Հնչյուն (խոսքի միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հնչյուն (այլ կիրառումներ)

Հնչյունը բանավոր խոսքի նվազագույն միավորն է։ Հնչյունը արտաբերվում է մարդու արտասանական գործարաններով և ընկալվում ականջով։

Հնչյունների ընդհանուր բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունները լեզվի նյութական նվազագույն միավորներն են։ Դրանք ինքնին նշանակություն չունեն, սակայն ծառայում են որպես միջոց իմաստակիր միավորներ, օրինակ՝ բառեր կազմելու համար։ Այսպես՝ Հայաստան բառն արտաբերվում է ութ հնչյունների միջոցով՝ Հ, ա, յ, ա, ս, տ, ա, ն։ Այս հնչյունները չենք կարող բաժանել ձայնային ավելի փոքր միավորների։

Տառերը հնչյունների պայմանական նշաններն են գրավոր խոսքում։

Հայերեն այբուբենի յուրաքանչյուր տառ նշանակում է մեկ հնչյուն, և յուրաքանչյուր հնչյուն արտահայտվում է մեկ տառով։ Սակայն մի քանի հնչյունների և տառերի դեպքում այդ համապատասխանությունը խախտվում է։

Օրինակ՝ ժամանակակից հայերենում օ հնչյունի համար ունենք օ և ո տառերը, է հնչյունի համար՝ է և ե տառերը։ Մյուս կողմից՝ բառասկզբում ո և ե տառերը կարող են արտահայտել երկուական հնչյուն՝ վօ և յէ, ինչպես՝ ոգի-վօգի, երաժիշտ-յէրաժիշտ։ Երբեմն էլ տառը գրվում է, սակայն չի արտասանվում (աշխարհ, շնորհել), հաճախ էլ հնչյունը չի գրվում, բայց արտասանվում է (Մըկըրտիչ, կըկու)։ Այդ պատճառով արդի հայերենում տառերը և հնչյունները բառի մեջ կարող են քանակով իրար չհամապատասխանել։ Օրինակ՝ Զվարթնոց բառի մեջ ունենք 8 տառ, բայց 9 հնչյուն (արտասանվում է Զ ը վ ա ր թ ն օ ց), նաև բառի մեջ՝ 3 տառ, 5 հնչյուն (արտասանվում է ն ա յ է վ), երգիչ բառի մեջ՝ 5 տառ, 6 հնչյուն (արտասանվում է յ է ր գ ի չ), կայսր՝ 5 տառ, 6 հնչյուն (արտասանվում է կ ա յ ս ը ր), աշխարհ՝ 6 տառ, 5 հնչյուն (արտասանվում է ա շ խ ա ր) և այլն։ Մի շարք բաղաձայն հնչյուններ տարբեր դեպքերում գրվում են տարբեր տառերով (լախտ և բողկ, տուֆ և հարավ, գրիչ և վերջ, կաթ և վարդ), հետևաբար բաղաձայն նշանակող որոշ տառեր մի քանի դեպքերում տարբեր հնչյունների գրային նշաններ են դառնում (վարդ և դուռ, օձ և ձև, դարբին և լոբի, կարգին և գին, արջուկ և ջուր)։

Հնչյունների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդակցման գործընթացում մարդու արտաբերած հնչյունները արտաշնչվող օդի պարբերական և ոչ պարբերական տատանողական շարժման արդյունք են։ Ըստ որում, պարբերական տատանումները (պիրկ ձգված ձայնալարերը թրթռում են) ընկալվում են որպես ձայն, ոչ պարբերականները (բերանի խոռոչում առաջանում են փակվածքներ կամ նեղվածքներ)՝ աղմուկ։

Անցնելով բերանային արձագանքարանով՝ ձայնի և աղմուկի տատանողական հաճախականությունների մի մասն ուժեղանում է, մյուս մասը՝ թուլանում։ Որպես արդյունք՝ ըստ ձայնի և աղմուկի հարաբերության՝ ստացվում են չորս կարգի հնչյուններ.

  • ա. մաքուր ձայնային հնչյուններ (մարդկային բնականոն լսողությունը սրանց աննշան աղմուկը չի ընկալում).
  • բ. հնչյուններ, որոնց մեջ ձայնը գերակշռում է աղմուկին.
  • գ. հնչյուններ, որոնց մեջ աղմուկն է գերակշռում ձայնի նկատմամբ.
  • դ. մաքուր աղմկային կամ անձայն հնչյուններ։

Առաջին խմբի հնչյունները ձայնավորներն են, մյուս երեք խմբերինը՝ բաղաձայնները։ Հայերենի ձայնավոր հնչյունները վեցն են՝ ա, է (ե), ը, ի, օ (ո), ու, բաղաձայն հնչյունները՝ երեսունը՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր ց, փ, ք, ֆ։

Ըստ ձայնի և աղմուկի պարունակության՝ ժամանակակից հայերենում բաղաձայնները լինում են ձայնորդ (բ խումբ), ձայնեղ (գ խումբ), խուլ (դ խումբ)։ Դ խմբի հնչյուններն իրենց հերթին բաժանվում են երկու ենթախմբի՝ պարզ խուլեր և շնչեղ (իրենց մեջ շունչ՝ հագագ, ունեցող) խուլեր։

  • Ձայնորդ բաղաձայններ՝ լ, մ, ն, ր, ռ, յ։
  • Ձայնեղ բաղաձայններ՝ բ, գ, դ, ձ, ջ, վ, ղ, զ, ժ։
  • Խուլ բաղաձայններ՝ պ, կ, տ, ծ, ճ, փ, ք, թ, ց, չ, ֆ, խ, ս, շ, հ.
  • Շնչեղ խուլեր՝ փ, ք, թ, ց, չ,
  • Պարզ խուլեր՝ պ, կ, տ, ծ, ճ, ֆ, խ, ս, շ, հ։

Հնչյունների ուսումնասիրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունները ուսումնասիրվում են արտաբերական, լսողական և գործառական տեսակետից։ Հնչյունների արտաբերական և ձայնային կողմերի ուսումնասիրությամբ զբաղվում է հնչյունաբանությունը, գործառականով՝ հնչույթաբանությունը, արտաբերականով և լսողականով՝ խոսքի ֆիզիոլոգիան։ Ձայնաբանական կողմի ուսումնասիրությամբ, հատկապես կիրառական նպատակներով, զբաղվում են ֆիզիկայի և տեխնիկայի (կապ, ինֆորմացիա, կիբեռնետիկա) մի շարք բնագավառներ։

Այլ հնչյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքում հանդիպում են նաև այնպիսի հնչյուններ, որոնք լոկ անցումային ձայներ են։ Դրանց թվին են պատկանում հայերենի յ հոդակապը, օրինակ, վերցնեյի, Նայիրի, ձիյով։ Կան նաև հարալեզվական ձայներ (հայերենում «տծ» հիշեցնող հնչյունը «ոչ»-ի իմաստով), որոնք մի շարք լեզուներում ունեն լեզվական միավորի՝ հնչույթի արժեք։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 6
  • Ավետիսյան Յու., Զաքարյան Հ., Հայոց լեզու։ Հնչյունաբանություն, ուղղախոսություն, ուղղագրություն։ Եր. 2008
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 496