֆիզիկոսների շրջանում ևս կա նմանատիֆ էֆեկտ` «Պաուլիի էֆեկտ»։ Դրա էությունը հետևյալն է. ֆիզիկոս-տեսաբան Վոլֆգանգ Պաուլիի ներկայությամբ սարքավորումները դադարում էին աշխատել, նույնիսկ եթե ինքը` ֆիզիկոսը, հետաքրքրված էր դրանց աշխատանքով[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Артур Блох. Закон Мерфи. — Минск: Попурри, 2005. — 224 с.
  2. Hand, p. 197
  3. 3,0 3,1 Gazeta 2.0 — Подлинная история законов Мэрфи
  4. «Holt, Alfred. "Review of the Progress of Steam Shipping during the last Quarter of a Century," Minutes of Proceedings of the Institution of Civil Engineers, Vol. LI, Session 1877–78—Part I, at 2, 8 (November 13, 1877 session, published 1878)». Listserv.linguistlist.org. 2007 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  5. "Supplement to the Budget of Paradoxes," The Athenaeum no. 2017 page 836 col. 2 [and later reprints: e.g. 1872, 1915, 1956, 2000]
  6. Drucker, Peter F. Management, Tasks, Responsibilities, and Practices, p. 681
  7. Arthur Bloch (1998), Murphy's Law 2000, էջ 4
  8. William H. Shore (1994), Mysteries of life and the universe, էջ 171
  9. Harold Faber (1979), The Book of laws, էջ 110
  10. Ann Landers (May 9, 1978), Mrs. Murphy's Law, The Washington Post
  11. Tom Siegfried, Pauli e il neutrino, in Idem, L'Universo strano. Idee al confine dello spazio-tempo, Edizioni Dedalo, Bari 2007, p. 110; Gino Segrè, op. cit., pp. 123-124

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nick T. Spark (2006-05-21). A History of Murphy's Law. Periscope Film. ISBN 0-9786388-9-1.
  • Paul Dickson (1981-05-18). "Murphy's law". The Official Rules. Arrow Books. pp. 128–137. ISBN 0-09-926490-0.
  • Klipstein, D. L. (August 1967). "The Contributions of Edsel Murphy to the Understanding of the Behaviour of Inanimate Objects". EEE Magazine. 15.
  • Chatterjee, Atanu. "Is the statement of Murphy's Law valid?". Complexity. doi:10.1002/cplx.21697. - Is the statement of Murphy's Law valid?
  • David J. Hand, The Improbability Principle: Why Coincidences, Miracles, and Rare Events Happen Every Day, Macmillan, 2014 ISBN 0374711399.
  • Richard Dawkins, The Magic of Reality: How We Know What's Really True, Simon and Schuster, 2012 ISBN 1451690134.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]