Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի պատվավոր կոչում։ Հիմնադրվել է 2002 թ. ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով։ Վերասահմանվել է 2004 թ. հունիսի 11-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Կրկին վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին Հայաստանի Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով։

Կոչման կարգավիճակը և կոչում ստացողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է գիտնականներին, գիտական աշխատողներին՝ արժեքավոր գիտական աշխատությունների, հատկապես կարևոր գիտական հայտնագործությունների և գյուտերի, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։

2014 թ. օրենսդրական փոփոխությունների արդյունքում այս կոչման կարգավիճակը չի փոփոխվել[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Կոչման շնորհման միջնորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհում է պատվավոր կոչումներ անձնական նախաձեռնությամբ, նաև պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Այլ կերպ ասած, միջնորդություն ներկայացնել կարող է ոչ թե Կառավարությունը, այլ պաշտոնատար անձինք։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ ՀՀ Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի ՆՀ-396 հրամանագրի համաձայն, կոչումը շնորհելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։

Շնորհագիր և կրծքանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ. կոչմանն արժանացած անձանց շնորհվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր և կրծքանշան։ «ՀՀ գիտության վաստակավոր գործիչ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով։

Շրջանի տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ գիտության վաստակավոր գործիչ» գրությամբ։ Խորհրդանիշից ձախ դաջված է լատիներեն «PER ASPERA AD ASTRA» ասացվածքը, որը թարգմանաբար նշանակում է «Փշերի միջով՝ դեպի աստղեր»։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից հետո հանձնվող շնորհագրի և կրծքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

ՀՀ գիտության վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով։ Շրջանի տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Խորհրդանիշից ձախ դաջված է լատիներեն «PER ASPERA AD ASTRA» ասացվածքը, որը թարգմանաբար նշանակում է «Փշերի միջով՝ դեպի աստղեր»։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ[3]։

Կոչման շնորհման վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) կոչումը շնորհվել է 59 անձի։

Կոչում ստացած 59 անձանցից 55-ը տղամարդ են, 4-ը՝ կին։

Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.

  • 2008 թ. - 2,
  • 2009 թ. - 9,
  • 2010 թ. - 9,
  • 2011 թ. - 14,
  • 2012 թ. - 6,
  • 2013 թ. - 10,
  • 2014 թ. - 8,
  • 2015 թ. - 1 անձի։

Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչների ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]