Հնդկական մացառախոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկական մացառախոզ
Հնդկական մացառախոզ
Հնդկական մացառախոզ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Կրծողներ (Rodentia)
Ինֆրակարգ Hystricognathi
Ընտանիք Մացառախոզեր (Hystricidae)
Ցեղ Hystrix
Ենթացեղ Hystrix
Տեսակ Հնդկական մացառախոզ (H. indica)
Միջազգային անվանում
Hystrix indica
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Հնդկական մացառախոզ կամ հնդկական վայրենակերպ (լատին․՝ Histryx indica), մացառախոզերի ընտանիքի հազվագյուտ կրծող կենդանի։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի ամենախոշոր և կարճապոչ տեսակն է։ Առջևի վերջավորությունները չորսմատնանի են, հետևինները՝ հինգմատանիմատնանի։ Մյուս ցեղերի համեմատ մազածածկն ապաճած է, իսկ ասեղնածածկը՝ առավել զարգացած և տարբերակված։ Սև կամ մուգ շագանակագույն մազածածկը պահպանվում է միայն դնչի, թաթերի և մարմնի ստորին մասերում։ Մեջքը և մարմնի կողքերը, մասամբ՝ մարմնի վերին մասը ծածկված են երկար, առաձգական և կորացած ասեղներով։ Մարմնի ասեղների երկարությունը մինչև 42 սմ է։ Ասեղները սև-սպիտակ օղակաձև շերտավորում ունեն։ Պոչը զինված է կարճ, հաստ ու շատ սուր, սպիտակ և սև-սպիտակ, երկար, սնամեջ ասեղներով, պոչի ծայրին կա կարճ ասեղներից կազմված վրձին։

Բնակության միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում հայտնի է Վայքի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջաններում։ Վերջին տասնամյակներում հայտնաբերված է Սևանի ավազանում՝ Արեգունու լանջերին։ Բնակվում է թփուտներում, մացառուտներում, գերադասում է ժայռերի ու մացառուտների համատեղությամբ տարածքները։ Գործունյա է միայն գիշերը։ Բնակվում է իր փորած, մինչև 20 մ երկարության, բարդ ստորգետնյա բներում, երբեմն՝ քարանձավներում և այլն։

Սնվում է վայրի ու մշակաբույսերի պտուղներով, խոտաբույսերի վերգետնյա և ստորգետնյա մասերով, ձմռանը՝ ծառերի, թփերի մատղաշ ճյուղերով ու կեղևով։ Բազմանում է տարին 1 անգամ (գարնանը, երբեմն՝ ամռան վերջին), ունենում 2-5 ձագ։ Տարածվածության աննշան խտության պատճառով տնտեսական և համաճարակաբանության նշանակություն չունի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Փոքր և Առաջավոր Ասիայից արևելք մինչև Հնդկաստան և Շրի Լանկա։ Ենթատեսակը տարածված է Փոքր Ասիայում, Հարավային և Հարավարևելյան Հայաստանում, Արցախում, Թալիշում և հավանաբար, Նախիջևանում։

Ապրում է Սյունիքում, Հայաստանում հանդիպում է «Խոսրովի անտառ» արգելոցում, Արտանիշի թերակղզում, Վայոց ձորի մարզում, ծովի մակարդակից 550-1900 մ բարձրություններում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ մասնատված, կրճատվող արեալով նեղ արեալային տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Ամենուրեք հազվադեպ խիստ փոքր թվաքանակով հանդիպող տեսակ է։ Նորավանքի պոպուլյացիան անհետացել է, ինչպես և, հավանաբար, Արփա գետի հովտում բնակվող առանձնյակները։

Վտանգման հիմնական գործոններն են արեալի տարածքներում մարդու տնտեսական գործունեությունը և որսագողությունը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» արգելոցներում և «Սևան» և «Արևիկ» ազգային պարկերում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական մացառախոզ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական մացառախոզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։