Հիգիենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձնական հիգիենայի պարագաներ հյուրանոցային լոգարանում

Հիգիենա, գիտություն առողջության մասին, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և դրա հիման վրա մշակում միջոցառումներ միջավայրի վնասակար ազդեցության և հիվանդությունների առաջացման կանխարգելման նպատակով։ Պրոֆիլակտիկ բժշկության հիմքն է։

Հիգիենայի ուսումնասիրության օբյեկտ են հանդիսանում շրջակա միջավայրի գործոնները (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլն)։ Ֆիզիկական գործոններն են օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժումը, մթնոլորտային ճնշումը, արևային ճառագայթումը, աղմուկը, վիբրացիան և այլն։ Քիմիական գործոնների ներգործությունը արտահայտվում է շրջակա միջավայրի գործոնների բաղադրիչ մաս հանդիսացող զանազան նյութերի (օրինակ՝ օդ, ջուր և այլն) ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա։ Կենսաբանական գործոններն են ախտածին մանրէները, հելմինթները, տզերը, որոնց ներգործությունը մարդու վրա կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ։ Կարևոր են նաև կյանքի պայմաննները՝ աշխատանքի բնույթը, սնունդը, բնակվելու պայմանները և այլն։

Հիգիենան զբաղվում է հիվանդությունների կանխարգելմամբ, այլ ոչ թե բուժմամբ։

Ես հավատում եմ հիգիենային։ Ահա թե որտեղ է ամփոփված մեր գիտության իրական պրոգրեսը։ Ապագան պատկանում է նախազգուշացնող բժշկությանը

Հիգիենայի խնդիրներն են. նախազգուշական և ընթացիկ սանիտարական հսկողության հիմունքների գիտական մշակումը, բնակավայրերի, մարդու աշխատանքային և հանգստի պայմանների առողջացման վերաբերյալ սանիտարական միջոցառումների հիմնավորումը, երեխաների և դեռահասների առողջության պահպանումը, սանիտարական օրենսդրության մշակմանը մասնակցելը, սննդամթերքների որակի և կենցաղային առօրյա գործածության առարկաների սանիտարական փորձաքննությունը։ Ժամանակակից հիգիենայի կարևորագույն խնդիրներից է բնակավայրերի և արդյունաբերական հիմնարկների օդի, ջրի, սննդամթերքների, ինչպես նաև հագուստի և կոշիկի պատրաստման համար օգտագործվող նյութերի հիգիենիկ նորմերի մշակումը, որի նպատակն է ստեղծել առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, բարձր աշխատունակության ապահովման և կյանքի տևողության երկարացման համար առավել բարենպաստ պայմաններ։ Հիգիենայի կիրառման գործնական բնագավառը սանիտարիան է։ Հիգիենային հետազոտությունների ժամանակ կիրառում են արտաքին միջավայրի (օդ, ջուր, հող, սննդամթերքներ, շինարարական նյութեր ևն) ուսումնասիրման ֆիզիկա–քիմիական, կենսա–քիմիական, բակտերիալոգիական, կլինիկական, դեմոգրաֆիական մեթոդներ։

Հիգիենան բժշկական հնագույն գիտություններից է։ Սանիտարական կանոնների տարրեր են պահպանվել մի շարք պատմական փաստաթղթերում, որոնցով անհրաժեշտ էր համարվում փոխել սպիտակեղենը և հագուստը, խնամել մաշկը և ատամները։ Խորհուրդ էր տրվում օգտագործել բուսական սնունդ և արգելվում էր սննդի անչափավորությունը (շատակերություն)։

Օրինակ Հին Եգիպտոսում, դեռևս մեր թվարկությունից 1500 տարի առաջ կատարվում էին ճահճային տարածքների չորացում, գոյություն ունեին փողոցների, տների խնամման և աղբի հեռացման տարրական դրսևորումներ, ջրամատակարարում։ Հիպոկրատը իր «Օդերի, ջրերի և տեղանքների մասին» տրակտատում նշել է շրջակա միջավայրի գործոնների աղդեցության մասին, կապել դրանք հիվանդությունների առաջացման հետ։ Հին Հունաստանում պահվում էր հատուկ "սանիտարական պոլիցիա", որը հսկողություն էր սահմանում տների կառուցման, սննդի և հեղուկների վաճառքի նկատմամբ։ Հին Հռոմում կային ջրմուղ, կոյուղի, բաղնիքներ։ XVI–XVII դդ. ի հայտ եկան բժշկարաններ՝ հիգիենիկ բովանդակությամբ խորհուրդներով։ 1700-ին հրատարակվեց իտալացի գիտնական Բ. Ռամացինիի «Դատողություն արհեստավորների հիվանդությունների մասին» տրակտատը, որն աշխատանքային հիգիենայի մասին առաջին գիտական աշխատությունն էր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ванханен В.Д.,Суханова Г.А. (1986). Гигиена.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 387