Կովկասյան կատվաօձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովկասյան կատվաօձ
Կովկասյան կատվաօձ
Կովկասյան կատվաօձ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Վերնաընտանիք Colubroidea
Ընտանիք Լորտուներ (Colubridae)
Ենթաընտանիք Colubrinae
Ցեղ Կատվաօձեր (Telescopus)
Տեսակ Կովկասյան կատվաօձ (T. fallax)
Միջազգային անվանում
Telescopus fallax
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Կովկասյան կատվաօձ կամ Իբերական կատվաօձ (լատին․՝ Telescopus fallax), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի կատվաօձերի ցեղի օձ։ ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի հիմնականում նախալեռնային շրջաններում, երբեմն նաև՝ լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, թփուտային, չոր նոսրանտառային բուսականությամբ ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում։

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (14-80 սմ), պոչը 4-5 անգամ կարճ է։ Մարմինը բարեկազմ է։ Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է խոշոր փայլուն վահանիկներով։ Աչքերը թեթևակի արտափքված են, դեղնավուն կամ վարդագույն ծիածանաթաղանթով, բիբը օվալաձև է, ուղղահայաց։ Մարմնի թեփուկները հարթ են ու փայլուն։ Մեջքը մոխրագույն է, գորշավուն, երբեմն՝ վարդագույն՝ ծածկված թույլ արտահայտված մուգ գծերից կազմված շղթայանման նախշով։ Բծերը շեկից մուգ շագանակագույն, մուգ մոխրագույն կամ սև։ Նույն գույնի ավելի մանր բծերի մեկական շարք կա մարմնի կողմնային մակերեսներին։ Որովայնային մակերեսը բազմաթիվ սև կետերի շնորհիվ ստանում է սև գունավորում, միայն որովայնային վահանիկների եզրային մասերն ու ստորին ծնոտի վահանիկներն են մնում սպիտակ։ Սնվում է հիմնականում մողեսներով, երբեմն նաև թռչունների ձագերով ու մանր կրծողներով։ Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է երկարավուն (27-35х10-13 մմ) 6-9 ձու։ Ձագերը ծնվում են սեպտեմբերին։ Խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտական նպատակով։ Վերին ծնոտի հետևի մասում ունի 2 զույգ ակոսավոր թունամուղ ատամներ։ Թույնն ունի նյարդարգելակիչ ազդեցություն։ Մարդուն գրեթե չի կծում, իսկ կծածը մարդու և կենդանիների կյանքի համար վտանգավոր չէ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են հյուսիսային Իրանում, Իրաքում, Փոքր Ասիայի արևելյան մասում, Հյուսիսային Սիրիայում, Ադրբեջանում, Դաղստանում, Վրաստանում, Հայաստանում։ Տեսակի արեալը ներառում է նաև Բալկանյան թերակղզին, Էգեյան և Միջերկրական ծովերի մի շարք կղզիներ, Լիբանանը և Իսրայելը։ Հայաստանի հարավում հայտնի է Արաքսի, հյուսիսում` Քուռի հովտից և նախալեռներից[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հաճախ հանդիպում է թփուտներով և խոտաբուսածածկով լեռների քարքարոտ լանջերին, լեռնաքսերոֆիտային տափաստանների քարքարոտ տեղամասերում, գիհու նոսրանտառներում, մշակված լանդշաֆտներում, պտղատու և խաղողի այգիներում, նաև՝ բաց, օշինդրային և աքիլեյան կիսաանապատներում։ Չի խուսափում մարդու մոտիկությունից, հաճախ հանդիպում է տների տանիքներում, քարե պատերի ու ցանկապատերի ճեղքերում։ Որպես թաքստոց օգտագործում են ժայռերի ճեղքերը, խորշերը քարերի տակ և տարբեր փորող կենդանիների բները։ Հայտնի է մինչև ծովի մակարդակից 2000 մ բարձրությունների վրա[1]։

Գարնանը դուրս է գալիս մարտի սկզբին-կեսերին, ձմեռման է անցնում սեպտեմբերի վերջին-հոկտեմբերին։ Հեշտությամբ մագլցում է ծառերի և շենքերի պատերի վրա։ Ժամանակի մեծ մասն անց է կացնում քարերի տակ։ Սնվում է հիմնականում մողեսներով, երբեմն` կրծողներով։ Հայաստանում բազմացման տվյալները բացակայում են։ Արեալի այլ հատվածներում էգը հունիսի վերջին-հուլիսի սկզբին դնում է 6-9 ձու։ Ձագերը դուրս են գալիս սեպտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակն ամենուրեք ցածր է։ Գարնանը «Խոսրովի անտառ» արգելոցում ցերեկային երթի ժամանակ կարելի է հանդիպել 1-2 առանձնյակ, այլ վայրերում` ոչ միշտ։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում ապօրինի որսը և բնորոշ ապրելավայրերի յուրացումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում։ Անհրաժեշտ է պահպանության տակ վերցնել Հայաստանի հյուսիսում գտնվող մեկուսացված պոպուլյացիաները (արգելավայրերի ստեղծում), սահմանել խիստ վերահսկողություն այս տեսակի ապօրինի որսի նկատմամբ[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arnold EN, Burton JA. 1978. A Field Guide to the Reptiles and Amphibians of Britain and Europe. London։ Collins. 272 pp. + Plates 1-40.
    ISBN 0-00-219318-3. (Telescopus fallax, pp. 207–210 + Plate 38, Figures 4a, 4b + Map 120).
  • Fleischmann FL. 1831. Dalmatiae Nova Serpentum Genera. Erlangen, Germany։ C. Heyder. 35 pp. (Tarbophis fallax, new species, p. 18).