Հայրաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայրաբանություն կամ հայրախոսություն (բառացի թարգմանություն հունարեն պատրոլոգիա բարդ բառից, որի տարրերն են՝ πατηvρ (հայր) և λοvγος (գիտություն) բառերը), II-VIII դարերի եկեղեցու հայրերի աստվածաբանական, փիլիսոփայական և սոցիալ-քաղաքական տեսությունների համախմբություն։

Հայրաբանությունն անցել է զարգացման ջատագովության (II-III դարեր), ծաղկման ու համապարփակ տեսության վերածման (IV-V դդ.) և դոգմաների կայունացման ու աստվածաբանության լույսի ներքո գիտությունների օրինակարգման (VI-VIII դդ.) շրջաններ։ Հայաստանում ջատագովական առաջին երկերը վերագրվում են Գրիգոր Լուսավորչին, սակայն հայկական հայրաբանության և ջատագովության հիմնադիր է համարվում Մեսրոպ Մաշտոցը։ IV-V դդ., երբ քրիստոնեությունը դառնում է տիրապետող կրոն, հանդես են գալիս համապարփակ տեսությունների հեղինակներ Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին, Գրիգոր Նյուսացին։ Աստվածաբանության մեջ նորպլատոնականության ներմուծման շնորհիվ հայրաբանությունը դառնում է կուռ համակարգված ուսմունք։ Այդ շրջանի հայրաբանության կարևոր առանձնահատկություններն են սերտ կապը ազատագրական պայքարի հետ, պարսից մազդեզական կրոնի քննադատությունը և եկեղեցու գաղափարական հիմքերի ամրապնդումը։ VI-VII դդ. կարևոր տեղ են գրավել միաբնակության և երկաբնակության հետևորդների վեճերը, թարգմանական գրականությունը։ Հայրաբանության զարգացմանը նպաստել է նաև Հովհաննես Գ Օձնեցին։

Տարբերում են հայրաբանության հունական և լատինական ուղղությունները՝ ըստ հեղինակի ծննդյան վայրի և լեզվի։ Հունական հայրաբանությունը ժամանակագրական առումով ընդգրկում է մ.թ. 80–90-ական թթ-ից մինչև Հովհան Դամասկոսցու (մահացել է 749 թ.), իսկ լատինականը՝ մինչև Իսիդոր Սևիլացու (մահ. 636) ժամանակաշրջանը։

Տարբերում են հայրաբանական գրականության զարգացման երեք հիմնական շրջան.

  1. նախանիկիական շրջան (80/90–325),
  2. ոսկեդար (325–451)
  3. անկման շրջան (451–749)

Հայրաբանությունը Հայաստանում հիմք հանդիսացավ փիլիսոփայական և աստվածաբանական մտքի ավանդույթների ձևավորման համար, որը մեծ ազդեցություն գործեց ողջ միջնադարյան գրականության ու գիտության վրա։

Պատրիստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիստիկայի վաղ շրջանի ներկայացուցիչներն են ջատագովներ Արիստիդեսը, Ցուստինոս Վկան, Տատիանոսը, Տերտուլիանոսը, Իրենեոսը, Հիպպոլիաոսը, Լակտանտիոսը։ Արդեն այս շրջանում առաջ են քաշվել պատրիստիկայի հիմնական դրույթներն ու գաղափարները՝ հավատի գերազանցությունը գիտության հանդեպ, աշխարհի՝ աստծու կողմից արարվելը, աստծու էության՝ որպես գերագույն գոյի, անվերապահ ընդունումը, միաստվածության սկզբունքի պաշտպանությունը՝ ի հակադրություն բազմաստվածության և դուալիստական կրոնների ու փիլիսոփայության։ Անտիկ փիլիսոփայության հանդեպ եկեղեցու ժխտական վերաբերմունքը հետագայում մեղմանում է․ նրանք սկսում են օգտագործել հին հուն, իդեալիստական ուսմունքները իրենց աստվածաբանության հիմնավորման համար։ Դա առավելապես վերաբերում է 3-րդ դարի Ալեքսանդրյան դպրոցին Կղեմես Ալեքսանդրացու և Որոգինեսի ուսմունքներին, որոնցում քրիստոնեական դավանանքը ենթարկվում է փիլիսոփայական հայեցողական մշակման և համակարգման։

Պատրիստիկայի մեջ թափանցում են պլատոնականության և ստոիկության դրույթները։ 4-րդ դար, երբ քրիստոնեությունը դառնում է իշխող կրոն, պատրիստիկա թևակոխում է իր ծաղկման շրջանը, հանդես են գալիս համապարփակ տեսությունների հեղինակներ Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին, Գրիգոր Նյուսացին՝ Արևելքում (կապադովկյան դպրոց), Օգոստինոսը՝ Արևմուտքում։ Այս շրջանում աստվածաբանության մեջ նեոպլատոնականության ներմուծման շնորհիվ սկսում է շեշտակի բարձրանալ պատրիստիկայի մակարդակը։ Այդ երևույթը գագաթնակետին է հասնում Դիոնիսիոս Արեոպագացուն վերագրված երկերում՝ «Արեոպագիտիկաներում» և դրանց հետևող Մաքսիմոս խոստովանողի գրվածքներում, ձևավորվում է քրիստոնեական նեոպլատոնականությունը։ 5-6-րդ դարերում, դավանաբանական վեճերի հետևանքով, առաջնակարգ նշանակություն է ստանում քրիստոնեաբանական պրոբլեմը՝ Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունների փոխհարաբերության հարցը։ Մեծ կարևորություն է տրվում նաև սուրբ Երրորդության դեմքերի առնչակցությանը, որը լուծվում է հօգուտ աստվածային երրորդության միասնության և Քրիստոսի երկու բնությունների հակադրամիասնության։ Բարոյագիտության կան և սոցիալ-քաղաքական կարևոր տեղ են գրավում հոգու և մարմնի, աշխարհիկ և հոգևոր իշխանության, կամքի ազատության, մեղքի ու փրկության և այլ խնդիրներ, որոնք մշակվել են միջնադարյան փիլիսոփայության մեջ նաև պատրիստիկայի մայրամուտից հետո։

Առաքելական այրեր և ջատագովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական հայրաբանության հիմնական ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատինական հայրաբանության հիմնական ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց եկեղեցու հայրեր և աստվածաբաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրաբանություն» հոդվածին։