Մենշևիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենշևիկներ
Մենշևիկների առաջնորդներ Պավել Աքսելրոդը, Յուլի Մարտովը և Ալեքսանդր Մարտինովը Ստոկհոլմում (մայիսի 16, 1917)
Տեսակքաղաքական ֆրակցիա
Երկիր Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն և  Խորհրդային Ռուսաստան
Հիմնադրված1903
Լուծարված1921
Վերադաս կազմակերպությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն

Մենշևիկներ (ռուս.՝ меньшевики́), Ռուսաստանի սոցիալիստական շարժման քաղաքացիական խմբավորում, որը ձևավորվել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) երկրորդ համագումարում (1903Յուլի Մարտովի ու Վլադիմիր Լենինի միջև տեղի ունեցած ներկուսակցական տարաձայնությունների արդյունքում։ Բոլշևիկների և էսէռականների հետ համարվել է սոցիալիստական շարժման երեք խոշորագույն քաղաքացիական խմբավորումներից մեկը։

«Մենշևիկներ» անվանումը ստացել են կուսակցության կենտրոնական մարմինների ընտրության ժամանակ փոքրամասնություն (меньшинство) կազմելու պատճառով, միևնույն ժամանակ Լենինի համակիրները ստացան «բոլշևիկներ» (большинство) անվանումը։ Մենշևիկների առաջնորդներն էին Յուլի Մարտովը, Ալեքսանդր Մարտինովը, Ալեքսանդր Պոտրեսովը, Պավել Աքսելրոդը և Ֆյոդոր Դանը։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարից հետո մենշևիկյան թևին հարեց նաև Գեորգի Պլեխանովը։

Մենշևիզմի տարատեսակներից էր տրոցկիզմը։ Ընդունելով հեղափոխության իրականացման համար օբյեկտիվ պայմանների նշանակության մասին մարքսիստական դրույթը՝ մենշևիզմը հետևություն էր անում սուբյեկտիվ գործոնի՝ հեղափոխության նախապատրաստման և իրականացման ընթացքում դրա ավանգարդի գիտակցականության ու կազմակերպվածության դերի մասին։

Համագումարից հետո մենշևիզմը ՌՍԴԲԿ-ի մեջ ձևավորվեց որպես առանձնակի ֆրակցիա։ Մենշևիզմի քաղաքական և տակտիկական դիրքորոշումը ձևակերպվեց մենշևիկների ժնևի կոնֆերանսում (1905Ռուսաստանում սկսված հեղափոխության (1905-1907) պայմաններում։ Մենշևիզմը հանդես էր գալիս ընդդեմ պրոլետարիատի և գյուղացիության հեղափոխական-դեմոկրատական դիկտատուրայի, սոցիալ-դեմոկրատների մասնակցությանը ժամանակավոր հեղափոխական կառավարությանը, զինված ապստամբության նախապատրաստմանը։ Մենշևիկները բանվորների դեպուտատների սովետները համարում էին միայն տեղական ինքնավար մարմիններ՝ չկապելով նրանց գործունեությունը զինված ապստամբության հետ։ Ագրարային հարցում հանդես էին գալիս ընդդեմ կալվածատիրական հողերի բռնագրավման, առաջ քաշելով հողի մունիցիպալացման (մունիցիպալիզացիայի) ռեֆորմիստական ծրագիրը։ Դեկտեմբերյան զինված ապստամբության (1905) պարտությունից հետո մենշևիկները այն անվանեցին «պատմական սխալ»՝ հետևություն անելով, որ «պետք չէր զենքի դիմել»։

Ռեակցիայի տարիներին (1908-1910) մենշևիկները ձգտում էին վերացնել անլեգալ մարքսիստական բանվորական կուսակցությունը և ստեղծել լեգալ ռեֆորմիստական «ստոլիպինյան բանվորական կուսակցություն»։ Կուսակցության անլեգալ կազմակերպությունների լիկվիդացման դեմ հանդես եկավ մենշեիկ-կուսակցականների ոչ մեծ խումբ Պլեխանովի գլխավորությամբ։ ՌՍԴԲԿ 6-րդ (Պրահայի) համառուսաստանյան կոնֆերանսը (1912) կուսակցությունից վտարեց մենշևիկ-լիկվիդատորներին, մենշևիկ-կուսակցականների այն մասը, որը չընդունեց կոնֆերանսի որոշումները, նույնպես դուրս մնաց կուսակցությունից։ Այդ պահից մենշևիզմը գոյատևեց որպես ինքնուրույն կուսակցություն՝ կրելով նույնպես ՌՍԴԲԿ անվանումը և ապա ընտրելով իր կենտրոնը՝ Կազմակերպական կոմիտեն։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին մենշևիկների հիմնական մասը կանգնեց սոցիալ-շովինիզմի դիրքերում՝ քարոզելով «հայրենիքի պաշտպանության» լոզունգը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ժամանակ մենշևիկները, էսէռների հետ սովետներում գրավելով ղեկավար դիրք, իշխանությունը հանձնեցին Ռուսաստանի ժամանակավոր կառավարությանը և ապա մտան դրա մեջ։ 1917 թվականի հուլիսյան օրերից հետո մենշևիկները վերջնականապես հակաբոլշևիկյան դիրք բռնեցին։ Մենշևիզմը հանդես եկավ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության դեմ։ Մենշևիկները պահանջում էին իշխանությունը հանձնել Սահմանադիր ժողովին, դեմ էին Բրեստի հաշտությանը 1918, արդյունաբերության ազգայնացմանը, կարմիր բանակի ստեղծմանը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 463