Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
Տեսակթանգարան
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունՍարյան փողոց 3, Երևան, Հայաստան
ՎայրԵրևան
ՀասցեՍարյան փող. 3[1]Սարյան փողոց
Հիմնադրվել է1967
ՏնօրենՌուզան Սարյան
Անցում(374) 581762, (374) 521607, (374) 580568
Կայքsarian.am
Քարտեզ
Քարտեզ

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, 20-րդ դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ճակատամասը
Մ. Սարյանի տուն-թանգարանի ձախ կողմնամասը
Ղազարոս և Արաքսի Սարյանների անվան դահլիճ

Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972 թվականներին, և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին։ Մարտիրոս Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով։

Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մարտիրոս Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գառնիկ Սմբատյանը։

2013-2016 թվականներին տուն-թանգարանը ենթարկվել է հիմնանորոգման, կառուցվել է չորրորդ հարկը, ուր գործում է բազմագործառնական դահլիճ։ Այստեղ կազմակերպվում են կոնֆերանսներ, սեմինարներ, դասախոսություններ, շնորհանդեսներ, համերգներ, ցուցահանդեսներ։ Դահլիճը անվանվել է Վարպետի որդու և հարսի անունով՝ Ղազարոս և Արաքսի Սարյանների։

Նորակառույց չորրորդ հարկի առանձին սրահում գործում է "Սարյան" արվեստի ստուդիան։

Թանգարանի տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել նկարչի որդին, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը, որը ղեկավարել է շենքի կառուցման աշխատանքները։

1967-2003 թվականներին թանգարանը գլխավորել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը, որը մեծ նվիրումով հարստացրել և համալրել է թանգարանի ֆոնդը։

2003-2004 թվականներին տուն-թանգարանի տնօրենն է եղել Լուսիկ Միրզոյանը, ով մինչ այդ երկար տարիներ թանգարանում աշխատել է որպես գլխավոր ֆոնդապահ։

2004 թվականից տուն-թանգարանը ղեկավարում է նկարչի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք գտնվել են իր տանը, իր արվեստանոցում։ Թանգարանի գեղարվեստական ֆոնդի ստեղծման հիմք են դարձել նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները։ Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ։

Տուն-թանգարանի հիմնական նպատակն է Սարյանի արվեստի ցուցադրումը, մեկնաբանումն ու հանրահռչակումը։ Թանգարանում տարվում է նաև գիտական աշխատանք՝ կազմվում է նրա կյանքի և ստեղծագործության տարեգրությունը, հրապարակվում են նրա հուշերը, ձեռագրերն ու նամակները, կազմվում է աշխատանքների լիակատար կատալոգը, մշակվում է նաև տուն-թանգարանի հուշային ֆոնդը[2]։

Թանգարանի մշտական ցուցադրության մեջ ընդգրկված են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ջրհորի մոտ. շոգ օր», «Ինքնադիմանկար», «Քայլող կինը», «Գիշերային բնանկար», «Եգիպտական դիմակներով նատյուրմորտ», «Արևելյան ծաղիկներ», «Երեք հասակ» ինքնադիմանկարը, ինչպես նաև կյանքի վերջին կտավը՝ «Հեքիաթ» գեղանկարը։

Մարտիրոս Սարյանի թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարված առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին տարիներին ստեղծված աշխատանքները։ 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում ժամանակագրական կարգով։

Այցելուները հնարավորություն ունեն նաև այցելել տուն-թանգարանի սրբավայրը՝ Սարյանի արվեստանոցը։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում կազմակերպվում են հատուկ կրթա-մշակութային ծրագրեր երեխաների և երիտասարդության համար, անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, դասական կամերային երաժշտության համերգների ընդգրկմամբ։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Սարյան 3 հասցեում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/175

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]