Հերցեպրունգ-Ռեսելի դիագրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերցեպրունգ-Ռեսելի դիագրամ

Հերցպրունգ-Ռեսելի դիագրամ, «սպեկտր-լուսատվություն» դիագրամ, աստղերի սպեկտրալ դասերի և լուսատվությունների կապը։

Կոչվել է այդ կապը բացահայտող դանիացի աստղագետ Հերցշպրունգի և մանրամասն ուսումնասիրող Ռեսելի անունով, որոնք առաջինն էլ հենց կառուցել են այդ դիագրամը։ Դիագրամի մի առանցքի վրա տեղադրվում են աստղերի սպեկտրալ դասերը կամ ջերմաստիճանները, իսկ մյուսի վրա՝ լուսատվությունների լոգարիթմները կամ բացարձակ աստղային մեծությունները։ Հերցպրուգ-Ռեսելի դիագրամի վրա աստղերը պատահաբար չեն բաշխված, այլ կուտակված են առանձին մասերում։ Հերցշպրունգ-Ռեսելի դիագրամը Գալակտիկայի հարթ բաղադրիչի աստղերի համար դիագրամի վերևի ձախ անկյունից (ջերմ, բարձր լուսատվության աստղեր) դեպի ներքևի աջ անկյունը (սառը, ցածր լուսատվության աստղեր) ձգվող հաջորդականությունը կոչվում է գլխավոր հաջորդականություն։ Դրա մեջ են մտնում բոլոր աստղերի 90%-ը, այդ թվում նաև Արեգակը։ Վերևի աջ կողմում են գտնվում հսկա և գերհսկա աստղերի հաջորդականությունները (ընդգրկում են աստղերի մոտ 1%-ը)։ Ներքևի ձախ անկյունում մի առանձնացված տիրույթ են զբաղեցնում սպիտակ թզուկները, որոնք կազմում են բոլոր աստղերի մոտ 9%-ը։ Բաց և գնդաձև աստղակույտերի համար, կառուցված Հերցպրունգ-Ռեսելի դիագրամներն իրարից խիստ տարբերվում են։ Դրանք, սովորաբար, տարբերվում են նաև միևնույն տիպի տարբեր աստղակույտերի համար։ Աստղերի բաշխումը Հերցպրուգ-Ռեսելի դիագրամի վրա ցույց է տալիս, որ կայուն վիճակում գտնվող աստղերը չեն կարող ունենալ լուսատվության և մակերևութային ջերմաստիճանի ցանկացած զուգակցություն։ Դիտվող կապերից շեղումներ կարող են լինել անկայուն վիճակում գտնվող աստղերի դեպքում։ Հերցպրունգ-Ռեսելի դիագրամի ուսումնասիրությունը թույլ է տալիս հետևել աստղերի զարգացմանը, դրանք համեմատել տեսական մոդելների հետ, որոշել աստղակույտերի, հետևաբար և դրանց մեջ մտնող աստղերի տարիքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 384
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերցեպրունգ-Ռեսելի դիագրամ» հոդվածին։