Հրեշավոր փորձարկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեշավոր փորձարկման մասնակիցները

Հրեշավոր փորձարկում, 1939 թվականին Դեյվոնփորթում տեղի ունեցած փորձարկում, որին մասնակցել են քսաներկու որբեր։ Փորձարկումը իրականացրել են Ուենդել Ջոնսոնը և նրա ասպիրանտ Մերի Թյուդորը Այովայի համալսարանում։ Երեխաների մի մասը փորձարկման ընթացքում դրական և համբերատար լավ վերաբերմունքի է արժանացել, մյուս մասին քննադատել, ստորացրել են իրենց խոսքային թերությունների պատճառով։ Խոսքային խնդիրներ չունեցող որբերի մեծ մասը բացասական վերաբերմունքի արդյունքում հոգեբանական լուրջ խնդիրներ են ունեցել և մինչև իրենց կյանքի վերջ կակազել են։

Ջոնսոնն անձամբ գրավոր արձանագրություններ չի թողել իր փորձարկման մասին` վախենալով, որ իր փորձարկումները կվերագրեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական բանակի կողմից կատարվող փորձարկումների շարքին։ Հրեշավոր փորձարկման մասին տեղեկությունները մեզ հասել են Մերի Թյուդորի կատարած գրառումներից[1]։

2001 թվականին Այովայի համալսարանը պաշտոնապես ներողություն է խնդրել Հրեշավոր փորձարկման համար։ Սակայն որոշ գիտնականներ և լոգոպեդներ համարում են, որ Ջոնսոնը անգնահատելի ներդրում է ունեցել գիտության մեջ։ Նա առաջինն էր, ով մանրամասնորեն ուսումնասիրել և նկարագրել է կակազող մարդու մտքերը, պահվածքը և զգացմունքները[2]։

Բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեշավոր փորձարկման համար ընտրվել են քսաներկու որբ երեխաներ Այովայի վետերանների որբանոցից։ Ոչ ոք չգիտեր փորձարկման իրական նպատակը։ Նրանք համոզված էին, որ դա խոսքային թերապիա է։ Թյուդորի նպատակն էր կակազող երեխաներին հավատացնել, որ իրենց խոսքը նորմալ է, և տեսնել արդյո՞ք դա որևիցե դրական արդյունքի կհանգեցնի։ Քսաներկու երեխաներից տասին տարբեր մասնագետներ ախտորոշել են որպես իսկապես խոսքային խնդիրներ ունեցողներ։ Այսպիսով, Թյուդորը բոլոր երեխաներին երկու խմբի է բաժանում` յուրաքանչյուրում հինգ կակազող երեխա ներգրավելով։ Առաջին խմբի երեխաներին ասվում է, որ նրանց խոսքը նորմալ է, իսկ երկրորդ խմբի երեխաներին անդադար փնովում են իրենց վատ խոսքի պատճառով։

Մնացած տասներկու երեխաների ընտրությունը պատահական էր։ Նրանցից վեցին ընդգրկում են առաջին խմբում։ Այս երեխաները 5-15 տարեկան էին։ Նրանց ասում էին, որ իրենք կակազում են և իրենց խոսքը հստակ չէ։ Մնացած վեց երեխաները, ովքեր երկրորդ խմբում էին, նույն տարիքի էին։ Նրանց ասում էին, որ շատ գեղեցիկ և հստակ խոսք ունեն։

Առաջին այցելության ժամանակ Թյուդորը ստուգեց երեխաներ ինտելեկտի գործակիցը։ Բացի այդ նա ուշադրություն դարձրեց` արդյո՞ք նրանք ձախլիկ են, թե աջլիկ։ Այդ ժամանակ կար տարածված կարծիք, որ եթե երեխան ի ծնե ձախլիկ է, սակայն գրում է աջով, նրա մոտ կզարգանան խոսքային խնդիրներ։ Ջոնսոնը չէր հավատում այդ վարկածի իսկությանը, սակայն Թյուդորին խորհուրդ տվեց ամեն դեպքում պարզել երեխաների գերիշխող ձեռքը։ Մեծ մասը աջլիկ էին, սակայն երկու խմբում էլ կային ձախլիկներ։ Ընդ որում, ձախլիկներից ոչ մեկը չէր կակազում[3]։

Փորձարկումը սկսվել է 1939 թվականի հունվարին և ավարտվել ուշ մայիսին։ Թյուդորը այցելում էր երեխաներին ամեն շաբաթ և նրանցից յուրաքանչյուրի հետ զրուցում 45 րոպե։ Նա կակազող երեխաներին ասում էր, որ երբ նրանք մեծանան բացարձակապես նորմալ և հստակ խոսք կունեն։ Խորհուրդ էր տալիս ուշադրություն չդարձնել, թե մյուսներն ինչպես են որակում իրենց խոսքը, քանի որ նրանք անկասկած չեն գիտակցում, որ դա անցողիկ շրջան է[4]։

Մինչդեռ նորմալ խոսացող երեխաներին նա ասում էր, որ իրենց մոտ կակազելու առաջին ախտանիշներն են ի հայտ գալիս։ Նրանք պետք է անմիջապես դադարեն այդպես խոսել, պետք է օգտագործեն իրենց կամքի ուժը բառերը հստակ արտասանելու համար։ Թյուդորը մինչև անգամ երեխաներին ասում էր այլևս երբեք չխոսել, եթե համոզված չեն, որ հստակ կարտաբերեն բառերը[4]։

Երկրորդ այցելության ժամանակ արդեն հինգ տարեկան աղջնակներից մեկը մեծ դժվարությամբ էր խոսում, չնայած որ ընդամենը մեկ ամիս առաջ նա ազատ խոսում էր։ Նույն խմբից ինը տարեկան մի տղա բացարձակապես հրաժարվում էր խոսել։

Աղջիկներից մեկին, ով տասներկու տարեկան էր, Թյուդորը հարցնում է` արդյո՞ք իր լավագույն ընկերուհին նկատել է, որ նա կակազում է։ Աղջնակը ասել է, որ նա այլևս չի խոսում ընկերուհու հետ, որպեսզի նա չնկատի իր խոսքային արատը։ Ի վերջո, աղջիկը փախչում է մանկատնից։

Փորձարկումն ավարտելուց հետո Թյուդորը շարունակում է այցելել երեխաներին։ Այս անգամ նա փորձում է օգնել երեխաներին հստակ խոսք զարգացնել։ Այնուամենայնիվ դա նրան այդպես էլ չի հաջողվում և 1940 թվականի ապրիլի 22-ին նա` Ջոնսոնին ուղղված նամակում նշում է, որ իրենք միանշանակ ազդել են երեխաների ողջ ապագայի վրա[4]։

Փոխհատուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսի 17-ին ողջ մնացած վեց որբերը ստացել են 925,000 դոլար փոխհատուցում Այովա նահանգի կողմից։ Բարեբախտաբար երեխաներից մի քանիսը ի վերջո կարողացան հաղթահարել այս հոգեբանական ճնշումը և սկսեցին հստակ ու ինքնավստահ խոսել[5]։ Այովայի համալսարանի խոսնակն իր խոսքում նշել է, որ չի կարելի ոչ մի դեպքում արդարացնել այս փորձարկումը։ Այն ավելին էր, քան դժբախտ պատահար[6][7]։ Իսկ Մերի Թյուդորը մինչև իր կյանքի վերջ այդպես էլ իրեն դատապարտում էր այս փորձարկումը իրագործելու համար և նշում, որ Ջոնսոնը պետք է կանխատեսեր բացասական ազդեցությունները ու կանգնեցներ իրեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tudor, Mary (1939). An Experimental Study of the Effect of Evaluative Labeling of Speech Fluency. University of Iowa.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  3. Dyer, Jim. «Ethic and Orphans: 'The Monster Study'». Mercury News. Mercury News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 4,2 Reynolds, Gretchen. «The Stuttering Doctor's 'Monster Study'». The New York Times. The New York Times. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. Huge payout in US stuttering case - BBC News
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  7. Rothwell, J.D. (2003) In the Company of Others: An Introduction to Communication. Mayfield Pub Co.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]