Մերձբալթյան օպերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մերձաբալթյան օպերացիա, 1944 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատում (1941-1945) խորհրդային Կարմիր բանակի հյուսիսային ճակատների (1-ին, 2-րդ, 3-րդ Մերձբալթյան և Լենինգրադյան ռազմաճակատներ ու Բալթիական նավատորմ) և Բալթյան երկրներում Նացիստական Գերմանիայի բանակի հյուսիսային ռազմաճակատի միջև ռազմական ընդհարում։

Մերձբալթյան оպերացիայի մեջ մտնում էին Ռիգայի, Տալլինի, Մոոնզունդյան, Մեմելի օժանդակ օպերացիաները։ 1944 թվականի ամռանը խորհրդային զորքերը վերագրավել էին Էստոնական ԽՍՀ մի փոքր և Լիտվական ԽՍՀ ու Լատվիական ԽՍՀ զգալի տարածքներ։ Մերձբալթիկայում գերմանացիներն ունեին մեծ թվով ուժեր (56 դիվիզիա և 3 բրիգադ, ավելի քան 700 հազար զինվոր, 1200 տանկ և գրոհող հրետանի, 400 մարտական ինքնաթիռ և այլն) և ամուր պաշտպանություն։ Գերագույն գլխավոր հրամանատարության ծրագիրն էր Ռիգայի ուղղությամբ Մերձբալթյան բոլոր ռազմաճակատների, և Տալլինի ուղղությամբ Բալթիական նավատորմի ու Լենինգրադյան ռազմաճակատի միացյալ գործողություններով մասնատել հակառակորդի ուժերը, շրշապատել ու ոչնչացնել նրա խմբավորումները և ամբողջապես վերագրավել Մերձբալթիկան։

Օպերացիաների ընդհանուր ղեկավարությունն իրականացրել է ԽՍՀՄ մարշալ Ալեքսանդր Վասիլևսկին։ Սեպտեմբերի 14-ին Մերձբալթյան ռազմաճակատների զորքերը (3-րդը՝ բանակի գեներալներ Իվան Մասլեննիկովի, 2-րդը՝ բանակի գեներալ Անդրեյ Երյոմենկոյի, 1-ինը՝ բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ) սկսեցին Ռիգայի հարձակողական օպերացիան։ 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերը, հաջողությամբ ճեղքելով թշնամու պաշտպանությունը, արագությամբ առաջացան մինչև 50 կմ։ Ռիգայից հարավ, իրենց զորքերի վիճակը թեթևացնելու նպատակով գերմանացիները ձեռնարկեցին երկու հակահարձակում (Դոբելեից հարավ-արևմուտք և Բալդոնեից հյուսիս-արևմուտք), սակայն՝ անհաջող։ Սեպտեմբերի 17-ին Լենինգրադյան ռազմաճակատի զորքերը սկսեցին Տալլինի օպերացիան և սեպտեմբերի 22-ին վերագրավեցին քաղաքը։ Հակառակորդի պաշտպանությունը կարողացան հաղթահարել նաև 2-րդ և 3-րդ Մերձբաթյան ռազմաճակատների զորքերը։ Արդեն սեպտեմբերի 26-ին Լենինգրադյան ռազմաճակատի զորքերը վերագրավեցին Էստոնիայի ամբողջ տարածքը, բացառությամբ Մոոնզունդյան կղզիների։ Այս փուլում խորհրդային զորքերը չկարողացան կտրել հակառակորդի «Հյուսիս» բանակախումբը Արևելյան Պրուսիայից։ Թշնամին կարողացավ Ռիգայի շրջանում կենտրոնացնել խոշոր խմբավորում (ավելի քան 30 դիվիզիա), Մեմելի ուղղությամբ ուներ 8 դիվիզիա, որոնք սեպտեմբերի 21-ին մտան «Հյուսիս» բանակախմբի մեջ։ ԽՍՀՄ գերագույն հրամանատարությունը որոշեց փոխել գլխավոր հարվածի ուղղությունը Մեմելի ուղղությամբ՝ նպատակ ունենալով կտրել «Հյուսիս» բանակախումբը և մաս-մաս ջախջախել այն։ Մերձբալթյան բոլոր ռազմաճակատները վերախմբավորվեցին (1-ինը՝ Շաուլյայի, մյուսները՝ Ռիգայի ուղղությամբ) հարձակումը վերսկսելու համար։ Հոկտեմբերի 5-ին 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերը, 3-րդ Բելառուսական ռազմաճակատի 39-րդ բանակի աջակցությամբ, սկսեցին Մեմելի օպերացիան և արդեն հոկտեմբերի 10-ին ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը, դուրս եկան Բալթիկ ծովափ և շրջափակեցին քաղաք-նավահանգիստը ցամաքից։ Մեկ ուրիշ զորախումբ դուրս եկավ Արևելյան Պրուսիայի սահմանը, Տաուրազեի մոտ, 3-րդ Բելառուսական ռազմաճակատի 29-րդ բանակը հակառակորդին շպրտեց Նեմանից այն կողմ։

«Հյուսիս» բանակախումբը Արևելյան Պրուսիա տեղափոխելու գերմանական ծրագիրը խափանվեց, այն կտրվեց «Կենտրոն» բանակախմբից և ստիպված սկսեց նահանջել Ռիգայից դեպի Կուռլանդական թերակղզի։ 2-րդ և 3-րդ Մերձբալթյան ռազմաճակատների զորքերը հոկտեմբերի 5-6-ին վերսկսեցին հարձակումը Ռիգայի վրա։ Հետապնդելով նահանջող հակառակորդին՝ դուրս եկան պաշտպանական գիծ և հոկտեմբերի 12-ին սկսեցին մարտերը քաղաքի համար։ Հոկտեմբերի 13-15-ին Ռիգան նույնպես վերագրավվեց։

Հոկտեմբերի 16-ին 3-րդ Մերձբալթյան ռազմաճակատը կազմացրվեց, իսկ 1-ին և 2-րդ Մերձբալթյան ռազմաճակատների զորքերը շարունակեցին հարձակումը և հոկտեմբերի 31-ին դուրս եկան Կեմերի, Լեցկավայի, Լիեպայայի սահմանագիծ։ Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ի ընթացքում Լենինգրադյան ռազմաճակատի զորքերը Բալթիական նավատորմի օժանդակությամբ իրականացրին Մոոնզունդյան օպերացիայի (1944) հիմնական մասը։

Մերձբալթիկայի վերագրավմանը մասնակցեցին 8-րդ էստոնական, 130-րդ Լատվիական հրաձգային կորպուսները և 16-րդ Լիտվական հրաձգային դիվիզիան։ Մերձբալթյան օպերացիայով Խորհրդային Միությունը Մոլոտով-Ռիբենտրոպ դաշնագրի կնքումից ի վեր երկրորդ անգամ բռնակցեցին Լիտվան, Լատվիան, Էստոնիան։ Ջախջախվեց Նացիստական Գերմանիայի «Հյուսիս» բանակախմբի 26 դիվիզիա և ամբողջովին ոչնչացվեց երեքը։ Այդ խմբավորման հիմնական ուժերը (27 դիվիզիա և 1 բրիգադ) սեղմվեցին Կուռլանդական թերակղզում դեպի ծով և կորցրին ռազմավարական նշանակությունը։ Շրջապատված կուռլանդական խմբավորումը կապիտալացվեց 1945 թվականի մայիսի 8-ին։

Մերձբալթիկայի համար մղված մարտերին մասնակցել են նաև հայ զինվորականներ։ Ռազմական գործողություններ ղեկավարեցին բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանը, գեներալ-լեյտենանտներ Ավետիք Բուռնազյանը (1-ին Մերձբալթյան ռազմաճակատի սանիտարական վարչության պետ), Բագրատ Առուշանյանը (բանակի հրամանատարի տեղակալ, հետագայում՝ կորպուսի հրամանատար), Ստեփան Գինոսյանը (բանակի շտաբի պետ), գեներալ-մայորներ Հրանտ Բաբայանը (դիվիզիայի հրամանատար), Ս․ Կարապետյանը (դիվիզիայի հրամանատար), Աշոտ Ղազարյանը (դիվիզիայի հրամանատար), Սերգեյ Կազբինցևը (ռազմաճակատի քաղվարչության պետ), Կարապետ Հախնազարյանը (կորպուսի հրետանու հրամանատար), գնդապետներ Սմբատ Դանիելյանը (դիվիզիայի հրամանատար), Հ․ Սաֆարյանը (կորպուսի հրետանու հրամանատար) և ուրիշներ։ Բազմաթիվ հայ զինվորականներ պարգևտրվել են շքանշաններով ու մեդալներով։ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան Նելսոն Ստեփանյանը (երկրորդ անգամ), սերժանտ Վաչագան Վանցյանը, լեյտենանտ Մարտիրոս Նագուլյանը, գվարդիայի ավագ Հմայակ Սնոպլյանը և Լազար Չափչախյանը։ Շարքայիններ Գևորգ Իսրայելյանը, Նարիբեկ Ավետիսյանը, Խաչիկ Մելիքսեթյանը, Ստևիան Ստեփանյանը, Ռուբեն Պապայանը դարձան Փառքի շքանշանների լրիվ ասպետներ։ Ռազմական գործողություններին մասնակցեց նաև Վորոշիլովի անվանական հայկական նախկին 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան (Ստալինգրադի ճակատամարտից հետո վերանվանվել էր 51-րդ գվարդիական դիվիզիա), ինչպես նաև «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 496