Հումորալ կարգավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հումորալ կարգավորում, (լատիներեն humor — հեղուկ), կենսագործունեության պրոցեսների կարգավորման մեխանիզմներից մեկը, որն իրականացվում է օրգանիզմի հեղուկ միջավայրի (արյուն, ավիշ, հյուսվածքային հեղուկ) միջոցով։ Հումորալ կարգավորմանը նպաստում են բջիջների, հյուսվածքների և օրգանների կենսագործունեության ընթացքում արտազատվող կենսաբանորեն ակտիվ նյութերը՝ նյութափոխանակության արգասիքները, հորմոնները, իոնները և այլն։

Հումորալ կարգավորումն առաջնակարգ նշանակություն ունի ստորակարգ կենդանիների համար։ Առավել բարձրակարգ կենդանիների և մարդու մոտ այն ենթարկվում է նյարդային կարգավորմանը և նրա հետ կազմում միասնական համակարգ՝ նյարդահումորալ կարգավորում։ Նյութափոխանակության արգասիքներն ազդում են ոչ միայն անմիջականորեն էֆեկտոր օրգանների, այլև զգացող նյարդային վերջույթների և նյարդային կենտրոնների վրա՝ առաջացնելով համապատասխան ռեակցիա։ Օրինակ, եթե ծանր ֆիզիկական աշխատանքի հետևանքով արյան մեջ ավելանում է COշ-ի պարունակությունը, ապա դրանից գրգռվում է շնչառական կենտրոնը, արագանում է շնչառությունը և COշ-ի ավելցուկը հեռացվում է օրգանիզմից։ Նյարդային ազդակների հաղորդումը քիմիական նյութերի՝ մեդիատորների միջոցով (հումորալ ճանապարհով) իրականանում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգում։ Օրգանիզմի հեղուկ միջավայրերի կենսաբանական ակտիվությունը պայմանավորված է կատեխոլամինների (ադրենալին, նորադրենալին և այլն), ացետիլխոլինի, հիստամինի, սերոտոնինի և այլ կենսածին ամինների որոշ պոլիպեպտիդների ու ամինաթթուների փոխհարաբերությամբ, իոնների, միկրոտարրերի պարունակությամբ, ֆերմենտային համակարգերի վիճակով ևն։ Հումորալ-հորմոնային խանգարումները նախորդում են ֆիզիոլոգիական ֆունկցիաների փոփոխություններին կամ ախտաբանական երևույթների առաջացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 641