Հայկ Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Ասատրյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1900(1900-02-05)
ԾննդավայրԱլաշկերտ, Աղրըի մարզ, Թուրքիա
Մահացել էհունվարի 13, 1956(1956-01-13) (55 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
Մասնագիտությունփիլիսոփա
ԿուսակցությունՀՅԴ
 Hayk Asatryan Վիքիպահեստում

Հայկ Կիրակոսի Ասատրյան (փետրվարի 5, 1900(1900-02-05), Ալաշկերտ, Աղրըի մարզ, Թուրքիա - հունվարի 13, 1956(1956-01-13), Սոֆիա, Բուլղարիա), հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Ասատրյանը ծնվել է 1900 թվականի փետրվարի 5-ին Ալաշկերտի գավառի Երից գյուղում։ Արմատները Տարոնից են։ 8 տարեկանում կորցրել է հորը ( հայրը՝ Կիրակոսը, գյուղապետն էր) և քրոջ ու եղբոր հետ մնացել է մոր խնամքին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթություն է ստացել ծննդավայրում, որն ավարտելուց հետո համալրել է ՀՅԴ Աշակերտական միության շարքերը։ Այնուհետև իր ուսումը շարունակել է Երևանի թեմական դպրոցում։ Հայկ Ասատրյանը՝ որպես պատգամավոր Աշակերտական կազմակերպությունից, մասնակցել է ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովին։ 1918-1919 թվականներին նրա ջանքերով Երևանում լույս է տեսնում ՀՅԴ Աշակերտական միության օրգան «Շանթ» թերթը[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է 1921 թվականի փետրվարյան ապստամբությանը, ապա ձերբակալումից ազատվելու համար հաստատվել է Թավրիզում, այստեղ է եկել նաև Նժդեհը և միասին գնացել են Եվրոպա։ Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը և Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումով (1930)։

Այնուհետև Հ. Ասատրյանը մեկնել է Բուլղարիա, որտեղ ապրել է Գ. Նժդեհի հետ։ Ապա որպես ուսուցիչ՝ աշխատել է Սոֆիայի Գևորգ-Մեսրոպ ճեմարանում։ 1932 թվականին Հ. Ասատրյանի խմբագրությամբ լույս է տեսել «Խռովք» գիտական ամսագիրը։ 1933 թվականին Սոֆիայում հրատարակել է «Ցեղանենգ շեյթան»-ը և «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության և Մայիս 28-ի մասին» գրքույկները։

Հայկ Ասատրյանը զբաղվել է կուսակցական գործունեությամբ, եղել է ՀՅԴ Բալկանների կենտկոմի անդամ՝ քարտուղար, ունեցել է տարաձայնություններ գործընկերների հետ, որի հետեւանքով հեռացվել է կուսակցությունից (1935 թվական)։ Ասատրյանը ՀՅԴ-ից հեռացվել է ավելի շուտ քան Նժդեհը։

Եղել է Գարեգին Նժդեհի հիմնադրած Ցեղակրոնության գաղափարակիցը։ Խմբագրել է պարբերականներ, հատկապես նշանավոր «Ռազմիկ» կիսաշաբաթաթերթը, Նժդեհի հետ միասին (1937-1944 թվականներին)։ Համատեղ հիմնադրել և քարոզել են Տարոնական շարժում կամ Տարոնականություն հայրենասիրական գաղափարական հոսանքը, տպագրել «Ցեղ և հայրենիք» ամսագիրը։

Գործուն մասնակցություն է ունեցել ֆաշիստական այն քարոզչության ժխտման գործում, որի համաձայն իբրև թե հայերը ոչ թե հնդեվրոպական (արիական), այլ սեմական ծագում ունեն, և որը կարող էր սպառնալիք դառնալ հայերի ջարդի համար, ինչպես այդ տեղի ունեցավ հրեաների հետ։ Հայկ Ասատրյանը հանդես է եկել «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքով, որի առաջին մասը լույս է տեսել 1943 թվականին Սոֆիայում, Նժդեհի առաջաբանով, իսկ երկրորդ մասը մնացել է անտիպ։ 1944 թվականին Բուլղարիայում ձերբակալվել է «Սմերշի» կողմից, դատապարտվել է տասը տարվա ազատազրկման և մինչև 1955 թվականը տառապել խորհրդային բանտերում[2]։

Մահացել է 1956 թվականի նոյեմբերի 13- ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։

Գրականություն Հայկ Ասատրյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուշեղ Լալայան, Տարոնական շարժումը։ Հայկ Ասատրյան, Երևան, 2002։
  • «Ցեղակրան և Տարոնական շարժումները», Մուշեղ Լալայան, Երևան, 2011

Հրատարակված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության և Մայիս 28-ի մասին, 1933։
  • Արթացի՛ր, հայ մարդ, Երևան, 1998։
  • Հայաստան։ Արիական նախադիրք Առաջաւոր Ասիայում, Ա գիրք, 1942 (Բ գիրքն անտիպ է), վերահրատ՝ 2000:
  • Հայկ Ասատրյան, Հատընտիր։ Երևան, 2004։

Հայկ Ասատրյանի մտքերից[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հոգեբանորեն ստրուկը նա չէ, որին քաղաքականորեն ծանր մի դրություն է պարտադրված, այլ նա՛, որ անձնիշխան դառնալու խռովք չունի։
  2. Ուրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք մրափում ենք աղետից հետո էլ։
  3. Ո՛ւր շատ միություններ կան, այնտեղ չկա միություն, ուր շատ փառավորյալներ կան, այնտեղ չկա փառք։
  4. Առա՛նց ինքնահաղթահարման անկարելի է որևէ այլահաղթահարում։
  5. Ազգերի պատմությունը գրվում է ցեղի արյունով և ոգու տանջանքով, բայց ո՛չ` ժողովրդի քրտինքով և հացի ժխորով։
  6. Մարդկային ամեն նախիր բարոյական ուժ չէ, ո՛չ էլ «կուծանա՜ նք» աղաղակը` քաղաքական գործ։ Բարոյական ուժ է միայն ցեղը, և քաղաքական գործ` միայն հայրերի պատիվն ու ոգին հավերժացնելու ճիգը։
  7. Մեր եսի խորագույն էության մեջ մենք հող չենք, որ հող դառնանք, այլ` ոգի, որ ոգի մնանք։
  8. Հայը խորքով է արժեքավոր, թուրքը` մակերեսով։
  9. Նորաստեղծվի՛ր` այրելով մեջդ ինչ որ զզվելի է։ Նորաստեղծվի՛ր` վառելով մեջդ ինչ որ վսեմ է։
  10. Մեռնում են նրանք, որոնք իրենց ինքնանպատակ են դարձնում, աստվածացնում, և նրանք, որոնք կտրվում են նպատակից, Աստծուց[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ցեղակրոնություն և Տարոնականություն.pdf». Google Docs. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2010 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  3. «Հայը խորքով է արժեքավոր, թուրքը` մակերեսով… Հայկ Ասատրյանի ծննդյան օրն է» (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ փետրվարի 5. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]