Կոնստանտին Սարաջև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Սարաջև
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 9, 1877(1877-10-09) կամ սեպտեմբերի 26, 1877(1877-09-26)
Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 22, 1954(1954-07-22)[1] (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, համալսարանի դասախոս, պրոֆեսոր, երաժշտության ուսուցիչ և ջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ

Կոնստանտին Սողոմոնի Սարաջև (Սարաջյան), (հոկտեմբերի 9, 1877(1877-10-09) կամ սեպտեմբերի 26, 1877(1877-09-26), Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 22, 1954(1954-07-22)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային դիրիժոր, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945)։ Աշխատանքի հերոս (1921

Կյանքը և գործուներությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Սարաջևի հուշատախտակը Երևանում

1898 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Ի․ Վ․ Գրժիմալիի ջութակի դասարանը (կոնտրապունկտ ուսումնասիրել է Ս․ Ի․ Տանեևի մոտ)։ 1900 թվականից՝ Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայի նվագախմբի կոնցերտմայստեր։ 1905-1906 թվականներին Լայպցիգում պարապել է Ա․ Նիկիշի մոտ (դիրիժորություն)։ 1908 թվականից Մոսկվայում հանդես է եկել որպես մենակատար-ջութակահար, նվագել կամերա-գործիքային անսամբլներում, ժողովրդական կոնսերվատորիայում վարել ջութակի և երաժշտական գրագիտության դասեր, ղեկավարել է հանրամատչելի սիմֆոնիկ համերգներ Սոկոլնիկիում (1908, 1910, 1911), օպերային ներկայացումներ Սերգիևո Ալեքսեևյանի տանը (1911-1912), գլխավորել «Ազատ թատրոնի» երաժշտության մասը (1913-1914)։ Սարաջևը դասական երաժշտության խոր գիտակ և լուրջ մեկնաբան էր, ժամանակակից երաժշտության անխոնջ պրոպագանդող։ Նրա ղեկավարությամբ են առաջին անգամ հնչել Ն․ Մյասկովսկու, Ս․ Պրոկոֆևի, Դ․ Շոստակովիչի շատ սիմֆոնիկ երկեր։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Սարաջևը ակտիվորեն մասնակցել է սովետական երաժշտական կյանքին։ 1918-1919 թվականներին Սարատովում վարել է սիմֆոնիկ համերգներ, ղեկավարել Սովետական օպերայի թատրոնը, դասավանդել կոնսերվատորիայում։ Դոնի Ռոստովում կազմակերպել է սիմֆոնիկ նվագախումբ և օպերային թատրոն, եղել է Ազով Սևծովյան նավատորմի նվագախմբի դիրիժոր, ստեղծել է կամերա-գործիքային անսամբլ։ 1922 թվականին Ա․ Վ․ Լունաչարսկու հրավերով տեղափոխվել է Մոսկվա։ 1922-1935 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (վարել է նվագախմբային, խմբավարական, օպերային դասարանները, դասավանդել երաժշտա-տեսական առարկաներ, պարտիտուրի ընթերցում)։ Հատկապես մեծ դեր է խաղացել դիրիժորական կադրերի պատրաստման գործում։ Աշակերտներից են Գ․ Բուդաղյանը, Լ․ Գինզբուրգը, Մ․ Պավերմանը, Բ․ Խայկինը, Ցու․ Տիմոֆեևը և ուրիշներ։ Ղեկավարել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը (1922-1924, ռեկտոր), սիրողական սիմֆոնիկ նվագախումբ (1924-1935, 1926 թվականից՝ Սարաջևի անվան)։ Սովետական կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ հանդես է եկել Վիեննայում և Պրագայում (1927)։ Սարաջևի դիրիժորական արվեստն աչքի է ընկել վառ Կ․ Ս․ Սարաջև արտիստականությամբ, դասական խստությամբ, կատարվող ստեղծագործության գաղափարա-գեղարվեստական մտահղացման բացահայտման խորությամբ։ 1935 թվականից ապրել է Երևանում, ծավալել բազմակողմանի ստեղծագործական և կազմակերպչական գործունեություն․ 1935-1939-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, մասնակցել է Ա․ Դարգոմիժսկու «Ջրահարսը» (1938) օպերայի, Բ․Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (1939), Ա․ Խաչատրյանի «Երջանկություն» (1939) և «Գայանե» (1947) բալետների բեմադրություններին։ 1941 թվականից՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Լայնորեն պրոպագանդել է հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը։ 1936-1954 թվականներին՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր (1936-1937 թվականներին և 1940-1954 թվականներին՝ տնօրեն)։ Սաներից են՝ Արամ Քաթանյանը, Յուրի Դավթյանը, Հակոբ Ոսկանյան[2][3]։ Սարաջևի անունով Երևանում կոչվել է երաժշտական դպրոց։

Կոնստանտին Սարաջևի որդին է երաժշտության տեսաբան, կոմպոզիտոր Կոնստանտին Սարաջևը (Սարաջյան)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի 2 շքանշաններ
  • Աշխատանքի հերոսի կոչում, 1921
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1945
  • ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործչիչ

Մեջբերումներ Կոստանտին Սարաջևի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր արժեքավոր խորհուրդներով Կոստանդին Սարաջևը վայելում էր երաժիշտների մեծ սերն ու հարգանքը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգ Տիգրանյան, «Հայ երաժիշտ կատարողներ», Կոնստանդին Սողոմոնի Սարաջյան(Սարաջև) -- 1877-1954 | Երաժշտություն | Հայ անվանի երաժիշտներ, 1961, Հայպետհրատ, Երևան[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Сараджев Константин Соломонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Կոնստանդին Սարաջյան (1877-1954)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II, Սարաջև Կոստանդին
  5. «Հայ երաժիշտ կատարողներ», Կոնստանդին Սարաջյան(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 212