Մար Աբաս Կատինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մար Աբաս Կատինա (Մար Աբաս Մծուրնացի, Մարաբա Մծուրնացի)
ասորերեն՝ Mār Awā Qațțīnā
Քաղաքացիություն Մեծ Հայք
Մասնագիտությունպատմաբան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ազդել էՄովսես Խորենացի, Սեբեոս

Մար Աբաս Կատինա նաև Մար Աբաս Մծուրնացի, Մարաբա Մծուրնացի (ասորերեն՝ Mār Awā Qațțīnā, ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 3-րդ դար), ասորի պատմագիր և փիլիսոփա։ Մար Աբաս Կատինա անվանումը թարգմանաբար նշանակում է՝ «Տեր Աբա Իմաստունն»[1]։ Մովսես Խորենացին և Սեբեոսը իրենց աշխատությունների առաջին մասերը գրելիս մեծապես օգտվել են նրա աշխատությունից։ Սեբեոսը նրան անվանում է «Մարաբայ փիլիսոփա Մծուրնացի»[2]։ Այս անվանումը ցույց է տալիս, որ նա ծնվել կամ երկար ժամանակ ապրել է Մեծ Հայքի Մծուրն քաղաքում։ Իմացել է նաև հայերեն[3]։ Մար Աբաս Կատինայի մատյանը Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» և Սեբեոսի երկին կցված՝ Անանուն պատմիչի, այսպես կոչված «Նախնական պատմության» ամենակարևոր աղբյուրներից է։ Ըստ Մովսես Խորենացու նա ապրել է մ.թ.ա. 3-րդ դարում։ Որոշ հետազոտողներ (Ն. Մառ, Ն. Ադոնց, Հ. Մանանդյան) նրան համարում են 4-րդ դարի հեղինակ, որը գրել է հունարեն։ Մար Աբասը օգտագործել է թե՛ բանավոր և թե՛ գրավոր (հունարեն մի ժամանակագրություն, որը կազմված էր հայոց արքունի դիվանի վավերագրերից) աղբյուրներ, որոնցից քաղել է հայ ժողովրդի պատմության հնագույն շերտերն արտացոլող մի շարք առասպելներ և ասքեր։ Մատյանում տեղ են գտել նաև պարթև Արշակունիների պատմության որոշ դրվագներին և հայ Արշակունիների սկզբնաշրջանին վերաբերվող տեղեկություններ[4]։

Մովսես Խորենացին Մար Աբաս Կատինայի և նրա «Պատմության» մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մար Աբաս Կատինան հիշատակվում է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ում։ Ըստ Պատմահոր վկայության՝ մ.թ.ա. 3-րդ դարի կեսերին Հայոց թագավոր Վաղարշակը իր իշխանությունը լիովին կարգի բերելով և իր թագավորությունը հաստատելով «կամեցավ իմանալ, թե ովքե՞ր արդյոք և ինչպիսի՞ մարդիկ տիրելիս են եղել Հայաստանի վրա իրենից առաջ, արդյոք ինքը անցյալի քաջերի՞ տեղն է գրավում, թե՞ ապիկարների»։ Այդ նպատակով նա գտնում է մի «ուշիմ ասորի» Մար Աբաս Կատինա անունով, «քաղդեական և հունական գրության մեջ վարժ», և նրան ուղարկում իր եղբոր՝ Արշակ Մեծի մոտ արժանավայել ընծաներով, (խնդրելով) բանալ նրա առաջ արքունական դիվանը[5]։ Արշակ Մեծն ընդունելով գրությունը Մար Աբաս Կատինայից, մեծ ուրախությամբ հրամայում է բանալ նրա առաջ արքունական դիվանը, «որ Նինվեում էր», միաժամանակ ուրախանալով, որ այսպիսի մտադրություն ունի իր եղբայրը, որին վստահել էր իր թագավորության կեսը։ Մար Աբասը աչքի անցկացնելով բոլոր մատյանները «գտնում է մի մատյան հունարեն գրված» ու այդ մատյանից հանելով միայն մեր ազգի «հավաստի պատմությունը» հույն և ասորի գրերով «բերում է Մծբին Վաղարշակ թագավորին»։ Ստանալով Մար Աբաս Կատինայի մատյանը՝ Վաղարշակը համարում է այն «առաջինն իր գանձերի մեջ, դնում է արքունական պահեստը մեծ զգուշությամբ և հրամայում է նրա բովանդակությունը դրոշմել քարե արձանի (սալաքարի) վրա»[6], որը հանդիսացավ նորմավորված ձևով Հայոց պատմության առաջին գրավոր հուշարձանը (ցավոք այդ հուշարձանը հնագետների կողմից դեռևս պեղված չէ, որը եթե պահպանվել է, ապա հավանաբար պետք է որ գտնվելիս լինի ներկայիս Թուրքիաի տարածքի Խաբուր գետի Ջախջախ վտակի ափին գտնվող Նիսիբին /նախկին՝ Մծբին/ գյուղաքաղաքի շրջակայքում)։

Մար Աբաս Կատինայի գոյության ժխտումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հայագետներ (հատկապես 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի) ընդհանրապես չէին ընդունում Մար Աբաս Կատինայի գոյությունը՝ համարելով նրան Մովսես Խորենացու երևակայության արդյունք։ Սակայն ժամանակակից հայագետները[փա՞ստ] գտնում են, որ Մար Աբաս Կատինան ապրել և իր երկը գրել է մ.թ. 3 - 4 դարերի սզբներում (ըստ Պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմության» վկայության՝ մ.թ.ա. 3-րդ դարի կեսերին, Հայոց թագավոր Վաղարշակ Ա-ի իշխանության օրոք), քանի որ բացի Մովսես Խորենացուց, նրա Պատմությունից օգտվել են Անանունը (հիշատակում է նրան Մար Աբաս Մծուրնացի անունով) և 6-րդ դարի հույն պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին։

Մար Աբաս Կատինյաի կամ նրա մատյանի գոյության փաստը ժխտելու փորձերը իրենց չեն արդարացրել։ Նրա մատյանը նախամեսրոպյան շրջանի հայ պատմագիտական մտքի կարևորագույն հուշարձաններից է[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 1
  2. Հայ ժողովրդի պատմություն, հատոր1, գլուխ երեսուներորդ, Հայաստանի քաղաքական վիճակը մ․ թ․ II դարում. էջ 767.
  3. «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 195
  4. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 295
  5. «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, Ա. Ը.
  6. «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, Ա. Թ.
  7. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 295

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, Ա. Ը, Թ.
  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 1 (Աբա)
  • «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 195
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 295