Հետաձգված հարկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հետաձգված հարկ, ապագա ժամանակաշրջաններում բյուջե վճարման (բյուջեից փոխհատուցման) ենթակա շահութահարկի գումարը` կապված.

ա) ժամանակավոր տարբերությունների, կամ

բ) չօգտագործված հարկային վնասը և (կամ) զեղչերը հաջորդ ժամանակաշրջաններ տեղափոխելու հետ[1]։

Ֆինանսական և հարկային հաշվառումների տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական և հարկային հաշվառումների տարբերությունները լինում են ժամանակավոր և մշտական։

Ժամանակավոր տարբերությունը ակտիվի (պարտավորության) հաշվեկշռային արժեքի և հարկային բազայի միջև տարբերությունն է։

Մշտական տարբերությունները այն տարբերություններն են, որոնք հետագա հաշվետու ժամանակաշրջաններում հարկային հետևանքներ չեն առաջացնում։

Ժամանակավոր տարբերությունները կարող են լինել`

  • հարկվող ժամանակավոր տարբերություններ, որոնք հանգեցնում են ապագա ժամանակաշրջաններում հարկվող գումարների առաջացմանը (երբ ակտիվի հաշվեկշռային արժեքը մեծ է հարկային բազայից), և
  • նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություններ, որոնք հանգեցնում են ապագա ժամանակաշրջաններում հարկման նպատակով նվազեցվող (հանվող) գումարների առաջացմանը (երբ ակտիվի հաշվեկշռային արժեքը փոքր է հարկային բազայից, կամ պարտավորության հաշվեկշռային արժեքը մեծ է հարկային բազայից)։

Հարկվող ժամանակավոր տարբերություններ առաջանում են, օրինակ, դեպի վեր վերագնահատումների, հարկային նպատակով արագացված ամորտիզացիայի կիրառման հետևանքով։

Նվազեցվող ժամանակավոր տարբերություններ առաջանում են, օրինակ, դեպի ներքև վերագնահատումների հետևանքով։ Օրինակ` հարկային նպատակներով դուրս գրված (որպես եկամուտ ճանաչված) կրեդիտորական պարտքը, որը դրա մարման պահին ենթակա է հարկային նպատակներով նվազեցման։

Հարկային բազա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկային բազան ներկայացնում է այն գումարները, որոնք ներառվելու են հարկվող շահույթում՝ ակտիվի կամ պարտավորության հաշվեկշռային արժեքը փխհատուցելիս կամ մարելիս։

Ակտիվի հարկային բազան այն գումարն է, որը հարկման նպատակով նվազեցվելու (հանվելու) է ակտիվից ստացվելիք հարկվող տնտեսական օգուտներից։

Պարտավորության հարկային բազան դրա հաշվեկշռային արժեքն է` հանած այդ պարտավորության հետ կապված ցանկացած գումար, որը ապագա ժամանակաշրջաններում հարկման նպատակով նվազեցվելու (հանվելու) է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաձգված հարկերը լինում են 2 տեսակ` հետաձգված հարկային պարտավորություններ և հետաձգված հարկային ակտիվներ։

Հետաձգված հարկային պարտավորություն ճանաչվում է բոլոր հարկվող ժամանակավոր տարբերությունների համար, բացառությամբ նրանց, որոնք առաջանում են`

  • գուդվիլից, որի ամորտիզացիան հարկման նպատակով նվազեցման (հանման) ենթակա չէ,
  • ակտիվի կամ պարտավորության սկզբնական ճանաչումից` այնպիսի գործարքի ներքո, որը` ձեռնարկատիրական գործունեության միավորում չէ, և այդ գործարքի պահին չի ազդում ոչ հաշվապահական շահույթի, ոչ էլ հարկվող շահույթի վրա։

Հետաձգված հարկային ակտիվ ճանաչվում է բոլոր նվազեցվող ժամանակավոր տարբերությունների համար, սակայն միայն այն չափով, որքանով հավանական է ապագա ժամանակաշրջաններում հարկվող շահույթի ստացում, որի դիմաց կարող է օգտագործվել այդ նվազեցվող ժամանակավոր տարբերությունը։ Չեն ճանաչվում այն հետաձգված հարկային ակտիվները, որոնք առաջանում են`

  • բացասական գուդվիլից, որը դիտվում է որպես հետաձգված եկամուտ, և
  • ակտիվի կամ պարտավորության սկզբնական ճանաչումից` այնպիսի գործարքի ներքո, որը` ձեռնարկատիրական գործունեության միավորում չէ, և այդ գործարքի պահին չի ազդում ոչ հաշվապահական շահույթի, ոչ էլ հարկվող շահույթի վրա։

Հետաձգված հարկային ակտիվ ճանաչվում է նաև հաջորդ ժամանակաշրջաններ տեղափոխվող չօգտագործված հարկային վնասի և (կամ) զեղչերի հետ կապված, սակայն միայն այն չափով, որքանով հավանական է ապագա ժամանակաշրջաններում հարկվող շահույթի ստացում, որի դիմաց կարող է այդ հարկային վնասը օգտագործվել։

Գումարների չափման սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաձգված հարկի գումարների չափման ժամանակ կիրառվում են հետևյալ սկզբունքները.

  1. հետաձգված հարկի գումարի չափման ժամանակ օգտագործվում է (են) հարկի այն դրույքը (դրույքները), որոնք ուժի մեջ են հաշվեկշռի ամսաթվի դրությամբ, կամ ըստ էության որոշակի է, որ ուժի մեջ կլինի (կլինեն) այն ժամանակաշրջաններում, երբ ակնկալվում է մարել հետաձգված հարկային ակտիվը կամ պարտավորությունը։ Եթե գործում են կամ ըստ էության որոշակի է, որ կգործեն հարկի մի քանի դրույքներ, ապա պետք է կիրառվի միջին դրույքը,
  2. հետաձգված հարկի գումարը պետք է արտացոլի նաև այն եղանակների հարկային հետևանքները, որոնցով ակնկալվում է, որ հետաձգված հարկային ակտիվը կփոխհատուցվի կամ պարտավորությունը կմարվի,
  3. հետաձգված հարկի գումարները չպետք է զեղչվեն,
  4. յուրաքանչյուր հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունը պետք է ստուգի հետաձգված հարկային ակտիվների արժեզրկված լինելը։ Եթե այլևս հավանական չէ ապագա ժամանակաշրջաններում բավարար հարկվող շահույթի ստացում, որի դիմաց հնարավոր կլինի օգտագործել այդ ակտիվը, ապա դրա հաշվեկշռային արժեքը պետք է նվազեցվի։ Ցանկացած այդպիսի նվազեցում պետք է վերականգնվի այն չափով, որքանով որ հավանական է դառնում բավարար հարկվող շահույթի ստացումը։

Հետաձգված հարկի գումարները պետք է ճանաչվեն ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես շահութահարկի գծով ծախս կամ փոխհատուցում (հետաձգված հարկի մասով), բացառությամբ, նրանցից, որոնք առաջացել են`

  • այնպիսի գործարքից կամ դեպքից, որը ճանաչվել է սեփական կապիտալում (օրինակ` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումները)։ Այս դեպքում հետաձգված հարկի գումարը ճանաչվում է սեփական կապիտալում։
  • իրենից ձեռք բերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորումից։

Դասակարգում, հաշվառում և հաշվանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաձգված հարկային ակտիվները (պարտավորությունները) դասակարգվում են որպես ոչ ընթացիկ ակտիվներ (պարտավորություններ)։

Հաշվառման նպատակով հաշվային պլանում բացված են հետևյալ առաջին կարգի հաշիվները`

  • 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»,
  • 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»։

Կազմակերպությունը պետք է հաշվանցի ընթացիկ հարկային ակտիվները և ընթացիկ հարկային պարտավորությունները, կամ հաշվանցի հետաձգված հարկային ակտիվները և հետաձգված հարկային պարտավորությունները միայն այն դեպքում, երբ ունի գումարները հաշվանցելու իրավաբանորեն ամրագրված իրավունք և մտադիր է կամ մարումը իրականացնել զուտ հիմունքով, կամ իրացնել ակտիվը և մարել պարտավորությունը միաժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թաթուլ Մովսիսյան «Հաշվապահական հաշվառում» (2-րդ լրամշակված հրատարակություն)/-Եր., «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ, 2020, 552 էջ.