Հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հուշարձան (այլ կիրառումներ)
«Սասունցի Դավիթ» Երվանդ Քոչար

Հուշարձան, (լայն առումով) երկրի, ժողովրդի մշակութային ժառանգության մաս կազմող ստեղծագործություն։ Ըստ տիպաբանական առանձնահատկությունների, հուշարձանները բաժանվում են չորս հիմնական խմբի. հնագիտական, պատմության, ճարտարապետության և մոնումենտալ արվեստային։ Հուշարձաններ են համարվում նաև պատմաճանաչողական և պատմագեղագիտական նշանակություն ունեցող գրչության նմուշները։ Նեղ առումով հուշարձանը մարդկանց հիշատակը և իրադարձությունները հավերժացնող արվեստի ստեղծագործություն է (անկախ տիպից, հուշարձանի անհրաժեշտ հատկանիշը շրջապատող տարածությունը գեղարվեստորեն կազմակերպելն է)։

Նախատիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշապ

Հուշարձանների նախատիպեր են եղել մեգալիթյան կառույցներն ու դամբարանադաշտերը, ինչպես և կոթողները, բուրգերը ևն։ Հետագա դարաշրջաններում հուշարձանների դեր են կատարել դամբարանները, տապանաքարերն ու մահարձանները։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքար

Հայաստանում հուշարձան նախատիպեր էին մենհիրները, վիշապները, ուրարտական շրջանի կոթողները, արամեատառ արձանագրություններով սահմանաքարերը։ 301-ին, քրիստոնեություն ընդունելուց հետո էլ Հայաստանում հուշարձանի հետագա ձևավորմանը նպաստել են հին հայկական քարակոթողները։ IV-VII դդ. կանգնեցվել են պատկերաքանդակներով ստելաներ (Թալին, Ավան), սյունակոթողներ (Օշական), ինչպես նաև կամարակապ կառույցներ (Օձուն

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

X դարից հուշարձանի ամենատարածված տարատեսակը խաչքարն է, որն աչքի է ընկել զարդերի ու ոճերի բազմազանությամբ։

Նոր շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստեփան Շահումյան». Սերգեյ Մերկուրով

XIX դարի վերջին - XX դարի սկզբին ի հայտ են եկել հայ ականավոր գրողներին և հասարակական գործիչներին նվիրված հուշարձաններ (Ռափայել Պատկանյանի, 1901, և Միքայել Նալբանդյանի, 1902, հուշարձանները Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքի բակում, Խաչատուր Աբովյանի հուշարձանը Երևանում, 1913, բացվել է 1933-ին, երեքն էլ՝ բրոնզ, հեղինակ՝ Ա. Տեր-Մարուքյան)։ 1920-30-ական թվականներից ստեղծվել են ինչպես առանձին անհատներին, այնպես էլ պատմական իրադարձություններին նվիրված հուշարձաններ (Ստեփան Շահումյանի հուշարձանը Երևանում, 1931, գրանիտ, քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով, ճարտարապետ՝ Իվան Ժոլտովսկի, Սասունցի Դավթի հուշարձանը Երևանում, 1959, կոփածո պղինձ, քանդակագործ՝ Երվանդ Քոչար ևն), որոնք ճարտարապետական միջավայրի հետ կազմում են գեղագիտական ամբողջություն։ 1960-70-ական թթ. մեծ տարածում է գտել ԽՍՀՄ հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան-կոթողների կառուցումը։ Ստեղծվել են նաև հուշարձան-համալիրներ (Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրը, 1968, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործներ՝ Ա. Հարությունյան, Ս. Մանասյան, Ա. Շահինյան, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը Երևանում, 1965-67, ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան)։

Հայաստան և Արցախ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առնո Բաբաջանյան». Դավիթ Բեջանյան

1980-90-ական թթ. Հայաստանի և Արցախի քաղաքներում ու գյուղերում հիմնականում կանգնեցվել են զոհված ազատամարտիկների, 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ (Սպիտակում՝ երկրաշարժի զոհերի հուշահամալիրը, 1993, գրանիտ, տուֆ, քանդակագործ՝ Բ. Դիլոյան, ճարտարապետ՝ Վ. Գաբրիելյան, Տավուշի մարզի Կիրանց գյուղում՝ զոհված 14 ազատամարտիկների «Հավատի ծաղիկ» հուշարձան, 1994, քանդակագործ՝ Ա. Դավթյան, ԼՂՀ Մարտունի շրջկենտրոնում՝ «Ավո»՝ Մոնթե Մելքոնյանի հուշարձան, 1994, վարդագույն մարմար, քանդակագործներ՝ Լ. Թոքմաջյան, Վ. Թոքմաջյան ևն)։

Հայաստանի հուշարձանների ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուշարձան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 680